Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Երբ ամուսինները այդպես զբոսնում են Երեւանում, մարդիկ շատ լավ գիտեն, որ փողոցները փակված են, ու քննարկում են, թե այդ ժամանակ Նիկոլը եւ իր թիմակիցները մեր թիկունքի հետեւում ում հետ ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում»

Օգոստոս 26,2025 19:01

Վաշինգտոնում խաղաղության փաստաթղթի նախաստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից ինտենսիվորեն տարածվող թեզերը, թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը երբեք այսքան խաղաղ ժամանակաշրջանում չեն ապրել, դարձել է լայն քննարկման թեմա, որին «Հայելի» ակումբում անդրադարձել է նաեւ հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Իրենք վստահության ամբողջ ռեսուրսը սպառել են: Մարդիկ իրենց չեն հավատում, ու իրենց դեմքը մարդկանց ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների համար արդեն պարզ է: Բայց բոլոր դեպքերում իրենց ձեռքում կան լծակներ, պետությունը իր բոլոր օղակներով, փաստորեն, իրենց ձեռքին է: Եվ փորձում են խաբեությամբ հասարակությանը գցել մոլորության մեջ: Մի տեսակ ժամանակ են շահում իրենց սեւ գործը մինչեւ վերջին կաթիլը տանելու համար:

Երբ ամուսինները այդպես հանգիստ զբոսնում են Երեւանում, մարդիկ շատ լավ գիտեն, որ փողոցները փակված են, որ այդ ամենը բեմադրություն է: Մարդկանց արդեն դրանով չես խաբի: Բայց բոլոր դեպքերում դա թեմա է դառնում: Մարդիկ նայում են, խոսում են, թե այդ ժամանակ Նիկոլը եւ իր թիմակիցները մեր թիկունքի հետեւում ում հետ ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում: Դա մեզ համար բացարձակապես փակ է: Իրենք զբաղեցնում են եւ այդ զբաղեցնելու հետ մեկտեղ նաեւ անում են բաներ, որոնք շատ նվաստացուցիչ են:

Օրինակ, այդ կերպարով, որ դուրս են գալիս Երեւանի փողոցներ, նայում, մտածում ես, որ սա է քո երկրի ղեկավարը այդ պահվածքով, այդ կերպարով, արդեն քեզ նվաստացած ես զգում, որովհետեւ հենց դրսից եթե ծիծաղում են իր վրա, նաեւ մեր վրա են ծիծաղում: Այսինքն, ով ուզում է լինի քո երկրի ղեկավարը, ինչ վերաբերմունք կա նրա նկատմամբ, դա նաեւ մեզ է վերաբերում:

Ամեն անգամ, երբ Նիկոլի հասցեին ինչ-որ մի ծաղր է հնչում դրսից, հասկանում ենք, թե ով է Նիկոլը, որ ինքն անձամբ դրան արժանի է: Բայց քանի որ սա մեր երկիրն է ներկայացնում, մի տեսակ, գետինն ես մտնում, որ քո հայրենիքի, քո երկրի առաջին համար ներկայացուցիչը սա է: Նվաստացում, նվաստացում, նվաստացում:

Մարդիկ հասկանում են, որ այս պահին խանութները դեռ գուցե լիքն են, սրճարանները դեռ աշխատում են: Երեւանը, Հայաստանը հրաշք են, եւ մարդիկ ուզում են անհոգ ապրել: Բայց տեսնում են, որ առջեւում անդունդ է, հասկանում են, որ այն, ինչ կատարվում է, կարող է փոփոխությունը ժամերի մեջ տեղի ունենալ»,-ասաց բանախոսը:

Որ մարդիկ, կարծես, անհոգ են, սրճարաններում նստած են, իրենց համար զբոսնում են, հոգեբանը դատապարտելի չի համարում: «Մարդն ապրում է իր առօրյա կյանքով եւ ինքը կարող է իր համար հաճելի, իր սիրելի մարդկանց հետ նաեւ նստել սրճարանում: Բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ կա այդ մարդկանց մտքում, ո՞վ է ասել, թե այդ մարդիկ հավատում են այս խեղկատակությանը: Այդպես չէ: Տրամադրությունները կտրուկ փոփոխված են: Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ առավոտից իրիկուն նստեն ու ողբան:

Այս իշխանությունը ոչինչ չի ստեղծել, բայց ունի մի առանձնահատկություն՝ ուրիշի ստեղծածը իրեն վերագրելը: Երկիրը, որում գտնվում է Հյուսիսային պողոտան հիմա իր թաթերի մեջ է, ինքը համարում է իրենը: Թուրքի բնավորության մի յուրահատուկ բան կա. Ուրիշինը համարել իրենը: Վերջերս Ալիեւը ասում էր չէ՞, որ Մոսկվան, թե Կրեմլը ադրբեջանցի մի ճարտարապետ է կառուցել: Թուրքի բնավորության, բարոյականության մակարդակի շատ ցածր մակարդակն է, որ ուրիշի ստեղծածը վայելում է՝ այդ ուրիշ մեկին վարկաբեկելով, նվաստացնելով:

Եվ իրենց գործողություններին, արածներին, արտահայտած մտքերին որ հետեւում ես, դասական օրինակ է՝ բարոյազուրկ մտքի, բարոյազուրկ վարքի: Ավելի վառ օրինակ դժվար է պատկերացնել: Իրենք արդեն բաց իրենց դեմքը ցույց են տալիս: Արդեն չեն ասում խոնարհվում ենք, չեն ասում ձեր թիկունքի հետեւում ոչ մի բան չի ստորագրվելու: Իրենք արդեն իրենց թիկունքը պինդ են զգում, իրենց պաշտպանված են զգում: Այն, որ ցինիկաբար ասում է՝ չէք հավանում, հեղափոխություն արեք, ցինիզմի գագաթնակետն է»,-ասաց Կարինե Նալչաջյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031