Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփ-Ալիեւ «մեղրամիս» է հասունանում

Օգոստոս 28,2025 12:00

Որեւէ մեկն Ադրբեջանում տեսնո՞ւմ է խաղաղության ձգտող հասարակություն

Այսպես, ըստ Փաշինյանի` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղություն է հաստատվել», մինչդեռ Ալիեւն ազդարարում է` «հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին»:

Թեեւ Փաշինյանը սխալ է համարում, որ արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները դիտարկվում են հաղթանակ-պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո, եւ անվերջ հաղթել հնարավոր չէ, այնուամենայնիվ, Ալիեւը տոնում է Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակները հարաբերական խաղաղության պայմաններում:

«Հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, եւ ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին», – օգոստոսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Քարվաճառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Նա ասել է. «Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք: Տխրահռչակ ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն չէր գործում եւ չէր կարող գործել։ Սակայն այն դեռեւս գոյություն ուներ օրինականորեն, բայց հիմա դրա վերջը մոտենում է»։

Թեեւ Փաշինյանը մեր հասարակությանը հայտնել է` հաստատված խաղաղության մասին, Ադրբեջանի նախագահը, վաշինգտոնյան եռակողմ բանակցություններից ու փաստաթղթերի ստորագրումներից ընդամենը 2 շաբաթ անց, փաստորեն, կրկին խոսել է սպառնալիքների, պատերազմի թեմաների շուրջ:

Մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի եւ անվտանգության պաշտպանության դիրքերում։ Մենք դիտարկում ենք, տեսնում եւ տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները, ասել է Ալիեւը, ապա` հավելել. «Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում մեր ուժերի զարգացման հետ կապված, մենք ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը հազարավոր մարտիկներով. չեմ ուզում հստակ թիվ նշել, բայց շատ ավելին, ստեղծվել են նոր Կոմանդոս ուժեր»։

Նա նշել է, որ Ադրբեջան են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր: Կնքվել են նոր մարտական ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագրեր, իսկ եղածներն ամբողջությամբ արդիականացվել են։ «Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետեւ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը»,- ընդգծել է նա:

Ի դեպ, նկատենք, որ ճիշտ նույն օրը Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց «խաղաղության» բյուջեի մասին… Նա կարծիք հայտնեց, որ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում, գուցե, չլինի։

Ադրբեջանի նախագահի` president.az կայքում, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվականների կողմից օգոստոսի 21-ին հրապարակվել է Ալիեւի ելույթից մեկ այլ հատված. «Ինչպիսի՞ հասարակության մեջ է ապրում Հայաստանը… Այնպիսի հասարակության, որը օկուպացիայի ժամանակ թալանը դարձրել էր եկամտի հիմնական աղբյուր։ Դա հիվանդ հասարակություն է, եւ ես այդ մասին բացահայտ եմ ասում։ Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել…»։

Որեւէ մեկն Ադրբեջանում տեսնո՞ւմ է խաղաղության ձգտող հասարակություն: Այդ երկրի նախագահը դադարեցրե՞լ է հայատյացության պետական քաղաքականությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները:

Նկատենք, որ օգոստոսի 8-ին վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից հետո մեկ շաբաթ անց «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբարլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հերքեց հաղորդումները, թե կազմակերպությունը լուծարման հանձնարարություն է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունն ընդունել է «Վերադարձի հայեցակարգ», որը կոչ է անում Հայաստանին ապահովել այդ անձանց «անվտանգ, արժանապատիվ եւ խաղաղ վերադարձը իրենց ծննդավայր»։

Ալեքբարլին հայտարարություն է տարածել, պնդելով, թե իր կազմակերպությունը հիմնվել եւ աշխատում է «միջազգային կոնվենցիաներում ամրագրված վերադարձի իրավունքի ապահովման» համար, եւ այս առումով այն որեւէ կապ չունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների առաջնորդների միջեւ ստորագրված հռչակագրի հետ։ «Մեր գործունեության նպատակն է մեր վերադարձը մեր պատմական հողեր։ Համայնքը երբեք չի արտահայտվել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք Արեւմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», – ասել է Ալեքբարլին։

«Բոլորը Թրամփին դեմոնիզացնում էին նույն կերպ, ինչպես ինձ էին դեմոնիզացնում». Ալիեւն իրեն համեմատում է ԱՄՆ նախագահի հետ

Օգոստոսի 8-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի նախագահն ավելի մեծ թափով է սկսել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգի հետ հարաբերությունները խորացնելու հետեւողական գիծը: Դոնալդ Թրամփի հասցեին հաճոյախոսություններ շռայլելու պակաս նրա կողմից չի զգացվում:

Վաշինգտոնյան այցից երկու շաբաթ անց Ադրբեջանի նախագահը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հարցազրույց է տվել, որի ընթացքում նշել է, որ Դոնալդ Թրամփը իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մի շարք հակամարտություններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկած ջանքերի համար։

Նման քայլի բացատրությունն, ըստ Ալիեւի, հստակ է՝ Թրամփը «հրաշագործ է»։ «Նա հրաշք գործեց Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում։ Դա է իր բնավորությունը, բնույթը։ Թրամփը խաղաղություն է ուզում։ Նա մի մարդ է, որ շատ է տարբերվում արեւմտյան առաջնորդի ավանդական կերպարից։ Նա շատ բարեկամաբար է տրամադրված, առատաձեռն է, այնքան առատաձեռն է, որ նույնիսկ ծրագրվածից ավելի շատ նվերներ է տալիս»,- բացատրել է Ալիեւը:

«Ադրբեջանը եւ Հայաստանը առաջադրել են նախագահ Թրամփին», ասել է Ալիեւը, հավելելով, թե նա ամենեւին նման չէ արեւմտյան առաջնորդներին։ «Նախագահ Թրամփը շատ առատաձեռն էր, եւ տվեց մեզ ավելին, քան մենք ծրագրում էինք»։

Ի դեպ, Ալիեւը նույնությամբ կրկնել է նաեւ Թրամփի ամենաարմատական կողմնակիցների գլխավոր ներքաղաքական թեզերից մեկը, որի համաձայն՝ «խորքային պետությունը» 2020-ին կեղծել էր ամերիկյան ընտրությունները՝ թույլ չտալով Թրամփին վերընտրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ «Նրանք գողացան Թրամփի հաղթանակը։ Ամերիկյան վարչակազմերը սիրում են ողջ աշխարհին դասեր տալ, թե ինչպես է պետք ապրել, ինչպես է հարկավոր ժողովրդավարություն կառուցել եւ ընտրություններ անցկացնել։ Բայց հենց իրենք դարձան նախագահ Թրամփի դեմ իրականացված մեծագույն ընտրակեղծարարության հեղինակը՝ զրկելով նրան հաղթանակից», հայտարարել է Ալիեւը։

Եվ ոչ միայն այսքանը: Ալիեւը նաեւ զուգահեռներ է տարել իր եւ Դոնալդ Թրամփի արեւմտյան ազդեցիկ թշնամիների միջեւ, որոնց դեմ պայքարն, ըստ Ալիեւի, լուրջ համարձակություն է պահանջում: «Նա Ամերիկայում հետ եկավ իշխանության մի իրավիճակում, երբ ճահճում բնակվող այդ բոլոր գորտերը՝ USAID-ն, «Ազատություն» ռադիոկայանը, կեղծ լուրեր տարածող այդ բոլոր լրատվամիջոցները՝ Washington Post-ը, New York Times-ը, Wall Street Journal-ը, Newsweek-ը, բոլորն իր դեմ էին աշխատում։ Բոլորը Թրամփին դեմոնիզացնում էին նույն կերպ, ինչպես ինձ էին դեմոնիզացնում՝ գուցե ոչ նույն մակարդակի, բայց նույն ձեւով», նշել է Ալիեւը։

Ի դեպ, օգոստոսի 25-ին Ադրբեջանի նախագահը սոցիալական ցանցի իր էջերում վաշինգտոնյան հանդիպումներից երկու լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ինքը եւ Փաշինյանը` Թրամփի հետ: Պարզվում է, ԱՄՆ նախագահը Ալիեւին այդ լուսանկարներն ուղարկել է՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ։

Այս քայլին ի պատասխան՝ Ալիեւը սոցիալական ցանցերի իր էջերում նրան շնորհակալություն է հայտնել` անձնական ստորագրությամբ իրեն նվիրած «պատմական լուսանկարների եւ դրանց վրա գրված բարի խոսքերի համար», գրելով. «Բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ աշխարհում խաղաղության օրակարգին տրված անսասան աջակցությունը եւ դրա համար նրան մեկ անգամ եւս իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում»:

Ըստ ամենայնի, մոտենում է Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունների ջերմացման փուլը: Համենայնդեպս, Ալիեւի հայտարարությունները եւ որոշ ազդակներ Վաշինգտոնից այդ մասին են հուշում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031