«Շատ փող կա» եւ «փողի խնդիր չկան»-ն տարբեր արտահայտություններ են։ Փողի խնդիր Հայաստանը չունի, որովհետեւ ֆինանսները լավ են կառավարվում»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հարցը զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հիշեցրել էր, որ առավելագույնը մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հպարտորեն հայտարարեց, որ Հայաստանում փողի խնդիր չկա եւ հարցրեց՝ դուք որպես փոխնախարար, նաեւ «հոմո սափիենս», ընտանիքի մայր, կին ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, որ փողի խնդիր չկա, բայց 45,3 միլիոն եվրո պարտք ենք վերցնում։
Քննարկվում էր Հայաստանի հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Վարկի նպատակն է՝ առողջապահության ոլորտում բարեփոխումների խթանումը։ Վարկի 16 միլիոնն է կապիտալ ծախսերի համար նախատեսված, այն 18 տարվա կտրվածքով է նախատեսվում։
Լենա Նանուշյանը բացատրեց՝ համակարգում փոփոխությունները բարելավվելու, լավարկելու համար են այս քայլն անում։ Նա իր ընտանիքի օրինակով էլ մանրամասնեց․ «Ընտանեկան ամենօրյա հարցերում փողի խնդիր չունենք, բայց հիպոթեքային վարկ ենք վերցրել բնակարան ձեռք բերելու համար»։
Արթուր Խաչատրյանն անդրադարձել էր ԾԻԳ-երի արդյունավետության հարցին, որոնց դեմ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը պայքար էր տանում՝ ասելով, որ դրանք անիմաստ եւ անարդյունավետ կառույցներ են, մինչդեռ Լենա Նանուշյանի բացատրություններից ինքը հասկացել է, որ առողջապահական ԾԻԳ-ը բավական արդյունավետ կառույց է։
Կարդացեք նաև
Ըստ Ծովինար Վարդանյանի, որոշ ԾԻԳ-եր փակվել են եւ կառավարությունը շարունակում է արդյունավետ գործել՝ դրանց բացակայության պայմաններում, իսկ տվյալ ԾԻԳ-ը գործում է, նշանակում է այն արդյունավետ է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ