Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը չի նախատեսում 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն։ Հիշեցնենք, որ այս պահանջը վերջին տարիներին հնչեցրել են Ադրբեջանի իշխանությունները։ Մասնավորապես, այս տարեսկզբին Ալիեւը հայտարարել էր․ «Ֆրանսիան եւ Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը։ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, եւ ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, եւ նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաեւ, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաեւ այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ռազմական բյուջեն չավելացնելու մասին հայտարարություններին եւ հարցին, թե սա Հայաստանի համար ի՞նչ հետեւանք կունենա, ասաց․ «Անկեղծ ասած, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև փաստ չէ, որ Հայաստանի ավելացված բյուջեն գնում է բանակի ուժեղացմանը։ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ես խիստ կասկածներ եմ ունեցել, բազմիցս խոսել ու հիմնավորել եմ, որ թեկուզ եւ բյուջեի աճը հայկական զինված ուժերի մարտունակության ավելացմանը որեւէ օգուտ տալիս է։ Այսինքն՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում որոշումներ կայացնողը, որեւէ երաշխիք չկա, որ թեկուզ նույն ռազմական ծախսերը հօգուտ հայկական բանակի են արվում»։
Սրան զուգահեռ Ադրբեջանը շարունակվում է զինվել՝ զենք գնելով տարբեր երկրներից։ Հարցին, թե արդյոք Ադրբեջանի՝ այս տեմպերով զինվելը խաղաղության մասի՞ն է խոսում, Վրթանեսյանը պատասխանեց․ «Ադրբեջանի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ մարդիկ հստակ պատրաստվում են հայկական պետության ոչնչացմանը, այս տարածաշրջանում ընդհանրապես հայկական ներկայությանը վերջ տալուն։ Ահա, Ադրբեջանը դրան է պատրաստվում, դրա մասին ակնարկներ է անում, երբեմն նաեւ բաց հայտարարում է։ Այնպես որ, այս ֆոնին խաղաղության մասին խոսակցությունները բացահայտ խաբեություն են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ