Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց, որ Միացյալ Նահանգների հետ Սյունիքի միջանցքը 99 տարով զարգացնելու վերաբերյալ ֆիքսված պայմանավորվածություն չկա:
Նույնը արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել երեկ Հ1-ին տված հարցազրույցում, որ 99 տարվա մասին խոսակցությունն առայժմ իրականության հետ աղերս չունի. «Ո՞վ է ասել 99 տարի: Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը մեր ՀՀ տարածքում, որից օգտվելու են այդ թվում և ադրբեջանական գնացքներն, օրինակ, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Երկրորդ՝ 99 տարվա մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչո՞ւ եմ ասում առայժմ, ուզում եմ նորից շեշտել՝ պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված: Ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ դեռ պիտի քննարկվեն: Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»:
-Ոչ մի պայմանավորվածություն չկա: Կողմերը կարող են ունենալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները: Բայց ՀՀ-ում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք ունեն կառուցապատման իրավունք 50 եւ ավելի տարիներով: Երբ որեւէ տեղ ներդրում է արվում, մարդիկ պետք է ունենան բավարար վստահություն, որ այդ ներդրումները կարող են հետ բերել… Էլի եմ ասում ցանկացած հարց 90 , թե 10 տարով քննարկելի է այն, ինչ տեղավորվում է հինգ արտահայտությունների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն: Այսօր էլ ունենք նման պայմանագրեր, բայց այս պահին որեւէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով-,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնյան հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե «Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությանը, Փաշինյանն ասաց. «Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի …Ես չեմ ուզում, որ մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա: Այդքան երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից: Ի՞նչ ենք ստացել դրանից: Մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առեւտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»:
Փաշինյանը պատմեց, որ միջազգային գործընկերների հետ է խոսել այս թեմայով, ղեկավարներին հարցրել՝ ինչու են ճանաչում հայոց ցեղասպանությունը, փորձել է հասկանալ ճանաչելու մոտիվացիան. «Ակնհայտ է՝ դեպքերի մի զգալի մասում այդ մոտիվացիան ընդամենը ընտրություններում 3000, 10.000 կամ 100.000 ձայն ավել ստանալն է: Դա էլ ոչ մի կապ չունի ՀՀ պետական շահերի, Հայաստանի ժողովրդի շահերի հետ: Ընտրությունը եղավ, ձայները ստացվեցին, էլ ի՞նչ դարդ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ