Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանամերձ, իսկ մինչ այդ՝ առաջնագծից հեռու էր հարյուր և ավելի կմ

Օգոստոս 26,2025 11:50

Պատմական Եղվարդը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի գյուղերից է։ Սյունիքի պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, որը հարուստ տեղեկություններ է թողել իր և ավելի վաղ ժամանակների մասին, «Սյունիքի պատմություն» գրքում՝ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու (խոսքը Տաթևի վանքի մասին է․ Զ․ Ը․) հարկացուցակը ըստ հին սահմանվածի» ՀԴ գլխում, Եղվարդը հիշատակում է Աղահորդ անունով՝ Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի կազմում՝ 10 միավոր հարկով (էջ՝ 401)։ Այսինքն՝ դեռևս մոտ 1000 տարի առաջ այս բնակավայրը եղել է շեն ու մեծ գյուղ։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում էլ է գրեթե նույն Աղավուրդ անունով կոչվել։ Մոտ 25 կմ հեռավորությամբ է ներկայիս Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից։ 2017 թվականից Կապան խոշորացված համայնքի կազմում է՝ հյուսիսարևելյան կողմում, անտառապատ տարածքում։

Օրերս աշխատանքային այցով Կապանում էի, վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ այցելեցի նաև Եղվարդ։ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանամերձ, իսկ մինչ այդ՝ առաջնագծից հեռու էր հարյուր և ավելի կմ։ Միևնույն է՝ եղվարդցին ապրում է իր հողում։

Հանդիպեցի ու զրուցեցի գյուղի վարչական ղեկավար Սպարտակ Զաքարյանի հետ։ Տեղեկացրեց՝ 2005 թվականից ղեկավարում է Եղվարդը․ 4 անգամ վերընտրվել է։ 2017-ին նշանակվել է գյուղի վարչական ղեկավար, 2018 թվականին ազատվել է այդ պաշտոնից, աշխատել այլ տեղ։ 2025-ին վերստին նշանակվել է գյուղի վարչական ղեկավար։ Հայրենի ծննդավայրի զարգացումը, բարգավաճումը մշտապես է եղել Ս․ Զաքարյանի հոգսը։

Եղվարդն այժմ ունի 78 ընտանիք՝ մոտ 270 բնակչով։ Արցախյան 2023թ․ բռնագաղթից փրկված 10 ընտանիք, մոտ 50 բնակիչ, վերաբնակվում է Եղվարդում։ Այժմ շատ արցախցիներ են բնակվում Կապանի խոշորացված համայնքի կազմում գտնվող գյուղերում։

Եղվարդում զրուցեցի նաև վերաբնակիչ-արցախցիների հետ։ Ինչ խոսք, հայրենի տան կարոտն արցախցու սրտում է, վերադարձի հույսը հոգու խորքում, բայց այստեղ՝ Եղվարդում, արդեն տեղավորվել են, կան աշխատողներ, ու բոլորն են գոհ եղվարդցիներից, գյուղի վարչական ղեկավարից, որը մշտապես նրանց կողքին է։ Առաջին օրերին նաև նրա հարկի տակ են մնացել, գյուղի մշակույթի տանը։

Ս․ Զաքարյանն այցի օրը նույնպես զբաղված էր գյուղի հոգսերով։ Այս օրերին գյուղի ներքին մասում բարեկարգվում է Շենին աղբյուրի տարածքը։ Գյուղի այս հարստությունից դարերով է օգտվել եղվարդցին․ աղբյուրի ակունքի վրա պահպանվում է միջնադարյան կառույցը։

Տարածքում կառուցվում է հանգստի գոտի։ Խմելու ջրի խնդիրը բավարար է, սակայն ոռոգման ջուր չկա։ Գետի համեմատությամբ գտնվելով բարձրադիր գոտում՝ ծովի մակարդակից 1040-1120 մ բարձրության վրա, առանց պոմպակայանի հնարավոր չէ ոռոգման ջուր ունենալը։ Խորհրդային տարիներին ոռոգման ջուրը գյուղ հասել է նույն պոմպակայանով։

Բնակչության խնդիրներից է նաև բնակավայրի գազաֆիկացված չլինելը։

Եղվարդի միջնակարգ դպրոցում անցած ուստարում սովորել են 41 աշակերտ։ Իսկ նախակրթարան-մանկապարտեզն ունի 10 սան։ Բնակչությունը հիմնականում զբաղված է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։

2020թ․ սեպտեմբերյան պատերազմի պատճառով արոտավայրերն ու խոտհարքերը համեմատաբար պակասել են։ Այս պատճառով մոտ 70 տոկոսով կրճատվել է անասնագլխաքանակը։ Վարելահողերը մշակվում են՝ չնայած մոտ են սահմանին։

Ս․ Զաքարյանը, խոսելով գյուղի անցյալի մասին, ասաց՝ 1730 թվականին՝ Դավիթ Բեկի ազատագրական պատերազմից հետո, պարսից շահի հրամանով Եղվարդն ավերվել է, բնակչությունը տեղահանվել և աքսորվել է Պարսկաստանի Ղարադաղի Վինա գյուղ։ Պատճառը՝ ազատագրական պատերազմի ժամանակ աջակցել են Դավիթ Բեկին ու նրա զինակից Չավնդուրի իշխան Թորոսին, եղել են ապստամբ։ Եվ միայն 100 տարի անց՝ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն, Աղահորդ-Եղվարդ բնակավայրի բնակիչների ժառանգները՝ 54 ընտանիք, վերադարձել են պապենական տուն ու վերահայացրել։ Այդ ժամանակից մինչ օրս Եղվարդում միայն հայեր են բնակվում։

Գյուղի կենտրոնում է գտնվում հնադարյան գերեզմանոցը, որի տարածքում կանգուն է Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին՝ կառուցված 1700 թվականին։ Նույն գերեզմանոցում է ամփոփված նաև Թորոս իշխանի մարմինը։

1725 թվականին Չավանդուր գավառի կենտրոն Եղվարդ գյուղից մոտ 9կմ արևելք ընկած Շուշանների դաշտում Թորոս իշխանի հրամանատարությամբ գործող Դավիթ Բեկի ջոկատներից մեկի և Ֆաթհ-Ալի խանի զորքերի միջև տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է նաև Թորոս իշխանը: Եվ այս հերոսի` Եղվարդ գյուղում հուղարկավորված լինելը, առիթ է հանդիսացել, որ «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը 2007-2011թթ. նորոգել է Սբ. Աստվածածին եկեղեցին ու բարեկարգել տարածքը:

Գյուղի կենտրոնում կանգուն է նաև Մեծ Հայրենականում նահատակված եղվարդցիներին նվիրված հուշարձանը։ 2 սալաքարի վրա 105 զոհվածի անուն է քանդակված։ Հարևանությամբ Արցախյան պատերազմներում զոհվածների հուշախաչն է։ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմում գյուղից զոհվել է 20-ամյա Գոռ Անդրեասյանը։ Ռմբակոծության պատճառով խաղաղ բնակիչ էլ է զոհվել։

Եղվարդում են ծնվել ՀՀ վաստակավոր արտիստ, Կապանի թատրոնի նախկին ղեկավար Կամո Արզումանյանը, դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը, գինեգործ, կենսաքիմիկոս, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սլավիկ Հարությունյանը, իրավագետ Բագրատ Զնղունանցը։

Եղվարդից Կապան ենք վերադառնում համայնքային Ագարակ, Խդրանց, Վարդավանք և այլ գյուղերով, անտառապատ ու ոլորապտույտ ասֆալտապատ ճանապարհով։

 

 Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031