Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիկտիվ խաղաղությունը ներկայացնել որպես իրական խաղաղություն և դատարկ հույս ներշնչել ժողովրդին, մեղմ ասած, անազնիվ է

Օգոստոս 26,2025 12:48

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ գործարքը բացարձակապես որևէ առիթ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին միմյանց շնորհավորելու համար, ինչն այդպես ջերմեռանդորեն անում են ՀՀ իշխանության ժամանակավոր ներկայացուցիչներն ու մերձիշխանական, այսպես կոչված, փորձագիտական շրջանակները։ Առիթ չի տալիս միմյանց շնորհավորելու, որովհետև, իմ դիտարկմամբ, այդ հռչակագիր կոչված թրամփյան գործարքը ֆիկտիվ խաղաղության մասին էր։ Ֆիկտիվ խաղաղությունը ներկայացնել որպես իրական խաղաղություն և դատարկ հույս ներշնչել ժողովրդին, մեղմ ասած, անազնիվ է։

Գենադի Մնացականյան

Ինչպես հայտնի է, այդ օրը Վաշինգտոնում, բացի եռակողմից կնքվել են նաև այլ ֆորմատի գործարքներ, որոնցից միակ ամենամեծ ու ամենաիրական գործարքն այն էր, որ չեղարկվեց 1992 թվականին հայկական լոբբիստական խմբերի հետևողական ջանքերի շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907-րդ բանաձևը, որով ամերիկյան կառավարությանը արգելվում էր որևէ ձևով օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը։ Առանց այն էլ որտեղից հնարավոր է զենք հայթայթող Ադրբեջանի համար բացվեցին նաև ամերիկյան զենք գնելու հնարավորությունները, ինչը, բնականաբար Հայաստանի շահերից չի բխում։

Ուրիշ փոքր ու միջին զորության հաղթաթղթեր նույնպես Ադրբեջանի նախագահին հաջողվեց կորզել Վաշինգտոնում, սակայն խաղաղության համար Հայաստանի քաղաքացիներին շնորհավորելու կեղծավոր լինելը փաստելու համար միայն Ադրբեջանի այդ մեկ հաղթանակը նշեցի։

Հետևաբար՝ օգոստոսի 8-ին Ադրբեջանին անարգելք զինելու վաշինգտոնյան «լիցենզիայի» տրամադրումը կենսափորձ ունեցող հային այլ իրականության մասին է հուշում, որը, կրկնեմ, շատ ափսոս, որ միմյանց շնորհավորելու առիթ չի տալիս։

Եթե իրոք Վաշինգտոնում տեղի ունեցած գործարքը իրական խաղաղության մասին լիներ, ապա, կարծում եմ, Հայաստանում մեզ հետ միասին այդ ուրախությունը պետք է կիսեին իրենց հայրենասիրության ու եկեղեցասիրության պատճառով Բաքվի ու Երևանի բանտերում հալածվող քաղբանտարկյալները և, ընդհանրապես, շատ լավ առիթ կլիներ համաներում հայտարարելու համար։

Եթե իրական խաղաղության մասին լինեին Վաշինգտոնյան գործարքները, ապա առնվազն պետք է արցախահայության վերադարձի հարցը կառավարության նիստերում օրակարգային ու թեժ լինեին։

Եվ վերջապես եթե իրական խաղաղության մասին լիներ վաշինգտոնյան եռակողմ գործարքը, ապա օգոստոսի 25-ին Կապանում տեղի ունեցած ամենամյա դեսպանահավաքի ժամանակ ինչ-որ վերացական խաղաղության խաչմերուկի թեման զարգացնելու մասին ցուցումներ տալու և դրանով ՀՀ արտաքին քաղաքականությանը ավելորդ անլրջություն հաղորդելու փոխարեն՝ երկրի ղեկավարները Հայաստանը ներկայացնող դեսպաններին ի թիվս ռազմավարական այլ կարևորություն ունեցող խնդիրների՝ արցախահայության իրավունքների մասին օտար պետություններում բարձրաձայնելու հրահանգներ կտային։

Սակայն այդ ամենը տեղի չի ունենում, քանի որ ՀՀ իշխանություններն էլ շատ լավ հասկանում են, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը ընդամենը խաղաղության իմիտացիայի բեմականացում էր՝ ամերիկյան շոումենին խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացնելու նպատակով, որից վարպետորեն օգտվեցին միայն Հայաստանի թշնամիները, իսկ մեզ խոստացան «մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված»։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031