ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիեւ-Թրամփ եռակողմ հանդիպումը վերջին օրերին հայկական քննարկումների կիզակետում է, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Արձագանքները խիստ տարբեր են։ Որոշ վերլուծաբաններ ողջունում են ձեռք բերված պատմական խաղաղությունը, ուրիշներ քննադատում են Հայաստանի իշխանությունների դավաճանական արարքը։ Մինչ ամենատարբեր ոլորտների փորձագետներ մեկնաբանում են տեղի ունեցածը, ես այստեղ կփորձեմ կենտրոնանալ հիմնականում անտեսված կամ ոչ ամբողջապես արծարծված մանրամասնությունների վրա։
Առաջին հերթին նշեմ, որ նախաստորագրված փաստաթուղթը իրավական միեւնույն կշիռն ունի, ինչ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հայտարարությունը, այսինքն՝ այն պարտավորեցնող չէ։ Մյուս կարեւոր հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, գրավոր հայտարարությանը հաջորդած բանավոր արտահայտությունների հնարավոր ազդեցությունն է։ Օրինակ, Հայաստան-Թուրքիա «պրոտոկոլների» նախաձեռնությունից հետո Հայաստանը խուսափեց բանավոր հայտարարություններ կատարելուց, որպեսզի Թուրքիան իր հերթին բանավոր նախապայմաններ չավելացնի։
Կարդացեք նաև
Ներկա պարագայում, հակառակ գրավոր փաստաթղթում «միջանցք» բառի բացակայությանը, Թրամփը երեք անգամ կրկնեց այդ եզրույթը՝ շեշտելու համար դրա կարեւորությունն իր համար։ Այնպես որ, «միջանցք բառը փաստաթղթում չի հիշատակվում» պնդողներին կարելի է շատ հանգիստ պատասխանել, որ այն առկա է հետագա բանավոր արտահայտություններում։ Բնականաբար, իմաստային առումով հարց է առաջանալու։ Հայաստանի ներկայացուցիչը, ճիշտ է, ստորագրեց գրավոր տեքստի տակ, բայց Թրամփի խոսքերը միայն իրեն՝ Թրամփին են պատկանում եւ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ, որ Հայաստանի ներկայացուցիչը «միջանցք» բառը օգտագործողին ուղղեր, հիշեցնելով, որ միջանցք չկա եւ այդ եզրույթը կիրառելի չէ տվյալ պարագայում։ Եթե ուղղող չկա, ապա փաստը մնում է փաստ, որ Թրամփի համար միջանցքը գոյություն ունի եւ նրա պնդումները անառարկելի են։
Կարեւորագույն խնդիր է նաեւ Մ. Նահանգների որոշումը Հայաստանին եւ Ադրբեջանին շնորհելու միեւնույն «ռազմավարական գործընկեր» կարգավիճակը։ Ի տարբերություն Միրզոյան-Բլինքեն արտգործնախարարների միջեւ ստորագրված համաձայնության, Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր ավելի բարձր՝ Թրամփ-Ալիեւ նախագահական մակարդակով։ Բացի այդ, Հայաստանը նման փաստաթուղթ ստորագրել էր Ջո Բայդենի նախագահական ժամկետի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ, ինչը նշանակում էր առավել հակվածություն դեպի Դեմոկրատական կուսակցությունը, այլապես Հայաստանի իշխանությունները կարող էին սպասել եւ դրանով ավելի մեծ ազդեցություն թողնել ներկա վարչակազմի վրա։ Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վարքագծի փոփոխությունը եռակողմ հանդիպման ժամանակ Բայդենի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատական խոսքերին, անուղղակիորեն հաստատում են մեր նկատառումը։
Հետաքրքրական զարգացում է նախագահ Իլհամ Ալիեւի համար երկարամյա գլխացավանք հանդիսացող «Ազատությանն աջակցելու ակտի» 907 ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը։ Այդ ուղղումը կոնգրեսի կողմից էր կատարված եւ կարող էր վերացվել միայն կոնգրեսի որոշմամբ։ Եթե Թրամփը հետամուտ է օրենսդրական փոփոխություն կատարել՝ հենվելով Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող իր համախոհների վրա, ապա նա պետք է պատրաստ լինի անցնելու երկար ու բարդ ճանապարհ։ Այդ պատճառով Թրամփը հավանաբար կընտրի ամենամյա ժամանակավոր վերացումներ ստորագրելու տարբերակը։ Մինչ այդ, Ալիեւն արդեն իսկ իր ժողովրդին հարցը ներկայացրել է որպես «ամբողջովին չեղյալ հայտարարված»։
Նկատենք, որ 907-ի ուղղումը վերացնելը բոլորովին էլ չի նշանակում, որ կթույլատրվի զենքի վաճառքը Ադրբեջանին կամ Հայաստանին, ինչպես սոցցանցերը Հայաստանում եւ Ադրբեջանում սկսել են շրջանառության մեջ դնել։ Մ. Նահանգները խուսափում է զենք վաճառել պատերազմող պետություններին, նույնիսկ եթե նրանք բարեկամ երկրներ են։ Զենքի վաճառքը արգելված է մինչեւ նրանց միջեւ խաղաղության պաշտոնական համաձայնության կնքումը։ Զենքի վաճառքը ենթակա է օրենսդրական եւ բյուրոկրատական երկար գործընթացների, ինչպես նաեւ կոնգրեսի վերահսկողությանը։ Որպես օրինակ կարելի է բերել Թուրքիային, որին ընդդիմանալով գործադիր մարմնի խնդրանքին կոնգրեսը ժամանակին մերժել էր զենք տրամադրել, հակառակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Մ. Նահանգների դաշնակիցը։
Հայաստանի եւ Ադրբեջանի սոցցանցերում քննարկվող հաջորդ հարցը ռազմական օժանդակություն ցուցաբերելուն է վերաբերում։ Ն. Նահանգները երբեք ռազմական օգնություն չի ցուցաբերել Հայաստանին կամ Ադրբեջանին։ Նա ընդամենը անվտանգության երաշխիքներ է ապահովել երկու երկրներին, ինչը նշանակալիորեն տարբերվում է ռազմական օժանդակությունից եւ բացահայտ հայտարարել է, որ Ադրբեջանին նրա օգնության նպատակը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ պայքարն է։
Ուշագրավ է արձանագրել, որ բացի Թրամփի հետ հարեւանցի մեկ-երկու պատահական հանդիպումներից, վարչապետ Փաշինյանը ԱՄՆ-ի ոչ մի բարձրագույն անձնավորության հետ չի տեսակցել, Ալիեւի հետ հանդիպել է միայն Բարաք Օբաման։ Սա նշանակում է, որ Սպիտակ Տուն հրավիրվելու փաստն ինքնին, երկու առաջնորդների համար էլ P.R.-ի տեսանկյունից լուրջ ձեռքբերում էր, որի շուրջ քննարկումները շարունակվում են երկու երկրներում։
Բնականաբար, կատարված իրադարձությունը պատասխանների փոխարեն ավելի շատ հարցեր է առաջացնում։ Նախ մտահոգիչ է Իրանի կոպիտ արձագանքը։ Նույնքան մտահոգիչ են Թուրքիայի արտգործնախարարի պնդումներն այն մասին, թե ի վերջո խոսքը միջանցքի մասին է։ Իսկ Ալիեւն իրեն բնորոշ նախապայմաններն է շարունակում ներկայացնել՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ինչ վերաբերում է ներդրումների ծրագրերին եւ Թրամփի նախաձեռնության օրինական գործադրմանը, ապա դեռեւս ոչ մի բան հստակ չէ։ Իրավիճակը շատ արագ զարգացավ, առաջնահերթությունը տալով անմիջական արդյունք ապահովելուն եւ ոչ թե մանրակրկիտ ծրագրավորելուն, մի բան, որ մտահոգություններ է առաջացնում նույնիսկ ամերիկացի փորձագետների շրջանում։ Մինչ երկու կողմերը գուցե ձեռք բերեին որոշակի կարճաժամկետ նպատակների իրականացում, լուրջ, վերլուծական հաշվարկները մնացին թերի, ոչ ամբողջական։ Մ. Նահանգների վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ չունի համապարփակ մարտավարություն։ Այն ավելի նման է բիզնես գործարքի, որը հիշեցնում է 1996-ին Իսրայելի եւ Հորդանանի համար նախատեսված «Արդյունաբերական սահմանափակ զոնաները», ինչը ապացուցում է, որ Վաշինգտոնը չունի այն մարտավարական հենքը Հարավային Կովկասի նկատմամբ, որն անհրաժեշտ է։
Անգլ. բնագրից թարգմանեց
(The Armenian Mirror-Spectator)