Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ին հեռավոր «Ալբանիայի» խնդիրը չի հետաքրքրում

Օգոստոս 22,2025 10:00

Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղություն հաստատած» եւ այդ առիթով Նոբելյան մրցանակի առաջարկված Դոնալդ Թրամփը չի կարողանում արտասանել կամ չի հիշում այն երկրների անունները, որոնց նա իբր «բարիշացրել» է, չի խոսում ԱՄՆ նախագահի տարիքային խնդիրների, ոչ էլ՝ մեր պետությունների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին:

Դա նշանակում է միայն մի բան՝ ԱՄՆ-ի համար իրավիճակը Հարավային Կովկասում պայմանավորված չէ մեր ու Ադրբեջանի հարաբերություններով՝ չնայած անձամբ Թրամփն, իհարկե, ցանկանում է ամեն տեղ հայտարարել, որ նա ողջ աշխարհում խաղաղություն է հաստատել, այդ թվում հեռավոր «Աբեր-բեջանի» եւ «Ալբանիայի» միջեւ:

Բայց ԱՄՆ-ը կայացած, ժողովրդավարական երկիր է, իսկ դա, մասնավորապես, նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա եւ ամբողջապես պայմանավորված չէ առաջին դեմքի ամբիցիաներով: ԱՄՆ պետական շահերից բխում է, իհարկե, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվի, բայց այդ երկրի գլխավոր խնդիրն այն չէ, որ մենք իրար վրա չկրակենք, այլ՝ Իրանին մեկուսացնելն է: Դրա մասին ավելի քան 30 տարի առաջ խոսում էր Պետդեպի հետ սերտորեն համագործակցող վերլուծաբան Փոլ Գոբլը: Պետական-ինստիտուցիոնալ հիշողությունը հենց դա՛ է նշանակում՝ ծրագրերը մշակվում են տասնամյակների համար:

Իսկ իրականում խաղաղություն կհաստատվի, թե ոչ, դա, մեծ հաշվով, ոչ մեկին, բացի մեզնից ու ադրբեջանցիներից, չի հետաքրքրում: Ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի՝ ոչ մեկի համար դա առաջնահերթություն չի: Եվ չի կարող լինել. միջազգային քաղաքականությունն այդպես չի աշխատում, եւ կարիք չկա ոչ մեկից նեղանալու:

ԱՄՆ-ի երկրորդ՝ պակաս կարեւոր նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է: Այդ երկու նպատակներն էլ, պետք է ասել, հաջողությամբ իրականացվում են: Իրանը թուլացել է Իսրայելի հարվածներից, Ռուսաստանը՝ իր իսկ սանձազերծած պատերազմից, եւ առայժմ չի երեւում, թե ինչպես են նրանք այստեղ դիմադրելու Արեւմուտքին:

Արդյոք այս իրավիճակը հավերժ է լինելու: Կարծում եմ՝ ոչ: Այդ մեր իշխանություններն են, որ մտածում են նախընտրական ցիկլերով, իսկ թե ինչ կլինի 5-10 տարի հետո, ոչ ոք չի կարող ասել:

ԱՄՆ-ը, բնականաբար, «անձամբ» չի իրականացնի իր քաղաքականությունը: Այստեղ նա ունի «օպերատոր»՝ Թուրքիան: Ի դեպ, հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի է ունենալու Անկարայում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նոպելյան մրցանակը մէկդի դնելով, Թրամփին համար – եւ իր երկրին համար – հետաքրքրական է՝ խաղաղութիւնը, աշխարհի որեւէ տեղ, որովհետեւ դա նպաստաւոր է՝ պիզնեսս անելու: Խոշոր տարողութեամբ, հասոյթաբեր, Պիկ Պիզնես:

    Այո, կար ժամանակ, երբ պատերազմն է որ նպաստաւոր էր՝ առեւտուրի համար:

    Այժմ այդպէս չէ, կամ՝ լրիւ այդպէս չէ: Ամէն դէպքում, Թրամփին համար, դա այդպէս չէ: Ի տարբերութիւն ԱՄՆ Deep Stateի անդամներուն, որոնք նաեւ այս պատճառով է որ կ’ատեն Թրամփը, յաջողեցան խա’փանել իր առաջին վարչակարգը, ամէն կերպ ջանացին կանխել իր վերադարձը իշխանութեան գլուխը, եւ հիմա էլ անդադար կռիւի մէջ եհն իր հետ:

    Այսօր արդէն Ճօն Պօլթընին տունը կը խուզարկէ Թրամփին FBIը…

    ՀՀի խնդիրը, Թրամփը չէ: Փաշինյանն է: Եօթը տարիներէ ի վեր: Եւ դիմացը չկայ՝ բաւարար ուժ:

    Մինչ, ոեւէ հայի համար շատ դժուար դարձած է պաշտպանել Ռուսաստանի հետ ՀՀի դաշինքը, նկատի ունենալով թէ ինչպէս այդ պետութիւնը չուզեց – կամ չկարողացաւ – տէր կանգնիլ Անդրկովկասի հայերին:

    Մ. Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Եթէ ամէն եկրիր ունենար Թրամփի նման ղեկավար մը, այս աշխարհը շատ աւելի լաւ տեղ մը կը դառնար:

  2. Շատ ակտուալ հարցադրում է:

    Այո, մեկ մերձեցման գրկախառնվելը հետապնդեց երկու երկարաժամկետ նպատակ`
    ա) մեկուսացնել Իրանը, որ Իսրայելը ծավալի պատերազմ Իրանի դեմ (ինչպես Ալեն Սիմոնյանը իր ուժայիններին ասաց, որ պահեն մարդու ձեռքերը, հետո թքեց մարդու երեսին) և
    բ) թուլացնի Ռուսաստանը, որ Ղրիմը հանձնվի Թուրքիային որպես ավար-շնորհակալություն: Հեռու չի 19րդ դարում Ֆրանսիա-Բրիտանիա-Իտալիա ալիանսի օժանդակումը Թուրքիային Ղրիմի համար Ռուսաստանի դեմ պատերազմում:

    Հարգելի Արամ, իմ հասկանալով, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, որը հրահրեցին (provoked) Է. Բլինքենը և Լ. Թրասը չի ավարտվի այնքան ժամանակ քանի Իսրայելը (=ԱՄՆ) չի հաղթանակել Իրանին: Սա էլ ի հաստատում երկարաժամկետ ինստիտուցիոնալ արտաքին քաղաքանության Ձեր հիշատակմանը:

  3. Իսկ ինչքա՞ն է մեր քաղակական էլիտայի էներգիայի պաշարը.

    ա) Սուրեն Սուրենյանց` Անկախության Հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում: Իսկ ինչու ոչ ուղեղում, կամ… Ինչո՞վ եք ապահովելու այդ ‘պետք’-ը: Օրինակ այսօր Jean-Luc Mélenchon-ը կոչ է արել համազգային գործադուլի: Բայց դե ինքը ունի իր կազմակերպված կողմակիցներ ամեն շխատեղում:

    բ) Արամ Մանուկյան` Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիր կա: Ո՞ւնեք մասնագիտորեն հաշվարկված լուծումներ: Կա՞ն ռեսուրսներ: Հետո այդ ինչ տարօրինակ ‘իշխանությունից պաշտպանելու’ է: Մոտ 4000 երեխաներին չկարողացաք պաշտպանել իշխանությունից…

    գ) Վարդան Պետրոսյան` ‘Զարմանալի է, որ 35 տարի անց փորձում ենք պաշտպանել Անկախության հռչակագիրը’:
    Ինչո՞ւ այդպես մեղմ` ‘զարմանալի է’, մի գուցե ողորմելիության արտահայտում է:

    դ) Վահե Հովհաննիսյան. ‘Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ…Չի կարող Հայաստանում որևէ մեկ հոգի թաքուն պայմաններում կայացնի բոլորիս համար ճակատագրական որոշումներ։’
    Բայց չէ որ կայացրեց, ոնց թե ‘չի կարող’: Ավելին, ‘դարձյալ’-ը և ‘չի կարող’-ը հակասում են միմիանց: Բայց կարևորը այն է, որ ն-ը միայնակ չի կայացրել որոշում, ավելին նա չի էլ մասնակցել որոշման կայացմանը: Եվ ոչ այնքան այն պատճառով որ անգլերենը թույլ է և խղճուկ տեսք ուներ (արտասահմանյան մամուլ) ու մրցակից չէր պսպղուն իլհամի համար, այլ որովհետև 7 տարում անհեռատեսության, անկարողութւան, անունակության (Վ.Հ.) արդյունքում նախկիններից մնացած խաղաքարտերը վառել է ու նոր խաղաքարտ տվող չկա` չէին էլ նախատեսում:

    Մեկ օրում այսքան հիասթափություն: Ես անհաղթելի լավատես եմ:

  4. Հարգելի Հ.Շ.
    ‘Թրամփին համար – իր երկրին համար – հետաքրքրական է՝ խաղաղութիւնը, աշխարհի որեւէ տեղ, որովհետեւ դա նպաստաւոր է՝ պիզնեսս անելու: ‘

    Ոչ, սա մակերեսին է:

    Իմ հասկածությամբ, Թրամփն ուզում է մի բան, բայց շոու է անում այլ բան` հերոսական, պատրիոտիկ, …
    Օրինակ, Նոբելյանը ուզում է, որովհետև Օբաման իր աչքի փուշն է(ր):

    Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը իբրև թե ‘ուզում է’ ավարտվի, բայց իրականում ուզում է, որ Իսրայելի եղեռնածին պատերազմը շարունակվի բայց մնա ստվերում, իր պաշտպանվածության տակ` այդ ռեգիոնում Իսրայելը հատուցում է անձամբ իրեն real-estate project-ով, որը դեռ իր փեսա Ջ.Կուշներն էր սկսել …

    Թրամփը մասնակցեց ‘Ադրբդնի ու Ալբանիայի’ մերձեցման օգոստոսի 8-ի շոուին, որովհետև Իսրայելը դեռ պիտի պատերազմի Իրանի դեմ, ընդամենը այսքան` ի’նչ խաղաղություն ի’նչ բիզնես: Այդ նույն project-ով Թուրքիային (նատո-ի անդամ) հատուցում են ‘անխոչընդոտ’ (այսպես է գրված) անցումով ‘Ալբանիայով’ դեպի ‘Ադրբդն’, որտեղ արդեն (!!!) կայանված են և Թուրքական և Իսրայելական ռազմաբազաներ:

    Կարճատև ժամկետով, այո Թրամփը խաղաղության ղուշ, բիզնեսմեն է: Երկարաժամկետ ծրագրերում …

    Կներեք, որ շատ երկար ստացվեց:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031