Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում ուրիշ նախադեպ կա՞, երբ խաղաղություն է հաստատվել գերիներով, օկուպացված տարածքներով, եւ ի վերջո՝ կարո՞ղ են ասել՝ Հայաստանը ի՞նչ է ստացել այդ պայմանագրով»

Օգոստոս 23,2025 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

– Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ» խաղաղություն է հաստատվել։ Իրոք այդպե՞ս է։

– Վերջին 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ուղերձներում, նախընտրական խոստումներում ստել է, եւ դրա մասին ոչ թե ընդդիմությունն է ասում, այլ փաստերն են վկայում։ Փաշինյանի ուղերձը ոչ թե այն մասին էր, որ խաղաղության դարաշրջան է բացվել, այլ այն մասին, որ Հայաստանը դեռեւս ունի տարածքներ, որոնք Ադրբեջանին զիջելու շուրջ բանակցում են։ Այլապես ինչո՞ւ պետք է որեւէ երկրի ղեկավար հայտարարի, որ իր ենթակայության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Այդ ուղերձը նաեւ այն մասին է, որ չնայած իրենց իրականացրած աշխատանքներին, ժողովուրդն այդուհանդերձ տրամաբանական հարցեր է տալիս՝ ինչպե՞ս կարող է լինել խաղաղություն, երբ հայ գերիներ կան Բաքվի բանտերում, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են։ Այդ հարցերի պատասխաններն ընդհանրապես չկան, կա պիտակավորում այդ հարցերը տվողներին։ Փաշինյանի ուղերձը պարզապես մարդկանց խաբելուն միտված հերթական գործողությունն էր, «խաղաղություն» կոչված այդ պայմանագրի փուչիկը փչելու հերթական գործողությունն էր։

Պարզ տրամաբանական հարցեր կան՝ աշխարհում ուրիշ նախադեպ կա՞, երբ խաղաղություն է հաստատվել գերիներով, օկուպացված տարածքներով։ Եվ  ի վերջո՝ Հայաստանը կարողանալո՞ւ է կոնկրետ ասել, թե ինչ է ստացել այդ պայմանագրով։ Այդ հարցերին չեն կարողանում պատասխանել, ասում են՝ ստացել ենք այն, որ Ադրբեջանը ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը։ Հարցնում ես՝ ո՞ր գծով է ճանաչել, ո՞ր քարտեզով, ի՞նչ տեսք ունի այդ ճանաչված տարածքային ամբողջականությունը, այդ հարցին չեն կարողանում պատասխանել։ Այսինքն՝ սա ուղղակի Ադրբեջանի բոլոր նարատիվներն ամրագրած փաստաթղթի քարոզչություն է, որը չի կարող բերել խաղաղություն, որովհետեւ այդտեղ որեւէ կարեւոր հարցի այդպես էլ լուծում տրված չէ։

– Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե «խաղաղության հաստատումից հետո շատերը ձգտում են գույք ձեռք բերել Հայաստանում»։ Այսինքն՝ արդեն նախընտրական հնարքնե՞ր է կիրառում։

– Փաշինյանն ամեն շաբաթ մի սուտ ասում է, մենք լուրջ դեմքով մեկնաբանում ենք, եւ դեռ քանի անգամ պետք է ստի։ Ես պետք է հակառակը ասեմ՝ եղե՞լ է մի բան, որ Փաշինյանն ասել է, եւ պարզվել է, որ դա սուտ չէ։ Սեւանում լողացողների քանակը պայմանավորում է տնտեսական աճով, այսինքն՝ ասում է մի բան, որը որեւէ կերպ չափելի չէ։ Ո՞նց կարող ենք մենք տեսնել, թե այս պայմանագրի նախաստորագրումից հետո քանի հոգի են տուն ձեռք բերել։ Դա նման է 2018 թվականին, երբ ասում էր՝ ամբողջ ազգը երջանիկ է, ժպիտ կա մարդկանց դեմքին, եւ զանգվածային հայրենադարձություն է։ Եղա՞վ այդ ամեն ինչը, թե՞ հակառակը եղավ։ Նույնն էլ հիմա է՝ մարդիկ ունեն նպատակ՝ խաբելու ժողովրդին եւ դա անում են։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խնդիր ունի ստելու, մենք ո՞նց պետք է չափենք, թե քանի մարդ է նոր տուն գնել Հայաստանում։ Այդ հայտարարություններն արվում են հանրային քննարկման առարկա դարձնելու եւ պատրանք ստեղծելու համար։

-Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով կարծես փորձում են փակել Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը, այդ մասին նաեւ հայտարարեց Փաշինյանը։ Նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմում ստորագրվեց։ Սա ինչպե՞ս եք գնահատում, եւ ի՞նչ հետեւանք կարող է լինել հայկական կողմի համար։

– Դա Ադրբեջանի հերթական պահանջներից մեկն է, եւ հիմա ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ դա ներկայացվում է այնպես, որ եթե մենք դա իրականացնենք, Ադրբեջանը կդադարի մեզնից որեւէ բան պահանջել։ Մինչդեռ, 5 տարի է՝ այդ քաղաքականությունն են վարում, արդյունքում՝ խուսափում են օգտագործել Արցախի Հանրապետություն բառերը, ամեն իչ համարում են s«ռեւանշիզմ», բայց դրանից Ադրբեջանի պահանջները չեն ավարտվել, ավելին՝ շատացել են։ Հիմա Ադրբեջանը չի պահանջում Արցախի Հանրապետության Սահմանադրությունը փոխել, պահանջում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխել։ Ադրբեջանը չի պահանջում, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ գան բնակեցվեն Արցախի տարածքում, պահանջում է, որ ՀՀ տարածքում բնակեցվեն։ Այսինքն՝  պետք է հասկանանք՝ սուտ է նաեւ այն, որ եթե մենք չխոսենք Արցախից կամ մեր ցանկացած իրավունքից, Ադրբեջանն այլեւս ագրեսիվ քաղաքականություն չի դրսեւորի եւ մեզնից պահանջներ չի ունենա։

Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն, կոծկել կարող են իրենք, կարող են հիմա պայմանավորվել ու ոչնչացնել կոնֆլիկտի կարգավորման մեխանիզմները, բայց կա պարզ ճշմարտություն՝ Հայաստան ու Ադրբեջան պետությունների միջեւ «խաղաղության պայմանագիր» կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Արցախի ժողովրդի իրավունքների համար մղված պայքարի արդյունքում։ Դա հակամարտության ու կոնֆլիկտի հիմքն է, այդտեղից է ամեն ինչ սկիզբ առնում, մինչեւ հարցն արդարացի լուծում չստանա, այդ կոնֆլիկտը տարբեր տրանսֆորմացիաներով լինելու է։ Որքան էլ մենք «խաղաղություն» բառն օգտագործենք, քանի փաստաթուղթ էլ ստորագրենք, ինչ միջազգային մեխանիզմ էլ լուծարենք, քանի կա ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իրենց տները, քանի կան մարդիկ, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, այդ հարցը մնալու է։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ շվեյցարական խաղաղության նախաձեռնություն կա, որը խոսում է արցախահայերի վերադարձի մասին, տարբեր միջազգային գործընկերներ, տարբեր երկրներ խոսում են այդ իրավունքի մասին։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները կարող են շարունակել չխոսել այդ մասին, բայց դրանից այդ մարդկանց տուն վերադարձի իրավունքը ոչ մի տեղ չի կորում։

Հետեւաբար, այս հայտարարությունները լրացուցիչ վկայություն են նրա, որ Փաշինյանի եւ Ալիեւի դիրքորոշումներում որեւէ տարբերություն չկա, բայց դա ոչ արցախցիների դիրքորոշումն է, ոչ էլ ամբողջ հայ ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել այս խոստումներով, թող այս խոստումները տար, տեսնենք քանի՞ հոգի ձայն կտար իրեն։ Եվ այս պայմանավորվածությունը ձեռք բերելու համար նա ստիպված է եղել արշավ իրականացնել ընդդիմադիրների, եկեղեցու, բոլոր շարժումների դեմ, բանտերը լցրել քաղբանտարկյալներով եւ գնալ ստորագրել՝ տպավորություն ստեղծելու համար, թե «բողոք չկա»։ Մինչդեռ, նախորդ 5 տարում զանգվածային բոլոր շարժումները վկայել են, որ հենց այս հարցերում բողոք կա։ Եթե Հայաստանում զանգվածային ցույց է եղել, եղել է հենց այս հարցերում Փաշինյանի դիրքորոշումների վերաբերյալ։ Վստահ եմ, որ նաեւ առաջիկայում մենք Արցախի ու Հայաստանի ժողովրդի ձայնն այս մասով լսելու ու տեսնելու ենք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031