«Իրականում հայ ժողովուրդը համակարծիք չէ այս գործընթացի հետ։ 2018-ից Նիկոլն ու Ալիևը, սպառնալիքները համադրելով՝ զսպում են հայ ժողովրդի արդար ցասումը, ինքնության պահպանության և պետություն ունենալու ցանկության ցանկացած քայլ։ Այսօր տասնյակ քաղաքացիների բանտարկությունները, այս դատավարությունները դրա մասին են վկայում»,-ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա ցավով նշեց՝ Նիկոլ Փաշինյանը բանաձև է գտել ՀՀ-ում մնալու՝ հայ ժողովրդին հալածել ու բանտարկել․ «Երեք-չորս օր է իր բերանով, դեմքով բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով խաղաղության մասին է խոսում՝ այն դեմքի արտահայտությամբ, որ նույնիսկ հայ ժողովրդի որոշ հատվածին չի կարող համոզել։ Եթե ինչ-որ խաղաղության նշույլ լիներ, հպարտ քաղաքացիների համար ոնց էին խորոված փարթի կազմակերպում, նույն խորովածը կկազմակերպեր, «դուխով» մայկան կհագներ։ Իր՝ աթոռին մնալը, եթե Ալիևի հետ համագործակցությունն է, ուրեմն ինքն այդ համագործակցությունը բացառապես պատկերացնում է հայ ժողովրդի շահերի դեմ, չի խորշում Ալիևի և Էրդողանի հետ համագործակցությունից։ Հայ ժողովուրդը պիտի հասկանա, որ Նիկոլին հեռացնելով՝ տասնյակ ռիսկեր են չքվելու»։
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ասել՝ 2026-ին կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ն գոյություն չի ունենա, Աննա Մկրտչյանն այսպես արձագանքեց․ «Ինքն այդպես սպառնացել է 2018-ին, 2020-ի պատերազմից հետո։ Հիմա էլ ուղիղ ասում է՝ ես ՀՀ-ն բռնազավթել եմ և այդ պայմաններում է, որ այս գոյակցությունն ապահովելու եմ, հակառակ դեպքում ես Ալիևի հետ չեմ խորշելու դավադիր պատերազմից, լինելու եք կեսդ այստեղի բերդերում, կեսդ՝ Բաքվի։ Հետևաբար Նիկոլից ազատվելն է այսօր հայ ժողովրդի հրամայականը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ