Հանուն Հայաստանի անկախության եւ պետականության անհրաժեշտ էր պատերազմ եւ մեր պարտությունն այդ պատերազմում։ Նման եզրահանգման կարելի է հասնել՝ ընթերցելով Անկախության մասին հռչակագրի ընդունման 35 ամյակի առթիվ երկրի վարչապետի շնորհավորական ուղերձը։
23-ը օգոստոսի, 2025թ․ «Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»։
Սակայն, 2022-ի ապրիլի 13-ին, այն նույն օրը, երբ Փաշինյանն արեց ԼՂ կարգավիճակի նշաձողը «մի փոքր իջեցնելու» մասին իր հայտնի հայտարարությունը, նա պնդեց՝ եթե միջազգայնորեն առաջարկվող փոխզիջմամբ կանխվեր պատերազմը, կստեղծվեր նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, այսինքն՝ այնպիսի իրավիճակ, որտեղ Փաշինյանի իշխանությանը կրկին կկշտամբեին, կրկին «դավաճան» կանվանեին, բայց զոհեր չէին լինի։
13-ը ապրիլի, 2022թ․ «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի», – ԱԺ ամբիոնից ընդգծում էր Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Արդ, փոխզիջումը մերժելու՝ վարչապետ Փաշինյանի պատճառաբանությունը փոխվել է։ Եթե առաջ փոխզիջման չգնալը բացատրվում էր հայ հասարակության՝ փոխզիջումային լուծման հանդեպ դժկամությամբ, հիմա բացատրությունն այն է, որ փոխզիջման վերջնարդյունքը ՀՀ անկախության եւ պետականության վախճանը կլիներ։
Եթե փոխզիջումային լուծման տարբերակի ընդունմամբ հնարավոր կլիներ պահպանել միայն բուն Լեռնային Ղարաբաղը, միգուցե վարչապետին «դավաճան» կոչեին, բայց Արցախը հայկական պահելու գործնական հնարավորությունը կլայնանար։ Մի բան հաստատ է՝ հազարավոր երիտասարդներ այսօր մեր կողքին կլինեին։
Փաստորեն, միայն պատերազմով, զոհերով եւ Արցախից ամբողջապես հրաժարվելով հնարավոր դարձավ լինել «ավելի անկախ, քան երբեւէ, ավելի ինքնիշխան, քան երբեւէ, ավելի պետություն, քան երբեւէ, ավելի բարեկեցիկ, քան երբեւէ, ավելի հեռանկարային, քան երբեւէ»։
Այս տրամաբանությունն է վարչապետը փորձում մատուցել ժողովրդին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Շնորհակալություն:
Ապրեք, Առավոտի ժողովուրդ: