Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Մոսկվայի մարզադպրոցի տնօրեն Դմիտրի Բերեստովը սիրողական ծանրամարտի իր թիմի հետ մարզական հավաք է սկսել Գյումրիում:
«Sputnik Armenia» մուլտիմեդիոն կենտրոնում անվանի մարզիկը պատմեց, թե իրենից ինչ է ներկայացնում սիրողական ծանրամարտը: «Իմ ղեկավարած մարզական կրթօջախ հաճախում են տարբեր տարիքի, մասնագիտության եւ նախասիրությունների տեր մարդիկ: Նրանց մեջ կան թե 50 տարեկաններ, թե 15 տարեկան երիտասարդներ, թե բիզնեսմեն, թե իրավաբան եւ թե կանայք ու աղջիկներ: Նրանց միավորում է մեկ բան՝ սերը ծանրամարտի նկատմամբ:
Իհարկե, բավականին մեծ է տարբերությունը սիրողական ու պրոֆեսիոնալ ծանրամարտերի միջեւ: Պրոֆեսիոնալ ծանրամարտում բարձրակարգ մարզիկներ են, որոնք ունեն խոշոր մրցումներում մեդալ նվաճելու հստակ նպատակ: Իսկ սիրողականում, թեւ այստեղ էլ կա որոշակի մրցակցություն, մարդիկ ավելի շատ մոտիվացված են իրենք իրենց հաղթելու վրա: Ու շատ հետաքրքիր են անցնում նրանց մարզումները, քանի որ, ասենք, 50 տարեկանը տեսնում է, որ իր կողքին մարզվում է երիտասարդ տղա կամ կին: Այսպես նրանք ավելի են մտերմանում, դառնում են, կարծես, մի ընտանիք»,- ասաց օլիմպիական չեմպիոնը, որն իր հերթին դարձել է այդ ընտանիքի անդամներից մեկը:
Բերեստովը նշեց, որ սովորաբար, երբ նմանատիպ հավաքներ է կազմակերպում, հավաքվում է մինչեւ 7, 10 մարդ: «Բայց երբ հայտարարեցի, որ Հայաստան, Գյումրի մեկնելու նպատակ կա, գրեթե բոլորը մի անգամից ցանկություն հայտնեցին: Եվ հիմա մենք այստեղ ենք 30 մարդուց բաղկացած թիմով: Սա արտագնա հավաքի մասնակցող մեր ամենամեծ պատվիրակությունն է: Մերոնք գիտեն հայ ծանրորդների, նրանց նվաճումների մասին: Եվ շատերի համար հետաքրքիր ու երազանքի պես մի բան էր՝ միեւնույն դահլիճում մարզվել ու լուսանկարվել այնպիսի ճանաչված մարզիկների հետ, ինչպիսիք են, ասենք, Վարազդատ Լալայանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները: Կասկած չունեմ, որ մեր թիմի անդամները Գյումրիում անցկացրած օրերը միշտ կհիշեն եւ ջերմ ընդունելության եւ հյուրասիրության համար»:
Կարդացեք նաև
Օլիմպիական չեմպիոնի հետ հետաքրքիր զրույց ծավալվեց ընդհանրապես ծանրամարտի, նրա ներկայիս վիճակի եւ ապագայի մասին: Եվ Դմիտրի Բերեստովը վստահություն հայտնեց, որ ծանրամարտը կշարունակի զարգանալ, չի կորցնի դիտարժանությունը ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում եւ Հայաստանում, ինչի համար մեր երկրում կան բոլոր նախադրյալները»:
Նա նաեւ հիշեց այն տարիները, երբ դեռ մեծ սպորտում էր ու մասնակցում էր տարբեր մրցումների: «Հայաստանի ծանրորդներն ինձ միշտ ասում էին, որ հայ եմ, եւ որ նայեմ հայելու մեջ, կհավատամ՝ նկատի ունենալով իմ արտաքին տեսքը: Հիմա, երբ եկանք Գյումրի, ես ինձ իսկապես կարծես իմ տանն եմ զգում»,-եզրափակեց օլիմպիական չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ