Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քննադատները ատելություն են տարածում Արցախի ամբողջ ժողովրդի նկատմամբ․ Գեղամ Ստեփանյան

Օգոստոս 22,2025 23:30

«Մեզ համար անակնկալ չէր, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը չեն արծարծի Արցախի ժողովրդի, արցախցի փախստականների կամ մեր իրավունքների խնդիրը»։

Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի՝ NAASR-ի, կազմակերպած «Ժողովրդագրություն, քաղաքականություն, վերաբնակեցում․ արցախցի փախստականները Հայաստանում» թեմայով առցանց սեմինարի ժամանակ։ 

Ստեփանյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարության նպատակն է՝ փակել Արցախի էջը։ Ըստ նրա՝ հայաստանյան իշխանությունները նպատակ ունեն «այսպես կոչված «խաղաղություն» կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Արցախի ժողովրդի անտեսված իրավունքների եւ տուժածների գնով»։

Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, սակայն, որ Արցախի հարցի փակումը կանխարգելելու  համար՝ Արցախի Ազգային Ժողովը ձեւավորել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը, որը համակարգում է 1998-2008 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Անդրադառնալով հայաստանյան որոշ շրջանակների կողմից արցախցի փախստականների հասցեին հնչող խտրական եւ ատելություն պարունակող խոսքին՝ Ստեփանյանը ընդգծեց՝ դա մի քանի պատճառ ունի։

Նախ, ԽՍՀՄ տարիներին Հայկական ԽՍՀ-ից դուրս գտնվող հայերին Հայաստանի հայերը այլ վերաբերմունք են ցուցաբերել։

Բացի դա, Պաշտպան Ստեփանյանի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծնված ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քննադատները ատելություն են տարածում Արցախի ամբողջ ժողովրդի նկատմամբ։ Նա հիշեցրեց նաեւ Արցախի՝ բեռ եւ դժվար ապրուստի պատճառ լինելու 30 տարի շրջանառված խոսույթի մասին։

Ըստ բանախոսի՝ հնարավոր է, որ Արցախի տեղահանված բնակչության շրջանում Հայաստանի կառավարության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցածր վստահելիության հիմքով՝ իշխանությունները արցախցիներին քաղաքական հակառակորդ են համարում։

Ամփոփելով՝ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձանագրեց՝ միլիոնավոր հայեր կողք-կողքի կանգնած արցախցիների հետ պայքարում են արցախահայության իրավունքների համար։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031