Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Ադրբեջանի կողմից «հետքերը վերացնելու» ձգտումը կարելի է հասկանալ, բայց լիովին անհասկանալի է մնում Հայաստանի իշխանությունների մոտիվացիան». «Հրապարակ»

Օգոստոս 29,2025 11:01

«Հրապարակ»-ի զրուցակիցն Արցախի ԱԺ նախկին նախագահ, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Աշոտ Ղուլյանն է։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման շուրջ համաձայնությունն արդյո՞ք փակում է Արցախի հարցը եւ վերադարձի իրավունքի դուռը։ Վերջին օրերին հենց այս հաջողության շուրջ է Բաքվի ցնծությունը։

– Մինսկի խմբի լուծարման առաջարկությունը որքան էլ փորձեն ցնծությամբ ուղեկցել այս կամ այն երկրից, միանշանակ վկայում է ժամանակակից միջազգային իրավունքի ֆիասկոյի մասին։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել․ 30 տարի առաջ միջազգային հեղինակավոր կազմակերպության մակարդակով սահմանվում են հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներ, ձեւաչափեր ու պատասխանատուներ, եւ հանկարծ այդ ամենի հակառակ սցենարով, ուժի միջոցով հակամարտությունը վերացնելու գործողություններն ընդունում ես որպես իրողություն եւ համաձայնում այդ առաքելությունը տապալելու մասին առաջարկությանը։ Նման իրավիճակում Ադրբեջանի կողմից «հետքերը վերացնելու» ձգտումը կարելի է հասկանալ, բայց լիովին անհասկանալի է մնում Հայաստանի իշխանությունների մոտիվացիան։

Այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը որոշ դեպքերում մեզ էլ չէր գոհացնում, բայց այդ տարեգրության մեջ մնում են Ադրբեջանի կողմից միջազգային կազմակերպություններին անդամակցելիս տված խոստումներն ու ստանձնած պարտավորությունները՝ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, նույն՝ Մինսկի խմբի եռանախագահ երկրների բարձրագույն ղեկավարության արձանագրումները՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։ Համաձայնել այս ամենը ոչնչացնելու Ադրբեջանի առաջարկին՝ նշանակում է կորցնել նաեւ տարիների ընթացքում կուտակված միջազգային աջակցությունը եւ զրոյացնել այն առավելությունները, որոնք Հայաստանն ունեցել է նախորդ տարիներին։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը շտապում է այս հարցում՝ նաեւ հաշվի առնելով Բաքվում ընթացող շինծու դատավարությունները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների լեգիտիմությունը ոչնչացնելու ցանկությունը։

Իհարկե, միջազգային դերակատարները կարող էին ընդդիմանալ այս արկածախնդրությանը, բայց պետք է ընդունենք, որ այնտեղ էլ են փոխվել 90-ական թթ․ եւ 2000-ականների առաջին տասնամյակի ազդեցիկ գործիչները, ասպարեզում հայտնվել են հավակնոտ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ, ովքեր ոչ մի պատկերացում չունեն ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության, կարգավորման փուլերի եւ այլ մանրամասների վերաբերյալ, իսկ այդ տեսակի գործիչների համար 150 հազար մարդկանց ճակատագիրը, նրանց կյանքի վրա կախված ցեղասպանության սպառնալիքը որեւէ արժեք եւ նշանակություն չունեն։

Կարելի է ենթադրել, որ Մինսկի խմբի սպասվող լուծարումը, որի մասին ազդարարում է ադրբեջանական կողմը, ավելի է դժվարացնելու Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրացնելու գործը, բայց, նկատի ունենալով նույն այդ խմբի անգործությունը վերջին տարիներին, պետք է փորձել այդ բարդ, սակայն անհրաժեշտ աշխատանքն իրականացնել՝ ելնելով ստեղծված իրողություններից եւ ներգրավելով բոլոր այն միջոցներն ու գործիքները, որոնք կնպաստեն արցախցիների հավաքական, անվտանգ ու միջազգային երաշխիքներով ապահովված վերադարձին իր հայրենիք՝ Արցախ։
Իրականությունն այն է, որ Արցախի հարցը 100 տարվա պատմություն ունի, եւ այն կախված չէ միջազգային միջնորդական խմբեր ձեւավորելու կամ այդ թեմայով հայտարարություններ անելու ցանկություններից։ Այնպես որ, Մինսկի խմբի լուծարումն անցանկալի է, բայց դրանով Արցախի թեման անհնար է փակել։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031