Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Հայաստանի բանտերում հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է խնամքի մասնագիտացված ծառայություն

Օգոստոս 24,2025 10:48

Ռոբերտ Սարգսյանը 18 տարի առաջ, երբ կալանավորվեց, 22 տարեկան էր, հիմա արդեն 40 տարեկան։ Իր ձեւակերպմամբ՝ «հիվանդությունների փունջը ստացել է բանտում»։

«2016 թ․-ին բանտում ստացա հաշմանդամության կարգ, սոցապի աշխատողները ինձ ասացին, որ չնայած 1-ին կարգ եմ, բայց 3-րդ կարգ են տալիս, քանի որ  ցմահ դատապարտյալ եմ ու եթե 1-ին կարգ տան՝ կազատվեի»,-ասում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Ռոբերտ Սարգսյանը։ Վերջինս անազատության մեջ է 2007 թվականի դեկտեմբերից։ Առաջին անգամ հաշմանդամության կարգ ստանալուց հետո, եւս երկու անգամ համապատասխան հանձնաժողովը Ռոբերտ Սարգսյանին  հաշմանդամության 2-րդ  կարգ տվեց։

«2024 թ.-ին նորից ստուգում անցկացրին, տվին 3-րդ կարգ։ Ես տեսողության խնդիր ունեմ, աչքերիս նյարդերը մահանում են,  որը բուժել ու բարելավել հնարավոր չէ։ 2020թ-ին վարակվեցի կորոնայով, որը ավելի վատթարացրեց վիճակս։ Այդ բոլորը հաշվի չառան, 3-րդ կարգ տվեցին, բողոքարկեցի որոշումը, կրկնակի ստուգում նշանակեցին ու չփոխեցին կարգը»,-մեր զրույցում նշեց Ռոբերտը։ Ըստ մեր զրուցակցի՝ պարզաբանել են, որ ներկայում հաշմանդամություն ունեցող մարդու կարիքները գնահատում է համակարգչային հատուկ ծրագիրը ու աստիճանակարգեր գոյություն ունեն։ «Առաջին անգամ ասացին 42 տոկոս է, բողոքարկեցի, մինչեւ եկան ստուգեցին, արձանագրեցին 49 տոկոս, բայց արդյունքում ասացին՝ պետք է ունենամ 50-ից ավելի տոկոս, որ 2-րդ կարգ տան»,-նշեց ցմահ դատապարտյալը։

Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում հուլիսի 1-ի դրությամբ պատիժ է կրում 109 հաշմանդամություն ունեցող անձ, որից 4-ը՝ կին։ Միայն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում չկա հաշմանդամություն ունեցող անձ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի մեզ տրամադրած պաշտոնական տվյալների, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կա 21 հաշմանդամություն ունեցող անձ, «Արթիկ» ՔԿՀ-ում 19, «Գորիս»-ում՝ 7, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 10,  «Նուբարաշեն»-ում՝ 15, «Սեւան»-ում՝ 12, «Աբովյան»-ում՝ 4, «Արմավիր»-ում՝ 16, «Վանաձոր»-ում ՝ 5 անձ։

Ըստ պատիժ կրող հաշմանդամություն ունեցող անձանց՝ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմաններին անհարմարություններ են պատճառում իրենց, դրանք հարմարեցված չեն հատուկ կարիք ունեցող մարդկանց համար։  Ի դեպ,  Հայաստանի քրեակատարողական ոչ մի հիմնարկ չունի խնամք տրամադրող մասնագիտական աշխատակազմ։ Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Հայկ Դավթյանի դիտարկմամբ,  Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այն տպավորությունն է, որ  եթե պատիժ կրող անձը  ստանում է անհրաժեշտ դեղահաբերը (անկախ նրանից, թե դա տրամադրում է քրեակատարողական հիմնարկը, թե տվյալ անձի հարազատները), ուրեմն  պատիժ կրելու պայմանները տանելի են։ «Իսկ եթե անազատության մեջ գտնվողը դժվարությամբ է ինքնուրույն տեղաշարժվում, դժվարությամբ է շորերը հանում կամ հագնում, դժվարությամբ է սնունդ ընդունում, որ ինքնուրույն չի կարողանում լոգանք ընդունել՝  պաշտոնատար անձանց դրանք չեն հետաքրքրում, քանի  մասնագիտական խնամքի ինստիտուտի ներդրմանը  պետությունը լուրջ չի վերաբերում։ Այն տպավորությունն ունեմ, որ պաշտոնյաները մտածում են թե դրանք ճոխություն են անազատության մեջ գտնվողների համար»,-ասաց Հայկ Դավթյանը։

Ռոբերտ Սարգսյանը 18 տարի առաջ, երբ կալանավորվեց՝  22 տարեկան էր, հիմա արդեն 40 տարեկան։ Իր ձեւակերպմամբ՝ «հիվանդությունների փունջը ստացել է բանտում»։ «90 տոկոսից ավելի կուրություն ունեմ, շարժումներս սահմանափակ են, դժվարությամբ եմ շարժվում, երկու անգամ գլխուղեղի վիրահատություն եմ տարել, հատուկ սարքեր են տեղադրել ողնաշարիս վրա, ստամոքսիս մեջ»,-ասաց Ռոբերտ Սարգսյանը։

Խցում մենակ է ապրում, իր առողջական վիճակից ելնելով՝ նպատակահարմար չի գտնում որեւէ մեկի հետ համատեղ ապրել, խցակցին՝ տհաճություն պատճառել կամ նեղություն տալ։ «Նյարդային խնդիրներ էլ ունեմ, ձայները վրաս ազդում են, շուտ եմ բռնկվում ու կարող եմ անտեղի վիճել մեկի հետ։ Նաեւ այդ պատճառով եմ մենակ ապրում»,-պատմեց Ռոբերտ Սարգսյանը։

Մարդու իրավունքներով խորհրդատու Հայկ Դավթյանը  մեջբերում է «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռում առկա իրավական գնահատականը։ Մասնավորապես,  ծանր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձին այն վիճակում դնելը, որ վերջինս պետքարանից օգտվելու, լոգանք ընդունելու և հագնվելու կամ հագուստը հանելու հարցում հույս դնի իր խցակիցների վրա, Դատարանին հանգեցրել է այն եզրակացության, որ կալանքի պայմանները հավասարազոր են նվաստացնող վերաբերմունքի (կետ 152)։

Հայկ Դավթյանի համոզմամբ, պետական կառույցները կարծում են, որ եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող հաշմանդամություն ունեցող անձը՝ խցակցի  օգնությամբ հոգում է իր կենցաղային կարիքները, դա բավարար պայման է, որպեսզի մարդիկ իրենց երջանիկ զգան կալանավայրում։ «Նրանց մտքով նույնիսկ չի անցնում, որ հաշմանդամություն ունեցողն ուզում է ինքնուրույն տեղաշարժվել, ինքնուրույն սնունդ ընդունել, ինքնուրույն լոգանք ընդունել, ոչ թե այդ ամենը անել խցակիցների օգնությամբ, որոնք որոշ ժամանակ անց հոգնում են նման խցակցից, ու սկսում նրան ծաղրել, ծաղրուծանակի ենթարկել, որ նման իրավիճակը կարող է ձգվել օրեր, ամիսներ, ու տարիներ»,-նշեց Հայկ Դավթյանը։

Հաշմանդամություն ունեցող դատապարտյալ Ռոբերտ Սարգսյանը իր մասնաշենքից դուրս չի գալիս․ խցից  զբոսաբակ գնալն էլ արդեն սովորել է։ «Մասնաշենքում շարժվում եմ, բռնելով գնում եմ՝ գիտեմ խցիս տեղանքը, զբոսաբակի տեղը»,-ավելացնում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ շատերը թերեւս կօգտվեին խնամք տրամադրող մասնագիտական խմբերից։

Քրեակատարողական ոլորտի պատասխանատուների կարծիքով, պետությունը ցանկության դեպքում կարող  է նույնիսկ պատիժ կրող անձանց վճարել իրենց հետ ապրող հաշմանդամություն ունեցողների խնամքը հոգալու համար։  Ըստ փորձագետների, սա եւս սոցիալականացման մի ձեւ է։

Ռոբերտ Սարգսյանի  պատմելով, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման աշխատակիցները նորից են հավաքագրել փաստաթղթերը, որպեսզի ուղարկեն միասնական սոցիալական ծառայություն՝ բժշկասոցիալական նոր փորձաքննության։ «Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե 15-20 տարվա ազատազրկման դատապարտված լինեի, վաղուց ազատված կլինեի կալանքից, բայց քանի որ ցմահ եմ, ապա չեն ուզում ազատել»,-մեր զրույցի վերջում ասաց Ռոբերտ Սարգսյանը։

Նշենք նաեւ, որ մեր գրավոր հարցմանը՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ից պատասխանել են, որ վերջին երեք տարում պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող 28 դատապարտյալ ազատվել է պատժի կրումից. 2023թ.-ին՝ 9-ը, 2024թ.-ին՝ 14, իսկ ընթացիկ տարում՝ 5 մարդ։

Հ․ Գ․-Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սերգեյ Գրիգորյանի խնդրին։ Վերջինս 10 տարուց ավելի անազատության մեջ էր, ուներ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։ Ընդհանուր իրավասության դատարանը, այդ հիմքով,  նրան ազատել էր պատժի կրումից, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Սերգեյ Գրիգորյանին նորից կալանավայր էին տարել։ Գրիգորյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան։ Մեր հրապարակումից հետո, օգոստոսի 5-ի, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով Գրիգորյանն ազատվել է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031