Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ նշանակություն ու բովանդակություն ունեն Փաշինյանի այս հանդիպումները Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։
Ըստ Բադալյանի՝ սրանք ձեւական հանդիպումներ չեն, այս հանդիպումներից յուրաքանչյուրն ունի իր իմաստը։ «Եվ այս առումով նաեւ ակնկալվում էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը լինելու էր ինտենսիվության դրսեւորման հարթակ։ Մեծ հաշվով մենք գործ ունենք մի նոր աշխարհաքաղաքական բեւեռի կամ աշխարհաքաղաքական բեւեռային մի նոր ձեւաչափի հետ։ Եվ անկասկած է, որ այսօրվա դրությամբ հարցերի ահռելի մասը լուծվում է հենց այդ բազմաբեւեռ ձեւաչափերի սկզբունքով»,- նշում է Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ միայն Վաշինգտոնում համաձայնությունները, մեղմ ասած, դեռ բավարար չեն կովկասյան իրողությունների եւ կովկասյան իրավիճակի զարգացման ինչ-որ հեռանկար ունենալու համար։ «Այդ տեսանկյունից, ես կարծում եմ, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի առիթն ուղղակի վաշինգտոնյան թեման շարունակելու հնարավորություն էր Փաշինյանի համար՝ հասկանալու մյուս առանցքային դերակատարների դիրքորոշումներն ու մոտեցումները։ Բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը, բայց ես կարծում եմ՝ դրանք բավական էական հանգամանքներ են եւ դրանցով են պայմանավորված լինելու նաեւ հետագա զարգացումները, թեկուզ այդ նույն օգոստոսի 8-ի առումով»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Միաժամանակ Հակոբ Բադալյանը նշում է՝ ոչ այնքան կարեւոր է Փաշինյանի հանդիպումների շրջանակը, ինչքան Պուտինի հանդիպումների հանգամանքը Շանհայում։ «Ինչո՞ւ եմ դա ավելի կարեւոր համարում, որովհետեւ իմ խորին համոզմամբ՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործընթացը կամ ակտը Թրամփ-Պուտին երկխոսության մեծ փաթեթի բաղադրիչ էր։ Եվ հիմա այդ իմաստով բնական է, որ Պուտինը իր դիրքորոշումները, պայմանավորվածությունները կամ քննարկումները Թրամփի հետ այս աշխարհաքաղաքական մեծ դիմակայության մեջ էապես քննարկում է նաեւ Ռուսաստանի առանցքային գործընկերների հետ։ Նվազագույնը այնտեղ Չինաստանն ու Հնդկաստանն են։ Զարմանալի թող չհնչի, բայց, իմ կարծիքով, Պուտին-Մոդի-Սի Ծինփին եռյակի շրջանակում տեղի ունեցած քննարկումներն օգոստոսի 8-ի եւ դրանից բխող հետագա զարգացումների կամ դրա հետագա հեռանկարի համար շատ ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան, օրինակ, Փաշինյանի հանդիպումները»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ