Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ փաստաթուղթը կողմերին թույլ է տալիս զբաղվել ինչով ուզում են, ինչպես միշտ, ինչպիսին էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. Մանվել Սարգսյան. «Իրավունք»

Օգոստոս 27,2025 10:30

«Իրավունք» թերթը գրում է. «Վաշինգտոնյան հանդիպումից հետո իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե այլևս պատերազմ չի լինելու, արդեն խաղաղություն է,  սակայն քաղաքագետ Մանվել Սարգսյանը այսպես է մեկնաբանում.

– Վաշինգտոնյան հանդիպումը կապ չուներ փաստաթղթի հետ, այն լրիվ փոխել է քաղաքական իրավիճակը խնդրի շուրջ: Իրականության մեջ Վաշինգտոնում հետևյալն է կատարվել. ԱՄՆ-ն Հայաստանի կողմից իրավունք է ստացել վարձել ՀՀ ինքնիշխան տարածքից ինչ-որ կտոր՝ խոստանալով ինչ-ինչ գործողություններ անել այստեղ: Մնացած ամեն բան խոսակցություն է, անգամ այդ եռակողմ հուշագրի մեջ նշված էլ չէ, թե այդ տարածքը ո՛րն է, կա ընդամենը այն, որ Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին նման ճանապարհ, թե՛ որտեղից է դա լինում, ինչ երկարություն ունի՝ չկա գրված, որևէ բան չկա սահմանների մասին:

Այդ փաստաթուղթը բոլոր կողմերին թույլ է տալիս զբաղվել ինչով ուզում են, ինչպես միշտ, ինչպիսին էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ու ի վերջո ստացվել է իրավիճակ, որը որևէ կապ չունի այդ փաստաթղթի հետ: Այսօրվա փաստաթղթերը այդպիսին են, դրանք ապահովելու համար չկան իրավական պայմաններ: Ցանկացած սկզբունք, պայմանավորվածություն, պայմանագիր ցանկացածը խախտում է:

Թրամփը երբ եկավ նախագահության, սկսեց նոր սկզբունքներ մտցնել, դա նպատակահարմարությունն է, որ նպատակահարմար է այսպես: Միջազգային հարաբերություններում նպատակահարմարության սկզբունք չկա, բայց Թրամփը դա մտցրեց: Հիմա այս ճանապարհի, ինչպես իրենք են ասում՝ արտապատվիրակումը ԱՄՆ-ին նշանակում է, որ ինչ-որ պետության ինքնիշխան տարածք մեկ այլ պետություն, իհարկե պարտադրաբար, կարող է վերցնել իրեն ինչ-որ ժամանակով, հետո կարող է տալ ուրիշին: Սա սկզբունք է դառնում, որը որևէ կերպ չի կարող առնչվել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Վաշինգտոնում սա է կատարվել, անիմաստ է մտնել այդ տեքստի մեջ, այնտեղ ոչինչ չկա: Շատերին թվում է նաև, թե սա Ռուսաստանի, Իրանի ջախջախումն է, չկա նման բան, այս երկրների հայտարարություններից մենք տեսանք, չէ՞, որ շատ հանգիստ էին, իսկ սա նշանակում է, որ նախօրոք բոլորը խոսել էին, ու ամեն մեկը մի բան, հավանաբար, ստացել է: Հայաստանն էլ, ինչպես միշտ, ինչ դեմ են տվել՝ ստորագրել է, հիմա էլ արդարացնում են:

Պետք է ավելի լայն կոնտեքստով նայել կատարվողին, այդ պարագայում պարզ է դառնում, թե ինչ է կատարվում իրականում, ու որ ստորագրված այդ փաստաթղթերը որևէ նշանակություն չունեն: Հիմա հարցն այն է, թե ի՛նչ ազդեցություն է ունենալու այդ նախագծի իրականացումը Հայաստանի վրա, որովհետև դա բացահայտ ինքնիշխանության խախտում է, իսկ թե հետոն ինչ կլինի՝ կախված է ԱՄՆ-ի քաղաքականությունից:

Սա արդեն աշխարհաքաղաքականություն է, որը կապ չունի ո՛չ խաղաղության, ո՛չ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ուղղակի դրանք փայլուն օգտագործվեցին նրա համար, որ ինչ-որ տարածք, ռուսների ասած՝ զախվատ անեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031