Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Վաշինգտոնյան հռչակագրից հետո ընկած ժամանակահատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան ոչ միայն չի փոխել հռետորաբանությունը, այլ նաև նույն ինտենսիվությամբ առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» կեղծ անվանումը։
Այսօր, մասնավորապես, Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները տարածում են տեղեկատվություն, որ Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը։
Կարծում եմ, ոչ մի կասկած չի կարող լինել, որ դա արվել է հենց Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից և շարունակությունն է Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմի։
Կարդացեք նաև
Մինչդեռ #CivilNetCheck-ը ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն սխալ է։
Ադրբեջանական հոդվածը հրապարակվել է 2023-ի հոկտեմբերին
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ադրբեջանական Musavat-ի հոդվածը, որի էկրանապատկերը տարածվել է հայկական լրատվամիջոցներում, հրապարակվել է ոչ թե վերջերս, այլ դեռ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ադրբեջանական հայտնի քարոզչական աղբյուրները վերջին շրջանում նման տեղեկություն չեն տարածել։

Ավելին, Google Maps-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սյունիքի հարավում՝ հայ-իրանական սահմանի երկայնքով «Zangezur Corridor» կամ համանման որևէ նշում ներկայում առկա չէ։ Սա հաստատվում է քարտեզի դիտարկմամբ ինչպես Հայաստանից, այնպես էլ ադրբեջանական IP հասցեից։
Պետք է նկատի ունենալ, որ Google Maps-ը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ առաջարկել փոփոխություններ, այդ թվում՝ ավելացնել նոր տեղանուններ կամ նշումներ։ Այս հնարավորությունը պարբերաբար օգտագործվում է տարբեր կողմերից՝ քարոզչական նպատակներով։
Ուշագրավ է նաև, որ հայաստանյան նույն լրատվամիջոցները նույն տեղեկությունը հայկական տիրույթում շրջանառել էին նաև 2023-ի հոկտեմբերին։ Ավելի վաղ՝ 2021-2022 թվականներին, ևս գրանցվել էին բազմաթիվ նման դեպքեր, երբ ադրբեջանցի առցանց «ակտիվիստները» փորձում էին ադրբեջանական տեղանուններ և նշումներ ավելացնել Հայաստանի տարածքում։
Եռակողմ հռչակագիրը և «Զանգեզուրի միջանցքի» հռետորաբանությունը
Իրանագետ Ոսկանյանի գրառումը վերաբերում էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, որով Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը պայմանավորվածություն ձեռք բերեցին տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների վերաբացման շուրջ։ Հռչակագրում նշվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին, որի շրջանակում, այդ թվում, պետք է անխոչընդոտ հաղորդակցություն լինի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Ադրբեջանական պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցների դիտարկումը ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ից հետո ադրբեջանական հռետորաբանությունը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցք» տերմինից, այլ կիրառում է երկակի մոտեցում։ Միջազգային լսարանի համար հաճախ օգտագործվում է «TRIPP» անվանումը, իսկ ներքին լսարանի համար շարունակվում է «Զանգեզուրի միջանցք» տերմինի լայն կիրառումը՝ երբեմն այն վերաձևակերպելով այլ հիբրիդային անվանումներով՝ «Զանգեզուր TRIPP միջանցք» և այլն։
Այսպիսով, տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին։