Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելիներս, այդ պեստիցիդները կիրառվել են այդ մշակաբույսի մշակության ժամանակ, հետեւաբար պետք է հայտնաբերվեին. ՍԱՏՄ վարչության պետ

Օգոստոս 29,2025 13:25

Վերջերս սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է պեստիցիդների (թունաքիմիկատների) ներմուծման, շրջանառության, մարդու կյանքի որակի եւ առողջության վրա՝ դրանց ազդեցության թեման: Կրքերը բորբոքվել են, երբ հատկապես հրապարակայնացվել է մի հետազոտություն:

«Մնացորդային նյութերի մոնիտորինգային ծրագրի արդյունքների հետ կապված մարդկանց մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ ինչ-որ մեկն իրականացրել է այդ ուսումնասիրությունները, կատարել բացահայտումներ, ամեն ինչ շատ վատ է, ու մենք ոչ մի բանից տեղյակ չենք… Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մնացորդային նյութերի ուսումնասիրության նախաձեռնությունը եղել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը (ՍԱՏՄ): Դեռեւս տարիներ առաջ կազմվել է ծրագիր, ներկայացվել կառավարությանը»,-թեմայի վերաբերյալ ասուլիսում հայտնեց ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:

Արթուր Նիկոյան

«Երբ 2019թ ծրագիրն իրականացնում էինք, շատերի համար դա անիրատեսական էր թվում, քանի որ գործ ունենք շուրջ 350 հազար գյուղացիական տնտեսությունների հետ: Շատերի մոտ կարծիք կար, որ դրանց արդյունքները կամ անիրատեսական են լինելու, կամ ծրագիրն իր նպատակին չի ծառայելու: Սակայն, տեսչական մարմնի թիմի համառ աշխատանքի շնորհիվ եւ կառավարության աջակցությամբ մենք կարողացանք այդ ծրագիրը կյանքի կոչել եւ ունենալ արդյունքներ»,-հավելեց Նիկոյանը:

Ինչ վերաբերվում է այն տեսակետին, որ 2019 թվի համեմատ 2021-ին վիճակը վատացել է, Նիկոյանը հետեւյալը նշեց. «Վիճակը չի վատացել, արդյունքները պետք է այդպես լինեին, բացատրեմ ինչու. երբ մի միջոցառում, մի աշխատանք կատարում ես առաջին անգամ, ու Հայաստանի պատմության մեջ նման միջոցառում չի իրականացվել, դու ընդգրկում ես ավելի մեծ շրջանակ՝ ավելի շատ մշակաբույսեր, ավելի շատ տարածքներ, ավելի շատ անուն պեստիցիդներ:

Այսինքն, եթե չի արվել նման բան երբեւէ, դու թիրախային կետերը չգիտես, ու առաջին անգամ պետք է ընդհանուր շրջանակ վերցնես, որպեսզի հետագայում դրա վերլուծության արդյունքում ռիսկային կետերը որոշես: 2019-ին ծրագիրն իրականացնելուց հետո, երբ կազմել ենք 2021թ պլանը, այնտեղից հանվել են մի շարք մշակաբույսեր, մի շարք պեստիցիդներ, որոնք պետք է փորձաքննության ենթարկվեին, փոխվել են որոշակի պեստիցիդների անվանումներ: Իսկ 2021 թվականին կատարվել է կոնկրետ թիրախային աշխատանք, որտեղ ռիսկերը բացահայտված էին: Դրա համար, երբ համեմատում ենք 2019 եւ 2021 թվականները, տպավորություն է ստեղծվում, որ վիճակն ավելի վատ է եղել: Բայց դա այդպես չէ…»:

Հանրային հետաքրքրության մասին էլ նշեց. «Ինչ վերաբերվում է խախտումներին եւ դրա հետ կապված աժիոտաժին, աժիոտաժ է առաջեցել, որովհետեւ մեր հանրությունը սրա մասին առաջին անգամ է լսում: Քանի դեռ 2019-ին հետազոտություն չէր արվել, ոչ մեկը չէր խոսում այդ մասին եւ չէր էլ մտահոգվում, բայց երբ այդ աշխատանքները կառավարության աջակցությամբ իրականացրինք, բոլորը սկսեցինք մտահոգվել:

Ես ուզում եմ մի շատ կարեւոր բան ֆիքսել. ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ինչ-որ ոլորտում ուսումնասիրություն իրականացվի, եւ ամեն բան 100 տոկոսանոց լինի: Նույնիսկ տեսականորեն նման բան չի կարող լինել: Եթե մի ոլորտում մի գործառույթ նոր է սկսում իրականացվել, բնականաբար թվերը կարող են մի փոքր էլ շատ լինել…Երբ կայքերում կարդացի պեստիցիդների մնացորդային քանակների գերազանցման մասին մեկնաբանությունները, այնտեղ նշված էր, որ 10 նմուշ է փորձաքննվել, եւ 10-ից 10-ում հայտնաբերվել են պեստիցիդներ:

Հարգելիներս, այդ պեստիցիդները կիրառվել են այդ մշակաբույսի մշակության ժամանակ, հետեւաբար պետք է հայտնաբերվեին: Հնարավոր չէ պեստիցիդ կիրառել եւ դրա մնացորդը զրո լինի: Դրա համար մնացորդային քանակների թույլատրելի սահմաններ կան: Այստեղ խնդիրն այն է, որ թույլատրելի սահմանները չպետք է գերազանցեն, սակայն նաեւ թույլատրելի չափաքանակներն են հարաբերական…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031