«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հայտարարություն արեց, ասելով. «Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք ստացել դրանից»:
Ի՞նչ է տվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանին, եւ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս մակարդակի իջեցնում այս հարցը։
-Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նեոբոլշեւիկ է, իսկ նեոբոլշեւիկների համար ամենակարեւորը նյութական օգուտն է։ Հանցագործության դատապարտումն ինքնին արդեն մեծ նվաճում է։ Եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, հարց պիտի առաջանա՝ իսկ ի՞նչ է տալիս, օրինակ, մարդասպանին դատապարտելը, չէ՞ որ սպանվածը չի վերակենդանանում։ Հանցագործության դատապարտումը առաջին հերթին տվեց այն օգուտը, որ հանցագործությունը պիտի ճանաչվի, ընդունվի, բարոյապես դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի։ Եթե դու չես դատապարտում, դու ընդունելի ես դարձնում դրա կրկնությունը։ Պատահական չէ, որ երբ Հիտլերը կոչ էր անում կոտորել հրեաներին, ասում էր՝ ո՞վ է հիշում հիմա հայերի ոչնչացումը։ Այսինքն՝ ցեղասպանության դատապարտումը նաեւ կանխարգելիչ իմաստ ունի իր մեջ։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասում է՝ «եկեք գույքագրենք», իրեն դա է հետաքրքրում, բայց հարց է ծագում՝ իսկ դու ի՞նչ ես արել նյութական օգուտ ստանալու համար։ Եթե քեզ համար նյութականն է կարեւոր, ինչո՞ւ մինչեւ հիմա դու չես դիմել համապատասխան մասնագիտական հանձնաժողով՝ համայնքային, անձնական ու պետական հատուցումները ստանալու համար։ Իսկ դրանք միլիարդներ են կազմում։ Եթե քեզ հետաքրքրում է փողը, կարելի էր այդ թեման առաջ տանել եւ հարյուրավոր միլիարդներ հատուցումներ ստանալ։ Ինքը պարզապես նման հայտարարություններով բարոյազրկում է հարցը, հարված է հասցնում ցեղասպանության հնարավոր ճանաչմանը եւ իրականացնում է թուրքական օրակարգը։ Սա մեկ անգամ եւս վկայում է, որ ինքը սպասարկում է թուրքական շահերը։
-Ավելի վաղ իրենք հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չէ։ Այսինքն՝ այս իշխանության օրոք ցեղասպանության ճանաչման գործընթացը կա՞նգ է առել։
-Առաջնահերթությունների մեջ չլինել նշանակում է, որ այդ հարցն այդուամենայնիվ գոյություն ունի, պարզապես առաջին շարքերում չէ։ Իսկ այն, ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հիմա, ցույց է տալիս, որ ոչ միայն գործընթացը կանգ է առել, այլ սա նշանակում է արդարացնել հանցագործությունը։ Այսինքն՝ եթե դու հանցագործության ճանաչումը, դատապարտումը չես համարում նվաճում, նշանակում է, որ դու խրախուսում ես դրա կրկնությունը։
-Ինքը հայտարարում է, որ պետք է խաղաղության գնալ թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
-Իսկ արդյոք Գերմանիայի, իր հարեւան երկրների եւ Իսրայելի միջեւ խաղաղություն չկա՞, որ ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են, հատուցումներն էլ վճարում են։ Կեղծ երկընտրանք է սա։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանն իր այս հայեցակարգային մոտեցումներով կեղծիքներ է առաջ քաշում, այդ կեղծիքը որպես անվիճելի, անսակարկելի ճշմարտություն է ընկալում ու դրա վրա կառուցում է։ Բնականաբար, կեղծիքի վրա կեղծիք կարող է կառուցվել։ Այդ նույն «պատերազմ եւ խաղաղություն» հակադրության շրջանակներում ներկայացնում են, թե իբր պատերազմ ենք ուզում, եթե խոսում ենք երկրի պաշտպանությունը հզորացնելու մասին կամ պահանջում ենք, որ Հայաստանը ապաշրջափակման շրջանակներում նույնպիսի ճանապարհներ ունենա, ինչպիսիք Ադրբեջանն է ունենում։ Դա լրիվ կեղծ օրակարգ է, դրանով ինքն առաջ է տանում թուրքական շահերը։
-Փաշինյանը պնդում է, որ խոսել է միջազգային գործընկերների հետ ցեղասպանության ճանաչման թեմայով, փորձել է հասկանալ ճանաչելու մոտիվացիան, եւ «դեպքերի մի զգալի մասում այդ մոտիվացիան ընդամենը ընտրություններում 3000, 10.000 կամ 100.000 ձայն ավել ստանալն է»։ Դա այդպե՞ս է, ո՞ր երկիրն է ընտրություններում շատ ձայներ հավաքելու համար ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
-Տարբեր երկրների պատգամավորներ տարբեր մոտիվացիաներով են քվեարկել, բայց մոտիվացիան ինքնին չի ժխտում տվյալ երեւույթի դրական լինելը։ Սակայն ոչ միշտ է այդպես եղել։ Նույն Արգենտինան ու Ուրուգվայը, որ առաջինը սկսեցին գործընթացը, ի՞նչ քվեարկության մասին է խոսքը, մի բուռ ժողովուրդ են այնտեղ։ Ինքն ամեն ինչ ուզում է շահի ու օգուտի տեսանկյունից բացատրել, դրա համար էլ նման դիրքորոշումներ է հայտնում։ Եթե, օրինակ, ես վրեժից դրդված պատժում եմ հանցագործին ու մարդասպանին, արդյոք դրանից պատիժն արժեզրկվո՞ւմ է։ Ցեղասպանությունը կոչվում է հանցագործությունների հանցագործությունը, որովհետեւ այս հանցագործությունն իր մեջ ներառում է նաեւ այլ հանցագործություններ, բազմաշերտ հանցագործություն է։ Եթե դա դատապատում են, վա՞տ է։ Երբ գերմանական դատարանը Սողոմոն Թեհլերյանին արդարացրեց, 1921 թվականին Գերմանիան ի՞նչ շահ ուներ հայերից, որ համարում է՝ Թալեաթին կարելի է սպանել, եւ դա ճիշտ է։ Կամ նույն Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց հայերի ցեղասպանությունը, այնտեղ հայե՞րն են շատ, թե՞ թուրքերը։ Եվրոպական շատ քաղաքներում թուրքերը շատ ավելի են, էլ չեմ ասում մուսուլմանները։ Շատ թուրքեր իրենք էլ են հանդես գալիս ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օգտին։ Եվ ինչո՞ւ են ուզում, որ նույն Թուրքիան էլ ճանաչի, որովհետեւ իրենք հասկանում են, որ այն երկիրը, որը ճանաչում ու դատապարտում է հանցագործությունը, ինքը դառնում է ավելի մաքուր, ավելի ժողովրդավար։ Դրա համար էլ Թուրքիայի ներսում հասկացող թուրքերն ուզում են, որ Թուրքիան էլ ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2025