Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ երջանիկ չենք, որ գյուղերում դպրոցներ են միավորվում, բայց կան դպրոցներ, որտեղ վերջին զանգը մեկ աշակերտով է»․ Շիրակի մարզպետ

Սեպտեմբեր 01,2025 17:41

Aravot.am-ն այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Շիրակի մարզի գյուղական համայնքների այն 48 դպրոցներին, որոնք ներառվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանով հաստատված ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի ցանկում, միավորվելու են հարևան գյուղերի դպրոցներին։ Դեռ երկու տարի առաջ այս ցանկը հրապարակվելուն պես՝ բողոքի ցույցեր տեղի ունեցան Շիրակի մարզի մի քանի դպրոցներում, օրինակ՝ Գետքում, Մեղրաշատում։

Վերջերս էլ մեկ այլ դժգոհության առիթ էր տվել ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված կառավարության որոշման այն նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է Արեգնադեմի, Գտաշենի, Հողմիկի և Ջրաձորի միջնակարգ դպրոց, պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

 

 

Դավիթ Առուշանյանն ասաց․ «Իրականում Շիրակի մարզում բողոքի ցույցեր չենք ունեցել, խնդիրը բարձրաձայնելու համար դիմել են մարզպետարան, ես ընդունել եմ Հողմիկ գյուղի բնակիչներին, օբյեկտիվ է եղել իրենց բարձրացրած հարցը, արագ լուծում ենք տվել․ կառավարության որոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել։

Մենք Շիրակի մարզում այս տարի ունեինք մեկ դպրոցի՝ Արեգնադեմի դպրոցի միավորման խնդիրը, Հողմիկի հարցը դուրս է եկել այդտեղից, մնացել են երկու գյուղերի դպրոցներ, որոնք միանալու են Արեգնադեմին։

ԿԳՄՍ փոխնախարար տիկին Սվաճյանը և փոխնախարար պարոն Կոստանյանն այստեղ են եղել, մենք գնացել ենք, հանդիպել այդ գյուղի բնակիչների, աշակերտների ծնողների հետ և իրենց առաջարկվել է հետևյալը՝ դպրոցը շարունակելու է գործել, բայց այն ծնողները, որոնք կուզենան իրենց երեխային տեղափոխել Արեգնադեմի նորակառույց դպրոց, այդ ծնողներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի, ճանապարհածախսը կտրամադրվի երեխաներին դպրոց տանել-բերելու համար։

Բացասական այն ֆոնի հետ կապված, որը ներկայացվում է դպրոցների միավորման, ասեմ՝ մենք էլ երջանիկ չենք, որ գյուղերում դպրոցներ են միավորվում, մենք էլ չենք խանդավառված այն մտքի հետ, որ գյուղերում դպրոցներ են փակվում, որտեղ բնակչություն չկա և աշակերտներ չկան, բայց միևնույն ժամանակ դպրոցներ ունենք, որոնք ունեն 13 աշակերտ և 25 աշխատակազմ։ Մենք դպրոցներ ունենք, որտեղ վերջին զանգին մեկ աշակերտ է գնում։

Իմ պատկերացմամբ, իմ տարիներին և վստահ եմ՝ նաև հիմա, աշակերտները պետք է դպրոցում շատ համադասարանցիներ ունենան, լայն ընկերություն ունենան, կռվեն, սիրահարվեն, սիրեն, որ կարողանան կյանքին պատրաստ լինել։

Պատկերացնո՞ւմ եք, մենք գյուղեր ունենք, որոնց դասարաններում մեկ աշակերտ է․ 12 տարի միայնակ դասի գնալուց այդ աշակերտը պատրաստ չէ Գյումրիում կամ Երևանում որևիցե մեծ լսարանում դասապրոցես անելու, որովհետև ինքը սովոր է մենակ լինելու։ Դրա համար այս գործընթացը, էլի եմ ասում, ոչ թե շատ ուրախությամբ, մենք էլ ենք հասկանում, շատ վատ է, որ գյուղերը դատարկվում են, բայց աշակերտին որակյալ կրթություն տալու համար պետք է համապատասխան միջավայր լինի։

Եվ այն դպրոցը, որը զրոյից կառուցել ենք Արեգնադեմում հենց այն միջավայրն է, որին արժանի են մեր երեխաները։

Եվ նորից հորդորում եմ Արեգնադեմին միացող դպրոցների աշակերտների երեխաներին, որ իրենց երեխաներին տանեն Արեգնադեմի դպրոց, հեռավորությունը 3-4 կիլոմետր է, մեծ քաղաքներում մարդիկ 10 կիլոմետր գնում են, որ իրենց երեխաներին դպրոց տանեն։

Արեգնադեմի դպրոցի սպորտ դահլիճը, լաբորատորիաները, ընդհանուր համակարգչային ապահովվածությունն այն միջավայրն են ստեղծել, որին արժանի են մեր երեխաները»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930