Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոց։
Հանրապետության նախագահը մասնակցել է դպրոցի բացման արարողությանը, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:
«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»։
Վահագն Խաչատուրյանը կարևորել է կրթության դերը ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության ազատ ու ինքնավստահ քաղաքացի ձևավորելու գործում: «Իմ հորդորն ու խնդրանքն է՝ մեր երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան ազատությունը, կգնահատեն այն և նվիրված կլինեն մեր պետությանը։ Մեր նպատակն է, որ նրանք կառուցեն այնպիսի Հայաստան, որի հարատևության ու հզորության հարցում որևէ մեկը կասկած չունենա»։
Կարդացեք նաև
Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը, և մաղթել է բոլորին նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
ՀՀ նախագահի աշխատակազմ