Մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են «նախկինները», ռուսները, 5-րդ շարասյունը, 11 հազար դասալիքները, հիմա արդեն նաեւ… Ջո Բայդենի վարչակազմը: Այդպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի «կշտամբանքը» ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հասցեին: Վարչապետի հակադարձումը դիվանագետին տիպիկ ՔՊ-ական ոճով էր՝ «բա որ դու…»: Լավ է, Օ՛Բրայենի քեռակնոջը չհիշեց:
Այդպիսով, սոցցանցային բանավեճին հատուկ «շշպռելու», «աբառոտկա ֆռալու» ձեւը կիրառվում է միջազգային հարաբերություններում, բարձրագույն մակարդակով: Կարելի է, իհարկե, հիշեցնել, որ «Հայաստանը խոցելի էր» նաեւ Թրամփի առաջին ժամկետի հատվածում, քանի որ հենց այդ ժամանակ էր Ադրբեջանը հարձակվել Արցախի վրա: Բայց դժվար թե տրամաբանական կլիներ դրանում մեղադրել Թրամփի վարչակազմին:
Հիշենք նաեւ, որ 2025 թվականի հունվարի 14-ին՝ Թրամփի երդմնակալությունից 6 օր առաջ, Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը (Օ՛Բրայենի անմիջական ղեկավարը) փաստաթուղթ էին ստորագրել ռազմավարական համագործակցության մասին: Այդպիսի փաստաթղթեր մեկ օրում չեն պատրաստվում՝ դրանք ամիսների համատեղ աշխատանքի արդյունքն են: Եթե Բայդենի վարչակազմը եւ, մասնավորապես, Բլինքենի գերատեսչությունն այդքան վատ էին աշխատում, ինչպե՞ս է պատրաստվել եւ ստորագրվել մի փաստաթուղթ, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունները՝ քարոզիչներով հանդերձ, շաբաթներ շարունակ գլուխ էին գովում:
Էլ չհիշեմ, որ Հայաստանի իշխանությունների քարոզիչները 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ պատմում էին, թե ինչ սարսափելի հետեւանքներ է ունենալու Թրամփի ընտրվելը: Հիմա պարզվում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի միջնորդությամբ «խաղաղություն է հաստատվել»: Ի գիտություն հայտնեմ, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված «լավ, քաղցր եւ բոլոր կողմերից հրաշալի» համաձայնագրի կետերը մշակվել են «վատ աշխատող» Ջեյմս Օ՛Բրայենի գործուն մասնակցությամբ, եւ հիմա նա քննադատում է ոչ թե Հայաստան-Ադրբեջան, այլ Հայաստան – ԱՄՆ փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Բայց հիմնական բանը, որը պետք է հասկանան մեր կառավարիչները, հետեւյալն է. ի տարբերություն Հայաստանի եւ հետխորհրդային պետությունների մեծ մասի՝ ԱՄՆ-ում գոյություն ունի իշխանության փոփոխելիության մեխանիզմ: Վարչակարգերն այդ երկրում կանոնավոր ձեւով փոխվել ու փոխվելու են, մինչդեռ արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով մնալու է նույնը: «Նախորդ» վարչակազմը վաղ թե ուշ դառնալու է «հաջորդը» եւ պետական-ինստիտուցիոնալ հիշողությունը միշտ պահպանվելու է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ