Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հիմա շինարարական աշխատանքներ ընթանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում. պարզաբանում է տնօրենը

Օգոստոս 25,2025 10:22

Սոցցանցերում տարբեր մեկնաբանություններ կան Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Շատերի համար տարակուսելի է, որ այդ աշխատանքները հիմա են մեկնարկել, երբ իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղությունից, ճանապարհների ապաշրջափակումից, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Ցեղասպանության պատճառները հասկանալուց:

Aravot.am-ը Ծիծեռնակաբերդում շինարարական աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանից:

«Այդ աշխատանքները վաղուց են սկսվել, մենք դրա մասին պարբերաբար տեղեկացրել էինք: Մոտ երկու ամիս է՝ աշխատանքներն ընթանում են, հիմնանորոգման եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում:

Երբ հուշահամալիրն ու թանգարանը կառուցել են, ջրահեռացման համակարգ չի կառուցվել, պարբերաբար խնդիր ենք ունեցել: Վարչական շենքի տանիքից ջուրը ներս էր լցվում, երբ անձրեւ էր գալիս, նաեւ անձրեւաջրերը այս ամբողջ տարիների ընթացքում հուշահամալիրից ներս են լցվել, քանի որ չի եղել ջրահեռացման համակարգ: Անվտանգության խնդիր էր առաջացել, որովհետեւ բազալտի քարերը արդեն սկսել էին տեղաշարժվել, ջուրը ներսում հավաքվել էր ու սկսել էր քարերը դուրս հրել:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է աշխատանքները ղեկավարում: Այս պահին, որպեսզի մույթերը չփակվեն, ողջ համալիրը չփակվի, եւ մարդիկ մուտք ունենան, իրենք երկուական մույթերով հանում են բազալտի քարերը, ջրահեռացման համակարգ են անցկացնում ու նոր բազալտի քարեր են դնում վրան: Ինչպես արդեն նշեցի, որպեսզի ամբողջ հուշահամալիրը չփակվի, աստիճանաբար են իրականացվում աշխատանքները, հետեւաբար դա կարող է երկար տեւել»,-պարզաբանեց Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031