Կկայանա Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (կոմպոզիտոր, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան) եւ Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են սեպտեմբերի 5-ին Ավետիք Իսահակյանի ծննդյան 150 եւ բանաստեղծի անունը կրող Երեւանի առաջին հանրային գրադարանի հիմնադրման 90-ամյակներին նվիրված վոկալ երաժշտության երեկո:
«Առավոտի» հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից ֆրանսահայ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն, բնորոշելով համերգը, նշեց. «Առաջին անգամ ավելի քան 14 տաղանդաշատ հայ արտիստներ համախմբվել են ներկայացնելու Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված չքնաղ, ականջ շոյող վոկալ դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք կարծես մոռացվել էին: Այդ ստեղծագործությունների մեկնաբանությունները կամոքեն մեր սիրելի հանդիսատեսի հոգիները՝ նվագախմբային դաշնակահարուհի, կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ:
Մեծանուն գյումրեցին՝ Ավետիք Իսահակյանը, արժանի է մեծ շուքով նշելու իր 150-ամյակը… Նրա լիրիկական բանաստեղծությունները հոգեհարազատ են ժողովրդին, նրա «կգա Ոգու սով» արտահայտությունը թող մեզ միշտ արթուն պահի ու պայքարենք խավարի դեմ»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, առաջին անգամ հատընտիր ծրագրով, որտեղ մաս են կազմում հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մաեստրո Սեդրակ Երկանյանի փոխադրությամբ, կհնչեն «Տաղարան» համույթի նվագակցությամբ։
Մեր հարցին՝ կա՞ ստեղծագործություն, որից այս գալահամերգի համար նախապատրաստվելիս յուրատեսակ հուզմունք է ապրել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Փարիզում այնքան եմ արտասվել «Էյ, ջա՜ն Հայրենիք» ստեղծագործությունը սովորելիս, որ հուսամ այդ հուզմունքս կկարողանամ կառավարել համերգի ժամանակ……Տարիքիս հետ էլ ավելի եմ փխրուն դարձել, հայրենիքիս ցավը շատ խորը վերք է ինձ համար, երգը՝ սպեղանի ու Տիրոջ օրհնությամբ շարժվում եմ առաջ, ամեն մի նվեր օրվան շնորհակալ, հուսով, որ վաղվա օրը նոր հաղթանակներ ենք կերտելու մեր ազգի համար, ու Լույսի Հայրենիք Հայաստանն էլ ավելի է հզորանալու»:
Ադամ Բարրոն ասաց, որ իրեն համարում է Հայաստանի երաժիշտ զինվորը, հայ երգի դեսպանը՝ նրա սահմաններից դուրս, ընդգծում է, որ հայրենասիրությունն իրեն մայրական կաթի հետ է փոխանցվել: Նրա ձեւակերպմամբ, կյանքն ավելի լավն է, երբ շրջապատված ես կյանքին սիրահարված անձնուրաց մարդկանցով, որոնց համար բարությունը ապրելակեպ է: Նա նաեւ հույս ունի, որ հանդիսատեսը գոհ կմնա այն անակնկալներից, որ պատրաստել է համերգի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2025