Իսպանիայի Գվադիանա գետի ափին գտնվող Մերիդա քաղաքը արդեն 71 տարի անընդմեջ վերածվում է բաց բեմի, միավորելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանած թատերախմբերի՝ պատմական վայրում դասական ներկայացումներ խաղալու համար։ Իսպանիայի հարավարևմտյան հատվածում գտնվող այս փոքրիկ քաղաքը հիմնադրվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա 25-րդ դարում և հայտնի է Յունեսկօ-ի պահպանության տակ գտնվող պատմամշակութային ժառանգությամբ:
Այս թատերական փառատոնի շրջանակներում 2015 թվականին մեկնարկած կամավորական ճամբարի ձևաչափով ծրագիրը երիտասարդ մասնակիցներին հնարավորություն է տալիս բացահայտել Մերիդան, ժառանգությունը և տեսնել թատրոնը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մի մաս: Նրա նպատակն է ներկայացնել Մերիդա քաղաքի հարուստ հնագիտական ժառանգությունը, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնել հին հունա-հռոմեական թատերական մշակույթին՝ առասպելների, հեղինակների, բեմական խաղի, արտադրության և բեմադրության միջոցով։
Այս տարին ևս բացառություն չէր: Վերջերս 20 երիտասարդ` Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Իտալիայից, Կորեայից, Կոլուբիայից և Իսպանիայի տարբեր քաղաքներից հավաքվել էին Ռաքել Բազոյի «Medea. Two Faces» դրամատիկ բեմականացումը կյանքի կոչելու համար: Իսկ Հայաստանից մեկնել էին Մարիաննա Հովհաննիսյանը, Մանե Մաթոսյանը և Սուրեն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Aravot.am–ի հետ զրույցում Մարիաննան նախ նշեց, թե փառատոնն իր տեսակով աշխարհում եզակի է: Հուլիս և օգոստոս ամիսներին Մերիդան դառնում է բեմարվեստի մայրաքաղաք, իսկ նմանատիպ միջոցառումները ուժեղացնում են այդ առանձնահատկությունը՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանող երիտասարդների շնորհիվ, ընդգծելով, որ այս միտքը հայտնել է քաղաքապետ Անտոնիո Ռոդրիգես Օսունան:
Հետո ասաց. «Հունական զգեստներով լցված հանդերձարաններ, անվերջ փորձեր և մոտիվացիայով լցված աչքեր ահա թե ինչն էր շրջապատում մեզ այս երկու շաբաթների ընթացքում: Նման ծրագրերը, անկասկած հիանալի հնարավորություն են մեզ համար, թեկուզ և կարճ ժամանակով նոր հետաքրքիր փորձ ձեռք բերելու: Ի դեպ մեր թիմում կային և’ պրոֆեսիոնալ դերասաններ, և’ մարդիկ,ովքեր թատրոնում երբեք չեն խաղացել: Չնայած դրան մենք շատ մտերիմ էինք միմյանց հետ, օգնում էինք, խորհուրդներ տալիս, կոստյումները ուղղում,որ ոչ մի թերություն չլինի… Շատ եմ կարոտելու նոր ընկերներիս»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ տեքստերը մասնակիցների մայրենի լեզվով էր, խոսում էինք արդարության, իշխանության, ամուսնության և դավաճանության, մահի և վրեժխնդրության մասին: Հավելեց, որ կարևոր չէ, թե ինչ լեզվով ես փոխանցելու ասելիքդ հանդիսատեսին. «Ընդհանրապես կարճ ժամանակում շատ բան ենք սովորել, իսկ մտերիմ ընկերների հետ բեմում խաղալը ընդհանրապես անմոռանալի պահեր էր հաղորդում»: Մարիաննան անկեղծացավ, թեև ինքն արվեստից հեռու չէ, և թատրոնում երկրորդ անգամ էր խաղում, բայց շատ է սիրում թատրոնը, պաշտելու աստիճան:
- Հետաքրքրությանը, թե նման հնարավորություն ով կամ ինչ կազմակերպություն էր իրենց ընձեռել, Մարիաննան բարձրաձայնեց Հայաստանի Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (HUJ) անունը, նշելով. «Մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու HUJ-ին ինձ համար նմանատիպ կամավորական ճամբարների աշխարհը բացահայտելու համար: Ամենամոտիկ ընկերներիս էլ եմ ծրագրերի շնորհիվ հանդիպել: Ամեն անգամ ծրագրի մասնակցելուց հետո «ինտերնացիոնալ» ընտանիքս մեծանում է: Արդեն գիտեմ աշխարհի որ ծայրում էլ լինեմ, ինձ ինչ-որ մեկը սպասում է»:
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում` կադրեր իսպանական փառատոնից: