Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն ինչպես ինքն է իր մասին ասում, չի սիրում բարձրագոչ հայտարարություններ, իր հերթական ավտոլայվում, այնուամենայնիվ, սենսացիոն հայտարարությունով հանդես եկավ:
«Այն, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ, իր նշանակությամբ շատ կարեւոր է, այո, նաեւ սենսացիոն»,-ասաց նա՝ ներկայացնելով իրավապաշտպանների գործունեության երկու ուղղություններ, որոնցից երկրորդը քաղաքացիների նկատմամբ խտրական եւ բազմաթիվ այլ, նաեւ քաղաքական պատճառներով ապօրինություններ կատարող անձանց, հատկապես, ոստիկաններին քրեական պատասխանատվության կանչելն է: Նա խոստովանեց, որ այս հարցում մինչ օրս որեւէ հաջողություն չեն ունեցել ու թվարկեց մի քանի օրինակներ՝ նշելով, որ «մուրճն էլ է իշխանության ձեռքը, մեխն էլ»:
«Այսօր մենք ունեցանք դեռեւս միջանկյալ առաջին հաջողության պատմությունը, որն անչափ կարեւոր է: Ոմանք կհիշեն, որ հունիսի 16-ին մի խայտառակ դեպք տեղի ունեցավ Քասախում եւ «24 news»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ կիրառվեց բռնություն ոստիկանության մի ծառայողի կողմից: Այդ ամենը հատկապես լավ էր տեսագրել «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը: Էլի բոլորս բորբոքվեցինք, բարկացանք: Եվ ես էլի կասկածում էի, որ նորից ծածկադմփոցի պատմություն է լինելու:
Կարդացեք նաև
Չզլացավ, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց փաստաբան Ռոման Երիցյանը եւ նախաձեռնվեց քրեական վարույթ»,-ասաց իրավապաշտպանը եւ հակիրճ ներկայացրեց վարույթ նախաձեռնելու, հարցաքննությունների, առերեսումների ընթացքը, որտեղ ոստիկանը չէր ընդունում իր մեղքը: «Մեկ էլ այսօր վարույթի ավարտ են հայտնում: Ընդ որում, ոչ թե վարույթը կարճում են, այլ ուղարկում են դատարան: Փաստորեն, օգոստոսի 26-ին Ազարյան ազգանունով տվյալ ոստիկանին՝ «բերետին», մեղադրանք են առաջադրել ծանր՝ 4-ից 8 տարի ազատազրկում նախատեսող 441 հոդվածով: Այսինքն, ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնությամբ: Այս հոդվածը «մեռած» հոդված էր, չէր աշխատում: Այսօր աշխատեց: Առաջին ծիծեռնակն է:
Մենք այստեղ գործ ունենք մի շատ կարեւոր իրադարձության հետ: Խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը՝ ամենամեղմ խափանման միջոցը: Ու ես դա ողջունեցի, որովհետեւ գտնում եմ, որ այս իրավիճակում դա օրինական խափանման միջոց է: Բայց խնդիրը այս գործում չէ: Խնդիրը մյուս քաղաքական գործերում է: Այն, որ Միքայել սրբազանի նկատմամբ չպետք է կիրառվեր կալանքը որպես խափանման միջոց, ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոց, երբ որ ծանր հանցագործություն կատարած ոստիկանի, որին 4-ից 8 տարի միայն ազատազրկում է նախատեսվում, նկատմամբ կիրառվում է բացակայության արգելքը: Պատճառը ո՞վ կարող է բացատրել:
Սա շատ կարեւոր է: Մեր խնդիրը այն չէ, որ արդեն նախկին ոստիկանի նկատմամբ կիրառվել է մեղմ խափանման միջոց, որը մենք համարում ենք ինքնին օրենքի ոգուն համապատասխան, մեր խնդիրն այն է, որ խտրական ձեւով քաղաքական որոշակի հայացքներ ունեցող անձանց նկատմամբ կամ այլ պատճառներով, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ ունենալու, նվիրապետ լինելու, արքեպիսկոպոս լինելու համար ակնհայտ խտրական մոտեցում է դրսեւորվում»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը կոչով դիմեց ոստիկաններին, որոնք իրեն լսելու են, բայց ոչ բոլորը գիտեն: «Հարգելի ոստիկաններ, ում տալիս են ապօրինի հրահանգներ՝ մարդկանց ծեծելու, ջարդելու, եւ այլն: Մի բան իմացեք. այս հոդվածը, որով հիմա ձեր գործընկեր Ալիկն է գնում, վաղեմության ժամկետ չունի, ինչպես վաղեմության ժամկետ չունի ցեղասպանության, ռազմական հանցագործությունների հանցակազմը: Լրիվ նույն սկզբունքն այստեղ է գործում: Պարոնայք ոստիկաններ, այն որ բերետները դնում եք ու ձեզ թվում է, թե անպատժելիություն ունեք, ինչ ուզենք՝ կանեք, 100 տարի էլ անցնի, ձեզ համար քրեական պատասխանատվության վաղեմության որեւէ ժամկետ չի գործում: Մեկ այս հոդվածով, որով հիմա տանում են Ալիկին, մեկ էլ խոշտանգման հոդվածով: Բանտախուցը բանտախուց է թե Նիկոլի իշխանության, թե հետնիկոլական իշխանության օրոք: Մի արեք ապօրինի հրահանգներ, երկար տարիներ բանտերում ագռավի սրոկ վերցնելու ճանապարհ մի բռնեք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ