Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործը սովորական չէ, իշխանության ուղղակի ուշադրության ներքո է, փորձում է ազդեցություն գործել քննությունն իրականացնողների վրա»․ Արա Զաքարյանը՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործի մասին

Օգոստոս 27,2025 20:45

«Պաշտպանական կողմն ակնկալում է արդարացման վերդիկտ։ Տուժողի ներկայացուցիչն ասաց՝ այս գործը սովորական գործ չէ։ Միանշանակ համաձայն եմ։ Այո, այս գործը սովորական չէ, այս գործն ուղղակի ուշադրության տակ է գտնվում՝ իշխանության լույսի ներքո։ Այս գործի հետ կապված բազմաթիվ իրադարձություններ ցույց են տալիս, թե իշխանությունն ինչ ազդեցություն է փորձում գործել այս գործով քննություն իրականացնող անձանց վրա»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց գործող մեղադրյալ «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը։

Ըստ նրա՝ այս գործը, լինելով իշխանության ուշադրության կենտրոնում, մեծ խնդիրներ է առաջացնում պաշտպանական կողմի՝ իրավունքների ապահովման առումով․ «Այնուհանդերձ, ես հուսով եմ՝ ինչքան էլ կաշկանդվածություն լինի, Ձեզ համար արդարադատության շահը կգերակայի, և սույն գործով կկայացնեք այնպիսի արդարացի որոշում, որ երբ իշխանության փոփոխություն տեղի ունենա, այդ որոշման իրավաչափությունը կասկած չհարուցի առաջին հերթին Ձեզ մոտ, հետո հանրության»։

Ըստ Արա Զաքարյանի՝ այն արարքները, որոնք ըստ մեղադրանքի մեղսագրվում են իր պաշտպանյալին, ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլում չեն ապացուցվել․ «Թորգոմ Ասատրյանը գնացել է ոչ թե անկարգություններին մասնակցելու, այլ հայրիկին տեսնելու, քանի որ նա ունեցել է որոշակի առողջական խնդիրներ, ուստի տեղեկանալով,  որ հայրը գտնվում է Հանրապետության հրապարակում, գնացել է այնտեղ։ Պաշտպանական կողմը դատարանին տեսագրություն է ներկայացրել, որը հետազոտելուց պարզվեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում Թորգոմ Ասատրյանն ու նրա հայրը՝ Նորայր Ասատրյանը փորձել են կանխել զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց գործողությունները՝ նրանց դիտողություն անելով և փորձելով նրանց անօրինական գործողությունները դադարեցնել։ Որևէ այլ ապացույց՝ հակառակն ապացուցող դատաքննության ժամանակ չի հետազոտվել։ Ակնհայտ է դառնում, որ իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքը, որ գնացել է զանգվածային անկարգություններին մասնակցելու նպատակով, չի հիմնավորվել»։

Արա Զաքարյանը վստահեցրեց՝ չի հիմնավորվել նաև Թորգոմ Ասատրյանին մեղսագրվող այն արարքը, որ Դեմիրճյան փողոցում Արարատ Միրզոյանին կյանքից զրկելու համար դիտավորությամբ հարվածներ են հասցրել մի խումբ անձինք, և խմբի անդամների հետ կյանքից զրկելուն ուղղված համատեղ դիտավորյալ գործողություններին, հանցավոր մտադրության իրականացմանը նաև ձեռնամուխ է եղել Թորգոմ Ասատրյանը․ «Ընդհանուր ապացույցների համակցությունն այս հանգամանքի վերաբերյալ չի կարող հանգեցնել այլ տրամաբանական հետևության, քան նրան, որ անգամ այնտեղ գտնվող ամենաագրեսիվ անձի մոտ չի եղել Արարատ Միրզոյանին սպանելու մտադրություն։ Չի հիմնավորվել, որ դեպքի մասնակիցներից ոմանց մոտ եղել է տուժողին սպանելու միասնական դիտավորություն»։

Արարատ Միրզոյանի լիազոր ներկայացուցիչը հակառակը պնդեց․ «Երբ գետնին ընկած անօգնական վիճակում գտնվող անձին շարունակում են հարվածել․ դա մեկ-երկու հարված չի եղել, այլ բազմաթիվ հարվածներ, ակնհայտ է, որ անձի դիտավորությունը ոչ այլ ինչ է, քան տուժողին կյանքից զրկելու դիտավորություն։ Այսինքն՝ բռնություն գործադրելու ջանքերը պասիվ ջանքեր չեն եղել, այլ ակտիվ։ Թորգոմ Ասատրյանը մենակ չէ․ կան այլ անձինք, այդ անձինք նույն կարգավիճակում չեն և քրեական պատասխանատվության առաջ չեն կանգնել։ Բայց կա մեկ միասնական դիտավորություն, և Թորգոմ Ասատրյանն այդ միասնականությունը դիտավորյալ կիսել է այդ անձանց հետ»։

Դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո հիմնական դատալսումները համարեց ավարտված։ Քրեական գործով վերդիկտի հրապարակում կլինի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031