Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մտայնության վերարծարծմանն էին ուղղված հայ սրտի անդաստանում բարեսիրության հունդերը սերմանելու Գարեգին Բ-ի անդուլ ջանքերը»

Օգոստոս 27,2025 15:04

Գարեգին Բ Հայրապետի ոգեկերտման նշանակալի ձեռնարկներից է նաև բարեսիրության ոգու վերարթնացումը մեր ժողովրդի զավակների սրտում ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: 1988-ի երկրաշարժը, Արցախյան ազատագրական պայքարը, նորանկախ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները ժողովրդի կյանքում ուղեկցվում էին երկրի տնտեսության համար սոցիալապես ծանր ցնցումներով՝ ի հայտ բերելով գործազրկություն, աղքատություն և արտագաղթ…

Հայոց Եկեղեցու հայրապետներն ու վարդապետները բոլոր ժամանակներում էլ քաջալերել են մերձավորի հանդեպ կարեկցանքը՝ սերը, գութը և ողորմությունը հռչակելով առավել շահավետ և օգտակար, քան վարձատրության արժանի բոլոր առաքինությունները… Ահավասիկ այս մտայնության վերարծարծմանն էին ուղղված հայ սրտի անդաստանում բարեսիրության հունդերը սերմանելու Գարեգին Բ-ի անդուլ ջանքերը:

Դեռևս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եղած շրջանից ապագա Հայրապետը ՀԲԸՄ-ի աջակցությամբ հայորդյաց տների հովանու ներքո սկիզբ է դնում բարեգործական ճաշարան կոչված հաստատության գործունեությանը, որտեղ ամենօրյա սնունդ էին ստանում անապահով, սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչները՝ ծերեր, միայնակներ, աղքատներ։

Այսօր արդեն բարեգործական ճաշարանների մի ողջ ցանց է գործում Հայաստանի Հանրապետությունով մեկ, որոնք սնունդ են մատակարարում հազարավոր կարիքավորների: Հայրապետի տեսլականն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաք ապահովված լինի նման ճաշարանով, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, մեր ժողովրդի որևէ զավակ անտեսված չլինի համապատասխան ուշադրությունից, խնամքից:
Անապահովների հոգածությանը զուգահեռ Գարեգին Բ Հայրապետը մեծ կարևորություն է տալիս նաև խնամքի կարոտ երեխաների կրթության և դաստիարակության գործին: Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործում են խնամքի երկու՝ Քյուրքչյան և Նագաշյան մանուկների տուն երեխաների աջակցության կենտրոնները: Հայրապետի բարեսիարական աստվածահաճո ձեռնարկների շարքում իր արժանի տեղն է գրավում նաև 2006 թվականին մեկնարկած «Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. կառուցենք հավատով» տնաշինական ծրագիրը: Այն նախատեսում էր 3 տարվա ընթացքում, աշխարհասփյուռ հայոց թեմերի թվին համազոր, տարին 37 տուն կառուցել՝ Հայաստանի տարբեր մարզերում տնազուրկ և կարիքավոր ընտանիքների համար:

Այս ծրագրի իրականացումը բնականաբար հայ հասարակության ընկալումներում ընդարձակեց բարեսիրության սահմանները՝ ուշադրություն հրավիրելով կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու անհրաժեշտության վրա: Շատ կազմակերպություններ և անհատ բարերարներ, խանդավառված այս գաղափարով, իրենց բարեգործական ծրագրերում սկսեցին կարևորել այս հիմնախնդիրը նույնպես:

Աղետի գոտի… 1988 թվականի ավերիչ երկրաշարժն իր անջնջելի հետքն է թողել այսօրվա մեր հասարակության վրա, կարելի է անգամ պնդել, որ դեռևս լիարժեքորեն չենք ազատվել աղետի գոտի ունենալու բարդույթից: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Գարեգին Բ Հայրապետի բարեսիրական գործունեությունը չի շրջանցել նաև հատուկ հոգածության կարիք ունեցող աղետի գոտու բնակիչներին: Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ մեկ տասնյակը գերազանցող բնակարաններ են նվիրաբերվել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին: Ավելին՝ Գարեգին Բ Հայրապետը Լուսավորչի գահին բազմելուն պես իր անմիջական ուշադրության ներքո առավ աղետի գոտի հանդիսացող Շիրակի և Գուգարաց թեմերը: Պատահական չէ, որ առաջինն այս տարածաշրջաններում հիմնվեցին հայորդյաց տներ և բարեգործական ճաշարաններ…

Ակնհայտորեն Հովվապետի հոգածու հայացքի ներքո հասարակության բոլոր խոցելի խմբերն են: Եվ Գարեգին Բ Հայրապետի ջանքերով սկսված բարեսիրության մշակույթի զարգացումը անմիջական արձագանքն է Դ դարում Ներսես Մեծ (353—373) Հայրապետով Հայոց Եկեղեցում սկզբնավովրած մարդասիրական ավանդույթների:

Բարեսիրության ոգու վերակերտումը, սակայն, Գարեգին Բ Հայրապետի մտահորիզոնում չսահմանափակվեց զուտ բարեգործական ճաշարանով և մանուկների խնամքի կենտրոններով, կարիքավորներին բնակարանով ապահովելու ծրագրով: 2013 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Վեհափառը հիմնում է Սոցիալական ծառայության կենտրոնը:
Այս կենտրոնի առաքելությունն է հասնել ամենուր բոլոր տեսակի կարոտյալներին՝ աղքատին, հիվանդին, կարիքի մեջ հայտնվածին: Մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր օգնության ակնկալիք ունեն: Այս համատեքստում չենք կարող չանդրադառնալ, որ 2020 թ. համավարակին ինչ կարևոր ներդրում ունեցավ Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնը՝ պետության կյանքում ստեղծված դժվարությունը հաղթահարելու առումով: Այսօր էլ իր Հովվապետի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Ս.
Էջմիածնի թեմերն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի շարունակում են իրենց օժանդակությունը ցուցաբերել հայրենի իշխանություններին, մեր ժողովրդի զավակներին:

Հայրապետի կողմից ազգային կյանքում իրականացվող բարեսիրական միջոցառումների ցանկը կարելի է երկարացնել: Այստեղ մասնավորապես կուզենայի հիշատակել Արցախում և Հայաստանի սահմաններում թշնամու գնդակից վիրավորված հայ զինվորի հանդեպ Հայրապետի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին: Վեհափառի միջնորդությամբ շատ զինվորականներ են արտասահմանյան տարբեր երկրներում բուժում ստացել, վերադարձել կյանքի բնականոն հունին։

Հատված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի «Ոգու շինարարը» հոդվածից
Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթ, 2021թ. նոյեմբեր

Մասյացոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031