Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակների գյուղատնտեսական ցուցանիշներին և ընդգծել, որ արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի առումով աճ է արձանագրվել:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել՝ գյուղատնտեսության դեպքում 7,3 տոկոս աճ է գրանցվել կիսամյակում, բուսաբուծության դեպքում՝ 13,4 տոկոսով, անասնաբուծության դեպքում՝ 3 տոկոսով, և սա նաև վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց ցուցանիշ է գրանցվել: Ընդ որում՝ տնտեսության հիմնական ճյուղերում բավականին լավ աճի տեմպ է արձանագրվում: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին ամիսների տվյալներով արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում, որովհետև հուլիսին ունեցել ենք 9.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, 7 ամսվա տվյալներով որոշակի մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը: Բայց այստեղ վերաարտահանման հետ կապված գործընթացներ կան, որոնք փոխվել են, հուլիսին 4.2 տոկոս աճ ունենք արդյունաբերության: Արդյունաբերությունը մեր ամենաթույլ կետերից է եղել ավանդաբար, բայց ես կարծում եմ, որ քաղաքական և տարածաշրջանային պրոցեսները, այդ թվում՝ սպասվող ապաշրջափակումը ՀՀ-ի, արդյունաբերությունը նույնպես պետք է դուրս բերեն նոր որակ և նոր հարթություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: «Սա ես չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է նաև, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից: Մասնավորապես, օրինակ՝ ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով. այսինքն՝ խոսքը գումարի մասին է: Ֆիզիկական անձանց դեպքում հաշիվները և ավանդները աճել են 125 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում՝ հաշիվները, շրջանառությունը 175 տոկոսով՝ 2017 թվականի համեմատ: «2017 թվականի համեմատ Հայաստանի ռեզիդենտներին տրված վարկերն աճել են 173 տոկոսով: Այսինքն՝ 2.3 տրիլիոնից դարձել են 6.4 տրիլիոն: Այստեղ կարող է լինել արձագանք, թե մարդիկ վարկի տակ կամ պարտքի տակ են ընկել, բայց դրա համար է, որ կա մյուս ցուցանիշը: Վարկերի պրոբլեմատիկ՝ չաշխատող վարկերի պարագայում մենք գտնվում ենք պատմական մինիմումի վրա: Այսօր մեր վարկերի 1.2 տոկոսն է, որ պրոբլեմատիկ են, ընդ որում՝ 2016 թվականին այդ ցուցանիշը եղել է 4.6 տոկոս: 2024 թվականից, ըստ էության, այդ ցուցանիշը կրկնակի նվազել է և հիմա գտնվում է կայուն ուղեծրի վրա»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ բանկային համակարգում 2018 թվականից այս կողմ սեփականատերերի իրականացրած ներդրումների ծավալն աճել է շուրջ 162 տոկոսով, ինչը նշանակում է, որ բանկային համակարգը դարձել է այդքանով ավելի հուսալի, և բանկային գործը դարձել է ավելի գրավիչ ՀՀ-ում:
«Գյուղատնտեսություն, տնտեսական ակտիվության ցուցանիշ, բանկային համակարգ. այս ամեն ինչը վկայում է կայուն զարգացման մասին: Սրան գումարվելու և այս ամեն ինչին նոր ազդակ է տալու հաստատված խաղաղությունը: Եվ բոլոր այն նպատակադրումները, որոնք մենք քաղաքական մակարդակում արձանագրում ենք, դառնում են ավելի ու ավելի հասանելի, և այս բոլոր ցուցանիշների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ՝ աշխատող, արդյունք ստեղծող մարդիկ: Ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց կրկին շնորհակալություն հայտնել, որովհետև մեր գործն է՝ ստեղծել բավարար, պատշաճ միջավայր և պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և արդյունք ստեղծել և, իհարկե, վճարել օրենքով սահմանված հարկերը, և բոլոր այդպես վարվող մարդկանց ես շնորհակալություն եմ հայտնում»,-ասել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով ստվերային տնտեսությանը՝ վարչապետն ընդգծել է դրա կրճատմանն ուղղված գործիքների կիրառման արդյունավետության կարևորությունը: Ամփոփելով երկրի ղեկավարն ընդգծել է՝ և՛ բանկային համակարգը, և՛ տնտեսությունը պետք է արձանագրեն և նախապատրաստվեն և գիտելիքներ ձեռք բերեն խաղաղության պայմաններում զարգանալու:
Պետական աջակցություն կտրամադրվի տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարողներին
Կառավարությունը հաստատել է 2025 թ. լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Այն պայմանավորված է ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացի կազմակերպմանն աջակցելու անհրաժեշտությամբ:
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024թ.-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ մթերվել է 15 200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ արդեն իսկ ավելի քան 8800 տոննա լոլիկ, որը շուրջ 5000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը: Ըստ նախարարի՝ այս պահին տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը մթերվում է ՝40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի 1 կգ-ի ինքնարժեքը շուրջ 450 դրամ է: «Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկաներում, այլև հայկական շուկայում: Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ, և ընթացիկ տարում, ըստ էկոնոմիկայի նախարարության գնահատականների, կա շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- ասել է Գևորգ Պապոյանը:
Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ հետևյալ պայմաններով. 2000 տոննա ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում, 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն: Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և որ լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի: Հաստատվել են նաև միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը և տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը։ Արդյունքում՝ տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7 հազար տոննա լոլիկ, կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա խնդիրը, լրացուցիչ կարտադրվի շուրջ 1000 տոննա տոմատի մածուկ, որը գնային առումով մրցունակ կլինի ներմուծվող տոմատի մածուկի նկատմամբ և շուրջ 1000 տոննայով կնվազի տոմատի մածուկի ներմուծման ծավալը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի առումով. «Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ երբ բերքը քիչ է լինում, մեզ համար խնդիր է, բերքը շատ է լինում՝ մեզ համար խնդիր է։ Եվ մենք պետք է այդ խնդիրները փորձենք տրանսֆորմացնել ինչ-որ ավելի զարգացնող և ստեղծարար երևույթի»:
Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ կա 5 գործարան, որից 1-ը ավելի քիչ է մթերում, մյուս 2-ը՝ մինչև 200 տոննա: Ծրագրից կօգտվի միայն 2 ընկերություն. «Մեկը պլանավորում էր 9000 տոննա լոլիկ մթերել, այս պարագայում կմթերի 14,000-ից ավելի, մյուսը 2500-3000 էր պլանավորում, այս պարագայում կմթերի 4500-5000 տոննա»:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ բազմաթիվ վայրիվերումներից հետո գյուղատնտեսական ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ. «Պետք է արձանագրեմ, որ այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման ծավալով: Այն փաստը, որ այս տարի գործնականում մեր հիմնական գյուղմթերքների արտահանման էական աճեր են գրանցվել, դա խոսուն է»:
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ Ըստ նախարարի՝ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 11.2 հազար տոննայով: Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ծաղկի արտահանման ծավալը, նշել է, որ անցած տարի ծավալը կազմել է 533 տոննա, այս տարի՝ 1245 տոննա, ավելի քան 110 տոկոս աճ է արձանագրվել: Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 25 տոկոսով աճել է Հայաստանից ծիրանի արտահանումը, 90 տոկոսով աճել է կեռասի արտահանումը, ավելի քան 60 տոկոսով աճել է դեղձի արտահանումը։
Կառավարությունը հաստատել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ համատեղ քննարկումների արդյունքում ծրագրի իրականացման համար համաձայնություն է տրվել «Հիլլզ» Կենտրոնի («Զորախաչ» ՍՊԸ) կողմից, որի հետ կնքվել է համագործակցության հուշագիր: 2024 թվականի օգոստոսին հուշագրի կնքումից հետո որոշվել է կենտրոններ կառուցել Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրով նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել երեք սպորտային համալիր։ Ընկերությունը մինչև 2025 թ. ավարտը ԿԳՄՍ նախարարությանը պետք է տրամադրի նշված համայնքներում սպորտային համալիրներ կառուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ համապատասխան փորձաքննությունները։ Արդյունքում ձեռք բերված մեկ տիպային նախագիծը (Արարատ համայնքում կառուցվող սպորտային համալիր) կտեղակապվի նաև մյուս երկու վայրերում, ինչի արդյունքում Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում 2026 և 2027 թվականներին կկառուցվեն սպորտային համալիրներ և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։ Ընկերության կողմից կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնումը և կառուցված սպորտային համալիրների ամբողջովին կահավորումը, որի փաստացի արժեքի 70 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեով (ձեռք բերված գույքի 70 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 30 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Գույքի թարմացումը կիրականացվի միջինում 10 տարին մեկ անգամ՝ ծախսերն իրականացնելով նույն սկզբունքով։ Նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թ. ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ ֆինանսավորման ավելացում, մատչելիության բարձրացում, տեխնիկական և կառավարչական փորձի ներգրավում, մրցունակ միջավայրի ստեղծում, հանրային առողջության բարելավում, տեղական համայնքների զարգացում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարության շրջանակում նախատեսված է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզահամալիրի կառուցում, որը պարտադիր պետք է ներառի խաղային մարզադահլիճ, տարբեր մարզաձևերի զարգացման համար լողավազան, ֆիտնես սրահ և ծառայի թե՛ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ապրելակերպի տարածմանը, թե՛ սպորտի զարգացմանը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մարզահամալիրներում նախատեսված է նաև սրճարանային հատվածի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, ինչը շատ բնակավայրերում կարող է դառնալ նաև ժամանցի նոր միջավայր՝ խթանելով հանրային նոր մշակույթ։ «Ակնհայտ է, որ ֆիզիկական առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, և այդ ենթակառուցվածքների զարգացումը, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և նաև հետագա արդյունավետ շահագործման խնդիրները, նպատակահարմար է իրականացնել մասնավորի հետ համատեղ՝ ներգրավելով ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին»,- ասել է նախարարը:
Ծրագրով ներկայացվում են նաև մարզահամալիրների շահագործման ընթացքում ընկերության և պետության պարտավորությունները: Մասնավորապես ընկերությունը հոգալու է աշխատակիցների վարձատրության և շահագործման այլ հարցերը, իսկ պետությունը մասնակցելու է ֆինանսավորմանը՝ միջոցներ տրամադրելով կոնկրետ խմբերի մարզաձևերով զբաղվելու համար: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն ընթացքում են նաև մարզահամալիրների համար հողահատկացման գործընթացները։ «Այս ձևաչափով համագործակցությունը կհանդիսանա փորձնական և հնարավորություն կտա նաև այլ համայնքներում կառուցել նմանատիպ մարզահամալիրներ՝ համագործակցելով գուցե նաև այլ ընկերությունների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ՀՀ մարզերում առողջ ապրելակերպի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, ծրագիրը համարել է շրջադարձային: Այս համատեքստում վարչապետը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը՝ պայմանների մրցունակության և գրավչության բարձրացման նպատակով: «Շրջադարձային նախագիծ է, պարզապես պետք է հոգ տանել, որ այն արդյունավետ կառավարվի: Պարզ է, որ հընթացս ի հայտ են գալու խնդիրներ, որոնք պետք է կառավարենք, որպեսզի մեր վերջնանպատակին հասնենք հնարավորինս արդյունավետ ձևով: Թույլ տվեք ասել, որ մարզային բնակավայրերում կյանքը փոխող նախագիծ է, մարզային բնակավայրերում կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ներդրում ենք անում, որն ավելի քան արդարացված է»,- ասել է վարչապետը:
Ավելի քան 2 մլրդ դրամ՝ հանրապետության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
Կառավարության որոշմամբ 2 մլրդ 117 մլն դրամ կհատկացվի հանրապետության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ գումար կհատկացվի 19 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համար:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը: Գումար է հատկացվել հետևյալ ծրագրերի համար՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում և բակային տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 46%, կառուցվել է 742 քմ մակերեսով նոր մասնաշենք, բարեկարգվել է 2120 քմ բակային տարածքը սաների թիվը՝ 230), Արմավիրի մարզի՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 1940 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզը, սաների թիվը՝ 280), Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 1640 քմ ընդհանուր մակերեսով, մանկապարտեզը, սաների թիվը՝ 110), Արմավիր բնակավայրի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 5,8 կմ գազատար, շահառուները՝ 216 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է 17,7 կմ գազատար, շահառուները՝ 8579 բնակիչ), Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 1,3կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 708 բնակիչ), Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 1,3կմ ջրագիծ, շահառուները՝ 110 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 350 մ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 35 տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի տանիքի վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է մեկ բազմաբնակարան շենքի 1046քմ մակերեսով թեք տանիք, շահառուները՝ 150 բնակիչ), Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 2,55կմ երկարությամբ ճանապարհ), Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է.Թևոսյան փողոցի տուֆով սալարկում (ավարտված, սալարկվել է 645 մ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգում /լրացուցիչ աշխատանքներ/ (ավարտված, ասֆալտապատվել է 435 քմ բակային տարածք, տեղադրվել է 158 մ եզրաքար), Գավառ համայնքի Գավառ բնակավայրի Դեմիրճյան փողոցի, Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան Հայրավանք, Ծովազարդ և Լճափ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 9,5 կմ ճանապարհ), Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում խմելու ջրագծերի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 5,4 կմ ջրագիծ, շահառուները՝ 600 տնային տնտեսություն), Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում (ավարտված, կառուցվել է 2,1 կմ ոռոգման համակարգ, ոռոգելի տարածքը կավելանա շուրջ 100 հա-ով, շահառուները՝ 500 տնային տնտեսություն), Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի կառուցում քարե սալիկներով (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, սալիկապատվել է 3351 քմ մայթ), Լոռու մարզի՝ Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրի ճանապարհի սալարկում տուֆով (ավարտված, հիմնանորոգվել է 600 մ ճանապարհ), Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրում 500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի կառուցում (ավարտված, կառուցվել է 500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան), Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի օրվա կարգավորող ջրամբարների և ներքին ցանցի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, կառուցվել է 2 ՕԿՋ և 20 կմ ջրագծի ներքին ցանց, շահառուները՝ 240 տնտեսություն), Տաշիր համայնքի Մեծավան, Նորաշեն, Արծնի և Ապավեն բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում և վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, կառուցվել է 8,9 կմ ջրագիծ, շահառուները՝ 1162 տնտեսություն), Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տարոն 2 և 4 թաղամասերի փողոցների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է շուրջ 4,2 կմ ճանապարհ), Կոտայքի մարզի՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում «Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի» կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 77%, կառուցվել է 1590 քմ մակերեսով երկհարկանի ուսումնամշակութային կենտրոն, շահառուները՝ 120 սան), Շիրակի մարզի՝ Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 2,2 կմ ճանապարհ), Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում (ավարտված, սալարկվել է 1,9 կմ ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Դիցմայրի բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է ՕԿՋ և ընդհանուր 9,8կմ երկարությամբ արտաքին ու ներքին ցանց, շահառուները՝ 33 տնային տնտեսություն), Տավուշի մարզի՝ Բերդ համայնքի բնակավայրերի կարիքների համար նոր մեքենասարքավորումների ձեռքբերում (ավարտված, մեքենասարքավորումները մատակարարված են /ճանապարհների սպասարկման համար ունիվերսալ ջրցան և ավազ ցրիչ մեքենա և 1 տրակտոր-կցորդիչով/), Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 6,7 կմ ջրագիծ, 3 հատ ջրընդունիչ, 1 հատ պարզարան):
Կապահովվի քաղաքաշինական ծրագրերի իրականացումը
Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և ավարտին հասցնել Ֆիրդուս թաղամասի կառուցապատումը: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ֆիրդուս թաղամասում նախատեսվում է իրականացնել «Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում» քաղաքաշինական ծրագիրը: Ֆիրդուս թաղամասը նախատեսվում է որպես բազմահարկ բնակելի գոտի՝ օղակաձև հրապարակով:
Գործադիրն ընդունել է նաև «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է այդ տարածքում թվով 4 գույքային միավորի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Նախատեսվում է մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծի ձեռք բերում
Հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների վերակառուցման/նորոգման, անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծի ձեռք բերում, պետական և համայնքային պատվիրատուների կողմից օրինակելի նախագծի կիրառում և տեղակապում ըստ բնակավայրի: Որոշմամբ նախատեսվում է նաև հանրակրթական նշանակության օբյեկտների շահագործման և սպասարկման ուղեցույցի ձեռք բերում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են երկաթուղային թվով 605 և ավտոճանապարհային թվով 1061 կամրջային կառուցվածքներ։ Դրանց գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Որոշմամբ սահմանվել են վերը նշված կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում են իրականացնել սկսած 2026 թվականից և կրելու են շարունակական բնույթ։ Կամրջային կառույցը նախատեսվում է իրականացնել պողպատե թռիչքային կառուցվածքով։ Այն պետք է ունենա մեկ երթևեկելի գոտի և մինչև 42մ թռիչք։ Թռիչքային կառուցվածքների վրա պետք է նախատեսվեն մայթեր (0,75 մ կամ 1մ լայնությամբ)։ Կամրջային կառույցի նախագծային փաստաթղթերը նախատեսվում է մշակել բազմակի օգտագործման նպատակով՝ արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառման համար։ Դրանք պետք է մշակվեն Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում Դեբեդ գետի վրա տեղադրված ժամանակավոր մետաղական կամրջային կառուցվածքի օրինակով։
Կխթանվի տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը
Տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը խթանելու նպատակով ՀՀ Կառավարության նախկինում ընդունած որոշումներով հաստատվել են կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության և արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրերը, որոնցով նախատեսվում է մասնակի փոխհատուցել տեղական կազմակերպություններում կառավարման ժամանակակից միջազգային համակարգեր ներդնելու և միջազգային սերտիֆիկատներ ստանալու ծախսերը և ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը: Կառավարության այսօրվա որոշմամբ կգործարկվեն այդ ծրագրերը և կստեղծվեն պայմաններ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ բարձրացնելով միջազգային գործող շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքի մրցունակությունը: Արդյունքում՝ ակնկալվում է, որ կարդիականացվեն ազգային արտադրողների բիզնես գործընթացները, ինչը կնպաստի արտադրանքի որակի բարելավմանը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին, կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճ, կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը:
Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 425 000 000 դրամ։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թ. մայիսի 29-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։ Ըստ հիմնավորման՝ շինությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում. բացակայում են ներքին հարդարանքի տարրերը, ինժեներական ենթակառուցվածքները և հատակային ծածկույթները։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի առաջարկվում է այն ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։
Կբարելավվի փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգը
Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին` անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2025թ.-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվող դեղերի տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը` դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա: Որոշման ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին և դեղատուն այցերի կրճատմանը: Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա պացիենտին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն: Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Կընդլայնվի տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակը
Գործադիրը հաստատել Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը: Որոշման նպատակը բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրումն է 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ Տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք ՀՀ-ում և սկսած 2023 թ. սեպտեմբեր ամսից այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։ Որոշմամբ առաջարկվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։ Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման շրջանակներում Գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվել է ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը լուծելու համար նախատեսված առաջարկվող նախագծի նախապատրաստմանը: Դրամաշնորհով տրամադրվող գործողությունները բաղկացած է, մասնավորապես, հետևյալ մասերից՝ նախագծում և տեխնիկական գնահատում (քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում), բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկու երկրների միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը: Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը: Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը:
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակը՝ Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Արդյունքում ակնկալվում է՝ կլիմայի դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը։ Ծրագիրը բաղադրիչներից են՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
«Էկո պակ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել շինանյութի պարկերի արտադրության համար՝ իրականացնելով 46.4 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ 122 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 21-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.7 մլն դրամ։
«Օրիգինալ տեքստիլ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 589.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 30 մլն դրամի ներդրում նոր արտադրամասի ընդլայնման և վերազինման համար։ Ներկայումս առկա է 24 աշխատատեղ 109 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 589.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44.9 մլն դրամ։
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է որոշում, որով ակնկալվում է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու հավասար իրավունքը՝ մյուսներին հավասար հնարավորություններով, ինչպես նաև ձեռնարկել արդյունավետ և համապատասխան միջոցներ՝ հեշտացնելու հաշմանդամություն ունեցող անձանց կողմից այս իրավունքից լիարժեք օգտվելն ու նրանց ներառումը և մասնակցությունը համայնքին: Մասնավորապես՝ Ակնաշենի փոքր խմբային տունը տրամադրելու է ծառայություններ 12 հաշմանդամություն ունեցող անձի՝ աջակցող և մատչելի միջավայր, որտեղ բնակիչները կարող են ստանալ անհատականացված խնամք և աջակցություն՝ 8 հաստիքային միավորի միջոցով:
Արագածոտնի մարզային /տեղական/ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության սխեմաների (կահավորանք, ճանապարհային նշաններ, նշագծում և այլն) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Գործադիրի որոշումներով հաստատվել են Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին աջակցության միջոցառումների ֆինանսավորման կարգերը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ