Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության արմատացած ընկալումները փոխելու ջանքերը կբախվեն Երևանի և Բաքվի պատրաստակամությանը՝ կնքելու «մոռացման պակտ»՝ պատասխանատվությունից խուսափելու ռազմավարություն

Օգոստոս 28,2025 17:22

«Տարածաշրջանային ուժերը և ներքին քաղաքականությունը սպառնում են Սպիտակ տան գագաթնաժողովի համոզիչ ազդեցությանը: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապաապահովագրումը կախված կլինի ավելի շատ ներքին քաղաքական փոփոխություններից», – «ԱՄՆ միջամտությունը նոր էջ է բացում Երևանի և Բաքվի բանակցություններում, սակայն մարտահրավերները մնացել են» վերնագրով իր հոդվածում այս կարծիքն է արտահայտում Chatham House վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը:

Հոդվածում Լոուրենս Բրոերսը նշում է. «Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը նոր էջ է բացել 2025 թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ գագաթաժողովի արդյունքում։

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր (թեև ոչ իրական խաղաղության պայմանագիր), որոնք երկու պետությունների միջև բարդ բանակցությունների կարևորագույն պահ են համարվում։

Նրանց վերջին պատերազմն ավարտվել է 2020 թվականին Ադրբեջանի ոչ լիարժեք հաղթանակով, որին հաջորդել են մի շարք սրացումներ, որոնք գագաթնակետին են հասել Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավմամբ և ամբողջ հայ բնակչության զանգվածային տեղահանմամբ»։

Սպիտակ տան գագաթնաժողովի և դրա հետևանքների վերաբերյալ քննարկումներում գերիշխում են աշխարհաքաղաքական տեսանկյունները: Այնուամենայնիվ, ըստ Բրոերսի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապաապահովագրումը (de-securitization) ի վերջո՝ կախված կլինի ավելի շատ ներքին քաղաքական փոփոխություններից, որոնք հեռանում են հակամարտության խորը արմատացած ընկալումներից:

Կարգավորման նախաստորագրում

Գիտաշխատողը նշում է, որ վաշինգթոնյան գագաթնաժողովը հանգեցրել է խաղաղության գործընթացի երկու կարևոր, բայց նախնական արդյունքի։

«Առաջինը հարաբերությունների կարգավորումը կարգավորող 17 հոդվածից բաղկացած պայմանագրի տեքստի նախաստորագրումն է։ Սա նոր կամ ամերիկյան միջնորդությամբ մշակված տեքստ չէ, այլ Բաքվի և Երևանի միջև 2023 թվականից ընթացող և այս տարվա մարտին ավարտված երկկողմ բանակցությունների արդյունք։

Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպումից հետո պայմանագրի տեքստը հրապարակվեց օգոստոսի 11-ին, ինքնին կարևոր արդյունք, որը «ամրագրում է» պայմանագրի բովանդակությունը և  հանրային քննարկման հնարավորություն տալիս։

Պայմանագրի տեքստն ինքնին շատ անակնկալներ չի պարունակում։ Այն հիմնականում տեխնիկական փաստաթուղթ է, որը նկարագրում է հարաբերությունների կարգավորումը Խորհրդային Միությունից ժառանգած հանրապետական սահմանների հիման վրա, հաստատելով միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը և բացառելով նման պահանջների առաջ քաշումը ապագայում (հոդված 2)։

Պայմանագիրը դեռ պետք է ստորագրվի։ Սպիտակ տանը լուծվեց ստորագրման համար Ադրբեջանի կողմից ներկայացված մեկ նախապայման՝ 1990-ականներին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ստեղծված միջնորդական ճարտարապետության՝ Մինսկի խմբի լուծարման համատեղ խնդրանքը:

Սակայն Ադրբեջանի մեկ այլ պնդումը, այն, որ Հայաստանի սահմանադրությունը վերանայվի՝ Լեռնային Ղարաբաղի հետ միավորման 1980-ականների արշավին անուղղակի հղումները հեռացնելու համար, մնում է։ Այս նախապայմանի կատարումը կապված է Հայաստանի անկանխատեսելի ներքին քաղաքականության և, ի վերջո, 2026 թվականին նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի միջոցով այս պայմանագրի հետ անուղղակի հանրային համաձայնության հետ»,- նշվում է հոդվածում։

Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP)

«Ամերիկյան ներդրումն ավելի կարևոր է երկրորդ արդյունքի համար, որը կապի վերաբերյալ բարդ անհամաձայնությունները լուծելու մոտեցման շուրջ համաձայնություն է», – ընդգծում է Բրոերսը և հավելում. «2020 թվականից ի վեր ադրբեջանական տեսակետները կենտրոնացած են 27 մղոնանոց (մոտավորապես 43.45 կմ –«Ա.») հարավային երթուղու վրա, որն անցնում է Հայաստանի և Իրանի միջև սահմանի երկայնքով և իրար կապում Ադրբեջանը և Նախիջևանը: Բաքուն այս երթուղին «Զանգեզուրի միջանցք» է անվանում և նախատեսում է հայկական մաքսային ստուգումներից և անվտանգության թույլտվություններից ազատում։

Հայաստանը հակադարձել է «Խաղաղության խաչմերուկով», որը պաշտպանում է ազգային ինքնիշխան վերահսկողության և կապի փոխադարձության բոլոր սկզբունքները։

ԱՄՆ միջամտությունն այս հարավային երթուղին այժմ վերաձևակերպում է որպես «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP), որպես ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկություն։

ԱՄՆ մասնավոր ձեռնարկություններին երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայն՝ TRIPP-ը նպատակ ունի պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը և «անարգել» կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Երեք առաջնորդները համաձայնության են եկել Ադրբեջանի տարածքով հայկական տարանցման համար «փոխադարձ օգուտների» վերաբերյալ, չնայած դա դեռևս հստակ չէ։

TRIPP համաձայնագիրը նախնական է, քանի որ TRIPP-ի գործնականում գործելու եղանակները դեռևս պետք է մշակվեն: Շատ բան կախված կլինի ԱՄՆ ուշադրության հետևողականությունից և ապագա վարչակազմերի կայուն հանձնառությունից, որն ինքնըստինքյան համարել չի կարելի»։

Բրոերսը շեշտում է. «TRIPP-ը մարմնավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին 35 տարիների ընթացքում ունեցած միակ ընդհանուր դիրքորոշումը՝ Ռուսաստանի կողմից հակամարտության կառավարման մենաշնորհը տեսնելու դժկամությունը» և մանրամասնում, որ «TRIPP համաձայնագիրը հնացած է դարձնում հարավային երթուղու ռուսական վերահսկողությունը, ինչը համաձայնեցված էր 2020 թվականի Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի ժամանակ»։

Պաքս Ամերիկանա՞

(«Pax Americana» նկատի ունի՝ երկարատև խաղաղություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո արևմտյան աշխարհում հարաբերական խաղաղության շրջանը, որը համընկնում է ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական գերակայության հետ- «Առավոտ»)

Բրոերսը նշում է. «Այս արդյունքների նախնական բնույթի շեշտադրումը նշանակում է ընդունել դրանց իրականացման առջև ծառացած ռիսկերը: Արտաքինից, Հարավային Կովկասի խիստ մրցակցային աշխարհաքաղաքականության մեջ «Pax Americana»-ի  ընկալումները, հավանաբար, արձագանքներ կառաջացնեն նրանց մոտ, ովքեր պարտվող են համարվում»:

Ըստ գիտաշխատողի՝ այս ռիսկը առավել ակնհայտորեն վերաբերում է Ռուսաստանին՝ հաշվի առնելով Մոսկվայի պատմական գերիշխանությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության գործում:

«Մոսկվան արդեն իսկ իր դժգոհությունն է հայտնել «արտատարածաշրջանային» ներգրավվածության վերաբերյալ: Կարելի է սպասել Ռուսաստանի շարունակական թշնամանք TRIPP-ի նկատմամբ, հնարավոր է՝ ներառյալ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների, Եվրասիական միությունում Հայաստանի առևտրի և Ռուսաստանում երկու ազգությունների համայնքների վրա ճնշման միջոցով:

Զգալիորեն ավելի քիչ լծակներ ունենալով՝ Իրանը նաև արտահայտել է իր մտահոգությունը իր սահմանի երկայնքով ամերիկյան ներկայության ամրապնդման վերաբերյալ, նույնիսկ եթե առաջարկվող լուծումը բավարարի Իրանի մտահոգությունները՝ միջազգային սահմանները հարգելու վերաբերյալ: Երկրորդ ռիսկը ժամանակի ընթացքում ամերիկյան հետաքրքրության ցանկացած անկում է առաջացնում: TRIPP-ի աշխարհաքաղաքական բրենդավորումը ռիսկի է ենթարկում կոնյուկտուրային լուծման ընկալումը, որը կարող է բավականաչափ երկար չտևել երթուղին ավարտելու համար»,- նշում է նա:

Լոուրենս Բրոերսը կարծում է, որ նախաձեռնությունն ավելի մեծ հաջողության հնարավորություն կունենա, եթե այն աջակցություն ստանա Եվրամիության, ինչպես նաև Թուրքիայի կողմից, մասնավորապես՝ Անկարայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի պայմաններում: Հիշեցնում է՝ շարունակական առաջընթացը պահպանելու համար անհրաժեշտ կլինի լայնածավալ, տարածաշրջանի ներսում և նրա սահմաններից դուրս գործող ուժերի լայնածավալ, միասնական հանձնառությունը, քանի որ խնդիրներն անխուսափելիորեն կուտակվելու են։

Ռազմավարական ամնեզիա

Հոդվածագրի խոսքով՝ ներքաղաքական առումով՝ հակամարտության խորարմատացած ընկալումները փոխելու ջանքերը կբախվեն Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությանը՝ կնքելու «մոռացման պակտ»՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական ռազմավարություն՝ խաղաղության անցումը հեշտացնելու համար:

Պայմանագրի տեքստի 15-րդ հոդվածը ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար բացառում է միջազգային արդարադատության մեխանիզմներին դիմելու ցանկացած իրավական միջոց՝ հակամարտությանն առնչվող պահանջների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031