Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդեց Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու վարույթը կարճել:
Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վարույթը ենթակա է կարճման Քրեադատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8 –րդ կետի համաձայն. այն է՝ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա:
Ըստ պաշտպանի՝ 2025 թվականի հունիսի 10-ին գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, նշել է Հ2-ի յութուբյան ալիքում տեղադրված Հակոբյանի հարցազրույցը, խնդրել է քրեական վարույթ նախաձեռնել:
Կարդացեք նաև
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչը որպես առիթ հիմք է ընդունել ֆիզիկական անձի հաղորդումը, այնինչ հաղորդումը ստացել էր դատախազից եւ նշել էր նախաձեռնման արձանագրության մեջ քրեադատավարության օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված առիթը՝ այն է` ֆիզիկական անձի ներկայացրած հաղորդումը:
Հանրային մեղադրողը հակադարձեց, որ քննիչը ստացել է առերեւույթ հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնել է վարույթ, չկա հոդվածի փոփոխություն, թերեւս կա տեխնիկական վրիպակ : Նա միջնորդեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ