Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանողից առնվազն չեն կարող պահանջվել 2019թ.-ի համար վճարված գումարները

Օգոստոս 30,2025 12:00

Ըստ Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի` բացակայում է անհիմն հարստացման փաստի առկայությունը

Հայաստանում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար շահառուն պետք է մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ շահառուի եւ նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու եւ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին: Նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու եւ վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաեւ առաջարկվում է մեկամսյա ժամկետում՝ միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ՝ 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:

Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ պայմանագրային զինծառայողը պետք է վարձակալի բնակելի տարածք ընտանիքի համար:

«Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը եւ չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման (06.12.2018թ.-ի խմբագրությամբ) 1-ին կետի եւ 2-րդ կետի 1)-ին ենթակետի համաձայն`

Սահմանվել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Սահմանվել է, որ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝

1) Երեւան քաղաքում՝ մինչեւ 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ»:

«Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը եւ չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշման (06.12.2018թ.-ի խմբագրությամբ) հավելվածի 7-րդ կետի համաձայն` «Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի դրական եզրակացությունը տալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմում ներկայացրած զինծառայողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված՝ բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը: Հանձնաժողովի դրական եզրակացության եւ նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին համապատասխան մարմնի ղեկավարի հրամանի նախագիծ եւ ներկայացվում համապատասխան մարմնի ղեկավարին՝ հաստատման»:

ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները դիմելով դատարան` հայտնել են, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Մարկոսյանը  2019թ. փետրվարի 26-ին դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածության վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը եւ չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված հավելվածի  հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 2018թ. դեկտեմբերի 26-ի «Կենտրոնական բնակարանային հանձնաժողով ստեղծելու եւ աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1088-Ա հրամանով ստեղծված կենտրոնական բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահին առ այն, որ քրեակատարողական հիմնարկի կողմից ծառայողական բնակելի տարածությամբ ապահովված չէ:

Դիմումում նա հայտնել է նաեւ, որ վարձակալական հիմունքներով բնակվում է Երեւանում, այն չի պատկանում ոչ կնոջը, ոչ իր հարազատներից որեւէ մեկին:

ՔԿՀ պետը տվել էր դրական եզրակացություն, դրամական փոխհատուցում տալու վերաբերյալ:

Պատասխանողն իր 2020թ. ապրիլի 13-ի դիմումով նշել է մի հանգամանք եւս, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված Կադաստրի պետական կոմիտեի չաշխատելու հետեւանքով հնարավորություն չի ունեցել ներկայացնելու տեղեկանքը, փաստաթղթերը: Նա այդ ժամանակահատվաում նոր վարձակալության պայմանագիր է կնքել վարձակալության տրվող բնակարանի սեփականատիրոջ հետ, քանի որ նախկինում թյուրիմացաբար վարձակալության պայմանագիրը Կադաստրի պետական կոմիտեում չի գրանցել: Հենց դրանով պայմանավորված, խնդրել է երկարաձգել պահանջվող տեղեկանքի, փաստաթղթերի ներկայացման ժամկետը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բնակարանային հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողովի որոշման համաձայն հարգելի է համարվել Վ. Մարկոսյանի կողմից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ը տեղեկանքը (փաստաթղթերը) չներկայացնելը եւ 2020թ. մարտ ամսից ժամանակավորապես կասեցվել է պատասխանողին բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումը` մինչեւ վերջինիս կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելը:

Առցանց եղանակով ներկայացվել են փաստաթղթերը, սակայն ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների` Մարկոսյանի հետ վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Քրեակատարողական ծառայությունը դիմել է դատարան:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պահանջել է Վարդան Մարկոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2019 թ. հուլիսից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված 510.000 ՀՀ դրամ եւ 2020 թ. հունվար ամսից մինչեւ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխհատուցված` 170.000 ՀՀ դրամ գումարը, ընդամենը 680.000 ՀՀ դրամ գումարը, որպես բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցված, անհիմն ձեռք բերած կամ խնայած գույք (անհիմն հարստացում): Սակայն ըստ քրեակատարողական հիմնարկի աշխատակցի` առկա չէ անհիմն հարստացման փաստի առկայություն:

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Վարդան Մարկոսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է: Գործը Վճռաբեկ դատարանում է:

Այս գործով երրորդ անձ են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն:

Ըստ դատական գործի` փոխհատուցման ենթակա գումարը` որպես անհիմն հարստացում ենթակա չէ վերադարձման, քանի որ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, հետեւաբար, վարձակալության պայմանագիրը անվավեր է` առոչինչ, իսկ դա վկայում է այն մասին, որ հայցվորը պատասխանողի հանդեպ պարտավորություն չի ունեցել, այսինքն, հայցվորը փոխհատուցման գումարը տրամադրել է ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության եւ հայցվորը գիտեր պարտավորության բացակայության մասին: Ի դեպ, երրոդ անձ ճանաչված նախարարություններն ընդհանրապես չեն ներկայացել դատարան:

Վճռաբեկ դատարանին պետք է հետաքրքրեն ի վերջո հետեւյալ հարցերը.

Արդյոք ՀՀ Կառավարության 22 նոյեմբերի 2018 թ. N 1321-Ն որոշման եւ 10.05.2019 թ. հաստատված «Կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից շահառուներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի մասին» արձանագրության պայմաններում պահանջվող գումարը կարող է համարվել անհիմն հարստացում,  արդյոք փոխանցված գումարը ամբողջությամբ որպես անհիմն հարստացում ենթակա է վերադարձման, թե միայն տվյալ տարվա 2020 թ. համապատասխան ամիսների դիմաց փոխհատուցված գումարն է ենթակա վերադարձման որպես անհիմն հարստացում, արդյոք անհիմն հարստացման փաստի առկայության դեպքում քննության ենթակա են անհիմն հարստացման չվերադարձման դեպքերը, արդյոք պահանջվող գումարի նկատմամբ կիրառելի են չվերադարձվող անհիմն հարստացման պահանջները: Մի բան պարզ է, որ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը բողոք բերող անձին տրվել է իրավական ակտի հիման վրա, հետեւաբար բացակայում է անհիմն հարստացման փաստի առկայությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031