Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեցել եմ միայն մեկ խնդիր, քանի որ արհմիության գումարները, որ աշխատակիցները հավաքում էին, չեն փոխանցվել արհմիության հաշվի վրա»․ Գալինա Հարությունյանը՝ ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպության մասին

Օգոստոս 22,2025 15:10

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց նախաքննությամբ տուժող ճանաչված, վկայի կարգավիճակ ունեցող, 2011 թվականին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրված Գալինա Հարությունյանը։

Նա ասաց, որ գործով անցնող բոլոր անձանց ծանոթ է՝ բացառությամբ Մարթա Սիմոնյանի։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի հարցին՝ Արմեն Աշոտյանին ճանաչո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Հեռվից։ Իր հետ հանդիպում չեմ ունեցել, միայն այստեղ՝ դահլիճում»։ Մյուս հարցին՝ նրա հետ թշնամական հարաբերություններ ունե՞ք։ Քանի որ Գալինա Հարությունյանն ունի լեզվական խնդիր՝ ռուսախոս է, ճիշտ չհասկացավ հարցը ու պատասխանեց․ «Հիմա չունեմ»։ Այս պատասխանից հետո, երբ դահլիճից ծիծաղ հնչեց, Վահե Դոլմազյանը վրդովվեց և խնդրեց ոտքի կանգնել ու ներկայանալ այն անձին, որը ծիծաղել է ու զգուշացրեց՝ հաջորդ անգամ նիստից կհեռացնի ու հորդորեց․ «Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա դատական նիստերի դահլիճում, հնարավորինս զուսպ եղեք՝ առավել ևս, եթե դա կարող է կապված լինել լեզվին չտիրապետող անձի հետ»։

Ի պատասխան դատավորի հարցերին Գալինա Հարությունյանն ասաց․ «Ես ունեցել եմ միայն մեկ խնդիր իրենց հետ, քանի որ արհմիության գումարները, որ աշխատակիցները հավաքում էին, այդ գումարները չեն փոխանցվել արհմիության հաշվի վրա։ Ես, որ ընտրվել եմ արհմիության նախագահ, փոխվել են երեք ռեկտորներ։ Երեքին դիմել եմ այդ հարցով, գումարը հավաքվել է աշխատակիցների կողմից, և դա պետք է փոխանցվեր արհմիության հաշվին։ Սակայն նամակներս, դիմումներս առանց պատասխան են մնացել։ Հետո դիմել եմ հանրապետական կոնֆեդերացիային, հանդիպել եմ ռեկտոր Նարիմանյանի հետ, բայց ոչ մի բան էլ չփոխվեց։ Ես ունեմ պատասխան, որը ինձ գրել է ԵԲՊՀ իրավաբանը, թե ինչու չեն փոխանցում գումարները։ Դա ես ցույց եմ տվել քննիչին»։

Այդ փաստաթուղթը Գալինա Հարությունյանը ներկայացրեց դատարանին։ Վահե Դոլմազյանն ընթերցեց այն, որում մասնավորապես նշված է, որ արհեստակցական կազմակերպությունը դեռևս կազմավորման ու կայացման փուլում է, ուստի մինչև վերջնական կազմավորումը, ինքնուրույն միջոցներ չեն կարող գոյանալ»։

Երբ վկան անընդհատ խոսում էր գումարներն արհմիության հաշվին չփոխանցելու մասին, նախագահող դատավորը նրան հորդորեց՝ պետք չէ բոլոր հարցերը կապել գումարներ չփոխանցելու հետ՝ բնութագրելով, որ դա նրա ցավոտ կողմն է։

Գալինա Հարությունյանն ասաց, որ իրենք հանգստի հետ կապված ֆինանսական հարցեր չէին կազմակերպում, բայց ուղեգրերն իրենք էին տալիս․ «Իմ աշխատանքի օրոք Սևանի և Դիլիջանի հանգստյան տների հետ էր համագործակցությունը, ուղեգրերը տպված ինձ մոտ էին։ Դրանք պատկանում էին Բժշկական համալսարանին։ Այն ժամանակ դեռ հիմնադրամ չկար։ Աշխատել եմ մինչև 2013 թվականը։ Այդ հանգստյան տները միայն ամռանն էին գործում․ ձմռանը չէին աշխատում»։ Գալինա Հարությունյանն ասաց, որ հանգստյան տան պայմանները լավը չէին, վերանորոգման և նոր գույքի կարիք կար։

Մեղադրող դատախազի հարցին՝ ինչպե՞ս են ձևավորվել արհմիության ֆինանսները, Գալինա  Հարությունյանն այսպես արձագանքեց․ «Կարող եմ պատասխանել, թե ինչպես պիտի լիներ օրենքով։ Երբ ընտրվել եմ նախագահ, բոլոր աշխատակիցներից դիմումներ ենք վերցրել, որտեղ նշել են, որ համաձայն են, որ իրենց աշխատավարձի մեկ տոկոսը գանձվի ու ստեղծվի արհմիության ֆոնդը։ Հետո ռեկտոր Դումանյանին գրություն եմ ուղարկել, որ հավաքագրված մեկ տոկոսը փոխանցվի արհմիության հաշվին։ Թե ինչ է եղել այդ գումարի հետ, տեղյակ չեմ»։ Գալինա Հարությունյանն ասաց, որ ինքն այդ ժամանակվա ռեկտոր Միքայել Նարիմանյանին առաջարկել է ներկայացնել հաշվետվություն իրենց աշխատանքների մասին, բայց արձագանք չի ստացել․ «Բոլոր այն հարցերը, որոնք բարձրացվում էին ռեկտորատում, արձագանք չէին ստանում»։

Գալինա Հարությունյանն ասաց, որ ինքը 2013-ին հեռացել է արհմիությունից։ Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, նա պատասխանեց․ «Իմ գնալը այլ՝ լավ աշխատանքի առաջարկն էր։ Ես գերադասեցի ոչ թե նյարդայնանամ, այլ դուրս գամ»։

Հարցին՝ ե՞րբ է լուծարվել է իրենց արհեստակցական կազմակերպությունը։ Նա պատասխանեց՝ 2015-2016-ին։ Մյուս հարցին՝ անդամները շարունակե՞լ են վճարել անդամավճար, Գալինա Հարությունյանը պատասխանեց․ «Դա արդեն հաշվապահը կասի։ Կարծում եմ՝ շարունակել են գումարները հավաքել»։ Հարցին՝գործատուն իրավասո՞ւ էր տնօրինել արհմիության գումարները, Գալինա Հարությունյանը պատասխանեց՝ ոչ։

Հարցին՝ Կանոնադրությամբ սահմանվա՞ծ էր, որ արհմիությունը կարող է ձեռք բերել անշարժ գույք, վկան պատասխանեց․ «Երևի ստանդարտ ձևով նշված կլիներ։ Անհրաժեշտություն չի եղել, այդ հարցը ոչ մի անգամ չի բարձրացվել»։

Հարցին՝ ե՞րբ եք իմացել Հերացի արհեստակցական կազմակերպության ստեղծման մասին և ումից․ «Մեր կոմիտեի քարտուղարից իմացա, որ մերը փակված չէ, բայց նորը բացվում է»։ Վահե Դոլմազյանը հարցրեց՝ արդյոք հնարավո՞ր չէր ձեր կազմակերպությունը վերանվանել և դրա բազայի վրա նոր նախագահ ընտրել, Գալինա Հարությունյանը պատասխանեց․ «Մինչև այդ Միքայել Նարիմանյանի հետ խոսակցություն եմ ունեցել, որ մեր կազմակերպության աշխատանքները վերականգնվեն։ Փաստացի հարցն այն էր, որ ես վերադառնամ բժշկական համալսարան աշխատանքի, բայց չկար ազատ հաստիք։ Նույնիսկ ռեկտորի մոտ ժողով եղավ արհմիության հետ կապված, մենք քննարկեցինք վերականգնման հարցը, բայց ինձ համար ազատ հաստիք չգտնվեց, իսկ ուղղակի հենց այնպես չցանկացա աշխատել։ Որպես պրոֆկոմի նախագահ՝ աշխատավարձ չէի ստանում, իսկ ձրի չէի ուզում աշխատել»։

Հարցին՝ Ձեր գնահատմամբ՝ նոր արհեստակցական կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն կա՞ր, թե՝ ոչ, Գալինա Հարությունյանը պատասխանեց․ «Եթե մեր կազմակերպությունը չէր աշխատում, ոչինչ չէր անում, երևի կար, չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

Գալինա Հարությունյանը ի պատասխան հարցին՝ ի՞ նչ տեղեկություն ունի Ծովասար հանգստի գոտում սենյակներ ձեռք բերելու մասին՝ ասաց՝ ոչ մի տեղեկություն չունեմ․ միայն քննիչի մոտ խոսակցությունն է այդ մասին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031