Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ օգոստոսի 25-ին նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու հարցով ԲԴԽ նիստը:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին էր դիմել փաստաբան Գուրգեն Թորոսյանը: Հանձնաժողովը հետագայում միջնորդություն էր ուղարկել ԲԴԽ` քննության կապակցությամբ:
Թորոսյանը 2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա 2023թ. հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Հիշեցնեմ, որ դեռեւս 2022թ. հոկտեմբեի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը լսել էր Շիրակի մարզի դատավորի կարգավիճակում գտնվող Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդութունը, որն արել էր արդարադատության նախարարությունը:
Կարդացեք նաև
Դատավորն իրականացրել էր ներկայացուցչություն, այն է` իքս քաղգործով դատական նիստերին հանդես գալով որպես իր կնոջ՝ հայցվորի ներկայացուցիչ: Զարմանալի զուգադիպությամբ այդ ժամանակ էլ հաղորդում տված անձը փաստաբան էր` Դավիթ Ավագյանը, միջնորդությունն էլ արդարադատության նախարարի կողմից էր:
Նշեմ, որ օգոստոսի 25-ին նշանակվել է նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով քննությունը:
Դատավոր Վ.Գրիգորյանի անունը հայտնի է այն ժամանակվանից, երբ ինքնաբացարկ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործերով…
ԲԴԽ աշխատակարգային որոշումով քննությունը մինչ այդ նշանակվել էր հունիսի 19-ին…
Միջնորդությունը ներկայացրել էր արդարադատության նախարարությունը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է «Ֆակտոր»-ի մի հրապարակում՝ «4 տարի պետք ա նստեի, բայց 5 տարի 3 ամիս էստեղ եմ»: Հրապարակումը ինքնասպանության փորձի դիմած կալանավոր Հ. Մուրադյանի մասին է, ով լրատվամիջոցին հայտնել էր, որ գտնվում է ապօրինի անազատության մեջ, քանի որ իր մասով «Հաստատականը» ուշ է ուղարկվել քրեակատարողական հիմնարկ, եւ պատժի կրման սկիզբը հաշվել են ոչ թե 2020 թ. մայիսի 11-ից, այլ 2022 թ. մայիսի 12-ից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2025