Արդյո՞ք մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել: Թե՞ առայժմ ոչ: Եթե խոսքը երկու սուբյեկտների, երկու պետությունների միջեւ խաղաղության մասին է, ապա պետք է ենթադրել, որ երկուսի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները եւ գործողությունները բխում են «հաստատված» խաղաղությունից:
Հայաստանի վարքագիծը համապատասխանում է այդ պայմանին: Մեր կառավարությունը որոշել է հաջորդ տարի չավելացնել պաշտպանական ծախսերը: Ըստ այդ տրամաբանության՝ քանի որ մենք լուծել ենք մեր անվտանգության հետ կապված խնդիրները, մեզ որեւէ տեղից վտանգ չի սպառնում, հետեւաբար, կարող ենք զենքերի վրա փող չծախսել, իսկ ազատված գումարներն օգտագործել որեւէ փոփ-աստղ բերելու կամ ՀԷՑ-ը ազգայնացնելու անմիտ, խելահեղ որոշումը Ստոկհոլմի դատարանում պաշտպանելու վրա: Ռազմական ծախսերը չավելացնելն, ի դեպ, միանգամայն համապատասխանում է ադրբեջանական կողմի բազմիցս հնչեցրած պահանջին՝ «Հայաստանը չպիտի զինվի»:
Տեսնենք, սակայն, արդյոք այն կողմը, որի հետ մենք իբր «խաղաղություն ենք հաստատել», նույն տրամաբանության մե՞ջ է: Ադրբեջանի նախագահ Ալիեւը օկուպացված Քարվաճառում որեւէ հիմք չի տվել այդ հարցին դրական պատասխան տալու: Նա հիշեցրել է, թե որքան «դաժան են ու վայրագ» հայերը, ինչ «հանցագործություններ» են նրանք կատարել, եւ կոչ է արել երբեք չմոռանալ, ինչ են հայերն իրենցից ներկայացնում: Ալիեւը նաեւ հայտարարել է ռազմական ծախսերն ավելացնելու եւ պատերազմին ամեն րոպե պատրաստ լինելու մասին:
Ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ալիեւը: Դժվար թե նա սպառնալիքներով հանդես գա Ռուսաստանի կամ Իրանի հասցեին: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հոխորտանքի հասցեատերը դարձյալ մենք ենք: Ադրբեջանի նախագահի ամբողջ ելույթի տրամաբանությունը դա՛ է հուշում՝ թշնամությունը, ատելության խոսքն ուղղված են հայերի դեմ: Եվ հետագայում ցանկացած երեւույթ նա կարող է որակել որպես «սադրանք Ադրբեջանի դեմ» ու նորից պատերազմ սկսել:
Կարդացեք նաև
Դե, հիմա, խնդրում եմ, բացատրեք, թե ինչպես հասկանալ, երբ մեկը խոսում է խաղաղության հաստատման մասին, իսկ մյուսը պատրաստվում է նոր պատերազմի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ —
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի և արեգակի
Գիտենք քվեարկել մեր կյանքով նաև…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ — և կրա՜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եվ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի՜շտ էլ հարգելով…
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք —
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ — շատանա՜նք:
…թե ինչպես հասկանալ…
Փորձեմ.
Առաջինը ունի մարսեցիների լսարան` ամեն ինչ մարսում է:
Իսկ մյուսը ունի լսարան, որին շպրտում են առաջին լսարանի չմարսածը` ‘նոր պատերազմ, նոր տարածքներ’:
Իսկ լրջորեն` իրար լրացնում են (complementary):
ա) ՀՀ բնակիչները վախի խաղաքարտը օգտագործում են իրենց անհայրենիքությունը թաքցնելու համար (բայց սա էլ երկար չի տևի` Աննան կհայտարարի որ հայրենասեր լինելը հնաձև է):
բ) Ադրբժնի բնակիչները հայրենասիրության խաղաքարտը (հայերի մերժածը) օգտագործում են, որ առանց ամաչելու մարսեն իլհամի կլանի բռնապետությունը:
Ունեցել եմ իսկապես թույլիկ ուսանողներ, բայց նույնիսկ նրանցից երբեք չեմ լսել անհեթեթություններ, որոնք իրեն շռայլորեն հանդուրժում է ՀՀ վարչապետը: Նմուշ մը. ‘Մեր պատկերացումներին իրականությունը չի համապարասխանում’: Այսինքն, ունի պատկերացում ու իրականությունը չի հարմարվում այդ պատկերացման հետ: Այսինքն, փոխենք իրականությունը, որ հարմարվի իր ունեցած պատկերացումին: ~4000 երիտասարդ կյանք ընդհատված…120000 արցախահայ տեղահանված… Հրեշ ասես, քիչ է: