Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դիտավորյալ ձախողել է Հայաստանում արցախահայերի ինտեգրացիայի ծրագիրը. Լևոն Զուրաբյան

Օգոստոս 21,2025 17:08

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի շարունակություն արցախահայերի խնդիրներով պետական հատուկ մարմին ստեղծելու Տեր-Պետրոսյանի բարձրացրած թեմայի` տեղեկացնում եմ, որ մեր շատ վստահելի աղբյուրների համաձայն, 2023 թվականին` արցախահայերի էթնիկ զտումից անմիջապես հետո` էկոնոմիկայի նախարարությունը, աշխարհահռչակ խորհրդատվական ՄակՔինզի ընկերության հայազգի գործընկերների հետ համատեղ , մշակել էր «80-80-80» վերնագրով արցախահայերի ինտեգրացիայի ծրագիրը:

Մեկամսյա մանրակրկիտ համատեղ աշխատանքի արդյունք` 200-էջանոց այդ ծրագիրը նախատեսում էր հատուկ մարմնի ստեղծում, որը պիտի զբաղվեր արցախահայերի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ վարչական ինտեգրացիայով Հայաստանում, ներառյալ աշխատանքային զբաղվածությամբ եւ կացարաններով ապահովումը, պետական կառավարման մարմիններում նրանց ընդգրկումը, հատուկ շինարարության պլանավորումը:

Ծրագրի գլխավոր թիրախներն էին` կարճաժամկետ` երկու տարվա հեռանկարում, ապահովել , որ 1) արցախահայերի առնվազն 80% մնան Հայաստանում, 2) առնվազն 80% արցախահայերը բնակարաններ ստանան Հայաստանի մարզերում, 3) աշխատունակ արցախահայերի առնվազն 80% ապահովվեն մշտական աշխատանքով` ըստ իրենց կրթության և հմտությունների (այստեղից էլ «80-80-80» անվանումը): Ծրագրի իրականացումը պետք է, ըստ հաշվարկների, ապահովվեր տարեկան ՀՆԱ-ի հավելյալ 3-4 % աճ:

Որպեսզի այս թիրախներն ապահովվեին, առաջարկված կառույցում պետք է ստեղծվեր ցածր մակարդակի մենեջերների 1000-հոգանոց կազմ` այն հաշվարկով, որ արցախահայերի ամեն 25 ընտանիքի ինտեգրացիայի գործերով զբաղվեր անհատական մի մենեջեր, ինչը կապահովեր պետական մարմինների աշխատանքի բարձր կոորդինացիա և աջակցության հասցեականություն:

Այս ծրագիրը շատ կոպիտ ձևով մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից բացառապես քաղաքական մոտիվներով, քանի որ նա արցախահայերին ընկալել ու շարունակում է ընկալել որպես իր իշխանության դեմ խիստ բացասական տրամադրված զանգված, որից հնարավորինս շուտ պետք է ազատվել:

Արդյունքում մենք ունենք արցախահայերի հսկայական և անվերադարձ արտագաղթ, տնտեսությունը զարգացնելու ևս մեկ կորսված հնարավորություն և քաղաքական լարվածության ևս մեկ օջախ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031