Հուշարձաններն ու հուշահամալիրները զուտ քարե կառույցներ չեն․ դրանք մեր ինքնության, պատմական Հիշողության և մշակութային ժառանգության հենասյուներն են։ Հետևաբար դրանց վերականգնումն ու ամրակայումը պահանջում են հատուկ, գիտականորեն հիմնավորված մոտեցում՝ խստորեն պահպանելով հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային ու ազգային չափանիշները։
Այդ իսկ պատճառով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման և ամրակայման աշխատանքները պետք է իրականացնեն բացառապես վերականգնող ճարտարապետները, հուշարձանների պահպանման և վերականգնման փորձառու մասնագետները, ինչպես նաև այդ բնագավառում մասնագիտացված կազմակերպությունները։
Բավական չէ, որ ոչ մի չափանիշ հաշվի չի առնվել, բառացիորեն ոտնարահարված ու արհամարհական մոտեցում է դրսևորվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի հանդեպ, այլև ժողովրդի ցասումը իբր զսպելու և իրենց արդարացնելու համար սուտ լուր են շրջանառում, թե հուշարձանը իր գոյության ընթացքում երբեք չի նորոգվել։
Հուշարձանը տարբեր ժամանակներ նորոգման ենթարկվել է։
Կարդացեք նաև
Դրա վկայություններից մեկը 2003 թվականին է եղել, երբ «Լինսի» հիմնադրամի միջոցով հիմնանորոգվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը` առանց մի բնօրինակ քար անգամ վնասելու։ Հաջորդ միջամտությունը տասը տարի առաջ էր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառումներին ընդառաջ։ Եվ ոչ մի նորոգման աշխատանք պատճառ չի դարձել, որ մեր ազգային հավաքական Հիշողության հուշարձանը աշխարհին ներկայանա այսպես վիրավոր։ Մենք սա համարում ենք հանցավոր մոտեցում, և այս ընթացքը հարկավոր է կասեցնել։
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն