Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր փնթիության եւ հանցավոր անփութության հետ գործ ունենք. Դեմոյան

Օգոստոս 29,2025 16:42

-Մենք գործ ունենք  հանցավոր անփութության հետ. այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներին։

-Այս տեսարանը, նման աշխատաոճը հանցավոր փնթիություն է, անպատասխանատու գործելաոճ, որը բերել է իրավական պատասխանատվության ենթակա գործողության: Սա հանցագործություն է, ուրիշ բառ չեմ գտնում,- շարունակեց Դեմոյանը:

Միաժամանակ նա նկատեց, որ այո’, հուշահամալիրն ուներ որոշ հատվածներում կոսմետիկ վերանորոգման կարիք . «Խնդիրը վերանորոգումը չէ, այլ  իրականացված աշխատանքն է:  Մեղմ ասած՝ անվերականգնելի վնաս է  հասցվել հուշահամալիրին: Մենք գործ ունենք հանցավոր անփութության  հետ, արդյունքում պետական գրանցման հուշարձան է  վնասվել»:

Հայկ Դեմոյանը նաեւ նկատեց, որ հուշահամալիրում աշխատող բանվորական անձնակազմը հայեր չեն. «ԿԳՄՍ նախարարն այնքան հետամուտ չի եղել, որ տեսնի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ովքեր են պատասխանատու սրտացավ մոտեցում ցուցաբերում  հուշահամալիրին: Երբ այս բանվորներին հանձնարարություն են տալիս, իրենք չեն հասկանում՝ ինչ շինություն է, ինչ նշանակություն ունի այս երկրի քաղաքացիների համար։ Այստեղ բանվորներ են, որոնք հազիվ խոսում են անգլերեն: Նրանք կարող են նույնիսկ չհասկանալ հրահանգը»:

Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաեւ պահանջներ՝ պետք է դադարեցվեն ավերման աշխատանքները, մասնագիտական խումբ պետք է ձեւավորվի, մինչեւ հոկտեմբերի 15-ը հուշարձանը վերականգնել այն տեսքով, որը եղել է մինչեւ ավերման աշխատանքները սկսելը, որից հետո այդ  նույն մասնագիտական խումբը կորոշի՝ ինչ բյուջեով ու ինչ միջամտություն է պետք կոսմետիկ աշխատանքներ տանելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Կրթության նախարարությունը հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարի գործը վստահել է հենց հուշահամալիրի նախագծի հեղինակներից Սաշուր Քալաշյանին։ Եվ այս փաստը ընդգծում են համոզելու՝ հուշարձանի հեղինակը ինքն է հսկում նորոգումը, միայն թե հեղինակն ինքն էլ է տարակուսած. «Ռեկոպալ գործն անում։ Դրանք ռեստավրատոր չեն»։ Ճարտարապետ Քալաշյանը «Ազատությանը» բացատրում է, որպեսզի հավերժության տաճարի ներսի պատերը ջրից չքայքայվեն, դրսի մույթերի բազալտե սալերը պիտի հանվեն, ջրամեկուսիչ շերտ դրվի և այն քարերը, որ անվնաս են, հետ դրվեն։ Շինհրապարակում, սակայն, բազալտները ջարդուխուրդ են անում։ Ինչպե՞ս են հետ դնելու, երևի չգիտեն, ասում է ճարտարապետը։

«Շինարարության կազմակերպությունը կյանքում այդպիսի գործ չի արել, բայց, ցավոք սրտի, տենդերով է գործը արվում, ոչ թե մասնագիտական բանով, տենդերն էլ, ով որ էժան կանի, նա է շահում։ Հիմա շահել են, կամ պիտի իրենց մերժվի հիմա, հեռանան այդտեղից, ուրիշ կազմակերպություն ճարվի», – նշեց Քալաշյանը։

Հեղինակային հսկողությունը ստանձնել է, բայց ասում է՝ շինարարական տեխնոլոգիաների առումով հսկիչ է պետք այս «Բիդեք» ընկերության գլխին. չկա։

Տաճարի 12 սյուներից որոշվեց նախ երեքը նորոգել, Սաշուր Քալաշյանի խոսքով, որպեսզի փորձ ձեռք բերեն, նոր անցնեն հաջորդներին, բայց քանդման արագությունը զարմացնում է հեղինակային հսկողություն ստանձնած ճարտարապետին. «Իրանց հետաքրքիր չի դա։ Իրանց հետաքրքիր է ծավալ անեն, փողը ստանան»։

Շինարարության կազմակերպումը վատ է, փնթի, ասում է ճարտարապետը և հիշում՝ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հուշասյունը նորոգվեց, ո՞վ նկատեց, հսկողը էլի ինքն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031