Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Պաշտպանական խումբը շարունակում է պնդել, որ Միքայել սրբազանի նկատմամբ հարուցված գործն ի սկզբանե անօրինական է։ Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է, այսօրվա նիստում ուսումնասիրվեց Միքայել սրբազանի հարցազրույցի տեսանյութը, որտեղ նա հետեւյալ հայտարարությունն էր արել․ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։ Այս հարցազրույցը Միքայել սրբազանը տվել էր 2023 թվականին։
Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ 2024 թվականի իր հարցազրույցում Միքայել սրբազանը վերահաստատել է իր նախկին հայտարարությունները։ Նա հարցադրում արեց՝ ո՞նց է լինում, որ 2023 թվականին ասել են՝ սա հանցագործություն չէ, բայց 2024 թվականին նույն հայտարարությունները որակել են հանցանք։
Պաշտպանները պնդում են, որ Միքայել սրբազանի գործը քաղաքական ենթատեքստ ունի։ «Հենց իշխանական վերնախավը սրբազանի մասով բացասական կարծիք հայտնեց, նույն օրը դատախազությունը սկսեց նախաձեռնել գործընթացը»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ