Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացակա, բայց ոչ մոռացված»․ անհետ կորած անձանց ընտանիքների ապրումները 17 լուսանկարում (ֆոտոշարք)

Օգոստոս 31,2025 12:21

Օգոստոսի 30-ին աշխարհում նշվեց հակամարտությունների ժամանակ անհետ կորածների միջազգային օրը։ Հայաստանում 1990-ականների, ինչպես նաեւ 2020-2023 թթ. պատերազմների հետեւանքով անհետ կորածների թիվը շուրջ 1000 հոգի է։

Պայմանագրային զինծառայող Դավիթ Գաբրիելյանի մայրը՝ Ռոզա Հայրապետյանն է հիմա խնամում որդու աճեցրած մանդարինին ծառը։ Որդին կորիզից է աճեցրել՝ ջրում էր, հետեւում։ 2020 թ. հոկտեմբերի 8-ին Սիսիանի ջոկատի հետ գնացել էր Ֆիզուլի, 4 օր հետո այլեւս լուր չունեցան Դավիթից։ Նա երկու դուստր ունի ու երբ մեկնեց առաջնագիծ՝ փոքրը 8 ամսական էր։ «Ինքն ինձ խոստացել է՝ որ գալու է»,- սպասումով ասում է տիկին Ռոզան:

Լուսինե Էմիրյանի ամուսինն ու հորեղբայրը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհետ կորել են  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։ «Մեկ երազանք ունեմ, երազում եմ, որ ամուսինս հայտնվի, Կարմիր խաչը զանգի՝ ասի Լուսինե, ․ մենք գտել ենք ձեր ամուսնուն։ Ու ես վազելով կգամ, ինքը կտեսնի ինձ կկանչի Ղարաբաղ, իսկ ես իրեն կարձագանքեմ Հայաստան, ինչպես միշտ էիք իրար դիմում»,-ասում է Լուսինեն։

Գորիսի դրամատիկական թատրոնի ճեմասրահում «Բացակա, բայց ոչ մոռացված» խորագրով եռօրյա ցուցահանդեսում 17 լուսանկար է ներկայացված։ Ցուցահանդեսը  նախաձեռնել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Նպատակը մեկն է՝ ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես՝ 2020-2023 թթ․ ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած խորը, զգացմունքային պահերը, նրանց անհետ կորած հարազատի ճակատագրի առումով ցավի անորոշությունը։

Լուսանկարները  ուղեկցող պատմություններով են, դրանք  պատմում  են Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում ապրող անհետ կորածների ընտանիքների ապրումների մասին։  Լուսանկարներից մեկում Գիշի գյուղից Բենիկ Ավթանդիլյանն է՝ անհետ կորած պապի բեռնատար ավտոմեքենայի խցում։

«2020-ից հետո պապիկի ու տատիկի կարոտն առնելու, հիշելու ու հուսալու վայրը տունն էր՝ նրանց տունը, որ երբեք դատարկ չի եղել; Ղարաբաղի կորստից հետո կարոտը կրկնապատկվել, սպասումը ավելի է ծանրացել։ Միայն  հուշն այս մեքենան է, ու ես սպասում եմ, որ մի օր գուցե ճանապարհները մեզ միասին կտանեն մեր երջանկության տունը»։ «Զանգել են ասել, որ տատիկն ու պապիկը գալիս են Երեւանից, որ տեղ չեն հասել, հաջորդ օրը հետաքրքրվել ենք, իմացել, որ էդ օրը թուրքերը գերեվարել են։ Տաքսով էին, տաքսու վարորդին էլ էին տարել, բայց հետո նրան բաց են թողել»,պատմում է Բենիկը։ Պապիկի անունն է կրում։ Արցախում պապիկի բեռնատարով էին դաշտից խոտը տուն բերում։ Հիմա էլ բեռնատարը կա, աշխատում է։ Օգոստոսի 30-ին աշխարհում նշվեց   հակամարտությունների ժամանակ անհետ կորածների միջազգային օրը։

ԿԽՄԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում շուրջ 5 հազար մարդ, զինվորականներ ու քաղաքացիական անձինք՝  համարվում են անհետ կորած։  Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու, իրենց տվյալներով  Հայաստանում 1990-ականների, ինչպես նաեւ 2020-2023 թթ. պատերազմների հետեւանքով անհետ կորածների թիվը շուրջ 1000 հոգի է, 700-ը՝ 90-ականների, 300 հոգի՝ 2020-2023թթ․: Սրա մեջ նաեւ Ղարաբաղի ԿԽ գրասենյակի տվյալներն են։

«Անհետ կորածների ընտանիքները ունեն կենսական անհրաժեշտություն իմանալու՝ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների հետ։ Իմանալու իրավունքը ոչ միայն մարդկային արժանապատվության անբաժանելի մասն է, այլեւ ամրագրված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Այն պարտավորացնում է հակամարտող կողմերին գտնել անհետ կորածներին, պարզաբանել նրանց ճակատագրերն ու տրամադրել իրենց ընտանիքներին։ Անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը անհապաղ մարդասիրական կարիք է եւ խաղաղության հաստատման գործընթացի գլխավոր բաղադրիչներից մեկը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Հայաստանում  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ Սեպտեմբերի 3-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է գործունեությունը Բաքվում։ Սա մտահոգություն է առաջացրել անհետ կորածների ընտանիքների մոտ՝ ինչպե՞ս է շարունակվելու նրանց հարազատների որոնումները։ Դաֆնե Մարեն չի կարծում,  թե  իրենց առաքելության հնարավորությունները կսպառվեն։ «Մենք փորձելու  ենք մեր առաքելությամբ մուտք գործել Բաքու, ինչքան մեր կարիքը կա  այս հարցի շուրջ։ Երեւի հետեւում ենք խաղաղության հուշագրի նախաստորագրմանը, ըստ այդ նախագծի՝ անհետ կորածների հետ կապված մշտական աշխատանք եւ համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ»,-ասաց նա։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031