Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ արձանագրում ենք՝ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում՝ հարցեր չունենք. Փաշինյան

Օգոստոս 28,2025 13:16

Ադրբեջանի նախագահն էլ, ինչքան ես ծանոթացել եմ, իր հարցազրույցում արձանագրել էր խաղաղության հաստատումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Վաշինգտոնյան հանդիպումից հետո ինքը խաղաղությունը ներկայացրեց որպես արդեն կայացած փաստ, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է շանտաժի լեզվով խոսել, պնդել իր պահանջները։

Հիշեցնենք, որ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւը, մասնավորապես, ասել է. «Եթե Հայաստանի որեւէ ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ է այն իշխանության գալու, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, Հայաստանը լուրջ հետեւանքների կբախվի, քանի որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում մեր օգտին է բոլոր առումներով։ Կարծում եմ՝ դա բոլորի համար ակնհայտ է, եւ եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք կարձագանքենք»:

Փաշինյանի խոսքով, երբ իրենք արձանագրում են, որ խաղաղություն է հաստատվել, չեն արձանագրում, որ կողմերն այլեւս հարց չունեն իրար. «Նման բան չի լինում ընդհանրապես նաև այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։ Միջպետական հարաբերությունների հաստատումը եւ զարգացումը դինամիկ գործընթաց է, եւ կողմերը ունեն իրենց համաձայնությունները եւ ունեն իրենց անհամաձայնությունները, որը ընդհանուր պատկերի վրա ազդեցություն չի ունենում։

Բայց ես նաև օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասել եմ, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի, և այդ խնամքը պետք է լինի անընդհատ։ Արձանագրումն այն է, որ այո՛, խաղաղությունը հաստատված է, եւ իմ ուղերձում էլ ասել եմ, որ հաստատված խաղաղությունը պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Նկատի ունեմ, իմ արձանագրումից այս կողմ որեւէ բան չի փոխվել, եւ թույլ տվեք կռահել, որ չի էլ փոխվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031