Խորագիր՝ Իրավագիտակից քաղաքացի
«Իրավագիտակից քաղաքացի» խորագրի ներքո սովորաբար ներկայացրել ենք իրավաբանական բնույթի հարցեր եւ դրանց պատասխանները: Այս անգամ անդրադառնալու ենք Հայոց պետականության կարեւորագույն իրադարձություններից մեկին՝ «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրին:
Սեպտեմբերի 2-ին լրանում է «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի ընդունման 34-ամյակը, մի կարեւոր պետականաստեղծ փաստաթղթի, որն իրավական հիմք է հանդիսացել հայկական երկրորդ հանրապետության ստեղծման համար եւ իր մեջ ներառում է յուրաքանչյուր արցախցու իդեալները, ազատ եւ անկախ ապրելու բնական իրավունքը եւ համամարդկային մի շարք արժեքներ:
Կարդացեք նաև
Իրավական այս փաստաթղթին ժամանակի ընթացքում անդրադարձել են տարբեր ասպեկտներից, սակայն տարիների բարձունքից այն վերստին արժեւորելու եւ վերաիմաստավորելու անհրաժեշտություն ունի, առավել եւս այս օրերին, երբ Արցախն ապօրինաբար բռնազավթված է, իսկ պետության հռչակման առնչությամբ որոշ «փորձագետներ» արտահայտում են հակահայկական ու «հանճարեղ մտքեր»:
Բազում ժողովուրդների զարգացման շրջադարձային ժամանակահատվածներին բնութագրական է հռչակագրերի ընդունումը, որոնք հիմնավորում են ժողովրդի կողմից կատարվող բախտորոշ քայլի անհրաժեշտությունը եւ ուղիներ են նշում հետագա զարգացման համար:
Սահմանադրական զարգացումների միջազգային փորձի համեմատական վերլուծությունը վկայում է, որ սահմանադրական անկախ պետությունների ծնունդը նախ հռչակվում է այն նպատակների, ցանկությունների, արժեքների համակարգային ամբողջականության մեջ, որոնք պետականության կայացման անկյունաքարը պետք է հանդիսանան, այնուհետեւ դրան հետեւում է պետության քաղաքական կայացումը: Նախքան «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի ընդունումը կատարվել են նախապատրաստական որոշակի աշխատանքներ, որոնք նպաստավոր հիմք են հանդիսացել Հռչակագրի ընդունման համար. խոսքը ստեղծված հանձնաժողովի մասին է, որը հանձն է առել մշակել եւ ժողպատգամավորների քվեարկության դատին ներկայացնել իրավական այդպիսի փաստաթուղթ:
Պատմությունից մեզ քաջ հայտնի է, որ դեռեւս 488թ. Վաչագան Բարեպաշտ թագավորի կողմից հրավիրվել է սահմանադիր ժողով եւ ընդունվել հայ իրականության մեջ առաջին սահմանադրությունը՝ Կանոնական սահմանադրությունը: Սա վկայում է այն մասին, որ Արցախի ժողովրդին յուրահատուկ է համազգային եւ համընդհանուր հարցերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով` սահմանադիր ժողովների գումարման միջոցով, որը փոխանցվել է սերնդեսերունդ եւ ամենեւին էլ պատահականության բերումով չէ, որ հազարամյակներ անց այդ նույն տարածքի մի մասի վրա ապրող արցախցին պետություն է հռչակում, որի հիմքը հանդիսացող Հռչակագիրը մշակում է հատուկ հանձնաժողովը, եւ ընդունվում ժողովրդի ընտրյալների կողմից: Եվ այս երկու պատմական իրադարձությունների միջեւ անպայմանորեն պետք է նկատել նմանությունն ու ինչ-որ տեղ նաեւ շարունակականությունը:
Եվ այս տրամաբանությամբ էլ, անցյալում ունենալով պետականության բավարար փորձ եւ անցնելով տարբեր փուլերով, 1991թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված համատեղ նստաշրջանն ընդունեց որոշում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման եւ նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին», որի 1-ին կետում նշված էր. «Ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում»:
Ի դեպ, նոր պետության ստեղծման ու կայացման այս ընթացակարգն ընդունված էր հետխորհրդային շատ երկրներում: Հռչակագիրը խնդիր էր դնում ստեղծել զարգացած շատ երկրներին ներհատուկ ժողովրդավարական, իրավական հասարակարգ: Ուշագրավն այն է, որ հարցի կարեւորությունը հաշվի առնելով՝ նստաշրջանը հրավիրվեց ոչ միայն մարզային, այլեւ Շահումյանի շրջանային խորհրդի ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ, բայց միաժամանակ առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ հրավիրված էին նաեւ բոլոր մակարդակների ժողովրդական պատգամավորների խորհուրդների ներկայացուցիչները, այսինքն՝ ընդհուպ գյուղական խորհուրդներից այն պատգամավորները, որոնք քաղաքական հասունությամբ պատրաստ էին իրենց ձայնը միացնելու այդ կարեւոր որոշմանը: Հանրապետության հռչակումն իրավաբանորեն ձեւակերպվեց որպես միութենական սահմանադրական իրավունքի վերապահած հնարավորությունների իրացում եւ դրա հետ միաժամանակ որպես միջանկյալ որոշում, քանի որ վերջնական որոշումը պետք է տար հանրաքվեն:
Հռչակագիրն իրենից իրավական արժեք է ներկայացնում նրա առանձին դրույթները համակարգային միասնության մեջ տեսնելու միջոցով, որոնք, փոխլրացնելով մեկը մյուսին, ստեղծում են կուռ համակարգ, որոնք թե՛ պատմական, թե՛ իրավական տեսանկյունից լիովին համապատասխանում են Արցախի տարածքում ապրող հայերի անցած ուղուն, ավանդույթներին եւ այլ արժեքներին:
«ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագիրն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից մեկն էլ այն է, որ նախքան դրա ընդունումն արցախահայության համահավաք կամքն արտահայտվել է անցկացված հանրաքվեներում եւ դրա արդյունքում ընդունված իրավական ակտերում, որոնք հիմք են հանդիսացել ժողպատգամավորների կողմից Հռչակագրի ընդունման համար, այսինքն Հռչակագիրն ընդհանուր հաշվով ընդունել է ժողովուրդը` ձայնի վերջնական իրավունքը վերապահելով ժողպատգամավորներին, ինչն էլ հիշյալ փաստաթուղթը դարձնում է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող: Այս տրամաբանությամբ է շարադրված Հռչակագրի 1-ին կետը, ըստ որի` «արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը»:
Առանձնակի ուշադրության է արժանի Հռչակագրի 1-ին կետի 2-րդ մասում թվարկված այն իրավական արժեքները, որոնց ձգտում է Արցախի ժողովուրդը, իսկ դրանք ազատությունը, անկախությունը, իրավահավասարությունը, նաեւ բարիդրացիությունն են: Իրավական այս արժեքները համարվում են համընդհանուր եւ իրենց ամրագրումն են ստացել մի շարք միջազգային հանրաճանաչ փաստաթղթերում, մասնավորապես ԱՄՆ-ի անկախության հռչակագրում (1776թ.), 1789թ. Մարդու եւ քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում, 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (նախաբան, կետ 1, հոդված 1, 2, 3, 7, 16), քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (նախաբան, կետ 1, հոդված 3, 9, 14, 23, 26) եւ այլն: Այժմ անդրադարձ կկատարենք դրանցից մի քանիսին:
Հռչակագրի 2-րդ կետում նշվում է. «արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920 թթ. պետական անկախության վերականգնման» հռչակումը»: Ամենեւին էլ պատահական չէ, որ պետության համար հույժ կարեւորություն ներկայացնող այս Հռչակագրում է տեղ գտել նմանաբնույթ փաստի արձանագրումը:
ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացն Ադրբեջանն իրագործեց Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի եւ 1991թ. հոկտեմբերի 18-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի ընդունման միջոցով: Նշված սահմանադրական նորմերը հռչակեցին Ադրբեջանին 1918-1920թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության պետաիրավական կարգավիճակի եւ, հետեւաբար, 1918-1920թթ. սահմանների «վերադարձումը», երբ Լեռնային Ղարաբաղը (ինչպես եւ Նախիջեւանը) չէին բռնակցվել Ադրբեջանին: Տվյալ փաստաթղթերն ընդունվել են առանց հանրաքվեի անցկացման, այսինքն` առանց հաշվի առնելու ինչպես հանրապետության բնակչության, այնպես էլ ինքնավար կազմավորումների եւ համահավաք ապրող ազգային խմբերի կարծիքները, ինչը համարվում է ընդունված համաշխարհային պրակտիկա: Դրանից բացի, կասկածի տակ է նաեւ ԱդրԽՍՀ-ի Գերագույն խորհրդի կողմից ընդունված հռչակագրի եւ սահմանադրական ակտի օրինականությունը, քանի որ ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է ԱդրԽՍՀ-ի իրավահաջորդությունից, հետեւաբար դրա գոյության ընթացքում պետական մարմնի ընդունած փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ:
Հռչակագրի 4-րդ կետում ձեւակերպվել է այն դրույթը, որով հղում է կատարվում 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի վրա: Հռչակագրի այդ կետում մասնավորապես ասվում է. «հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության եւ օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին եւ համահավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը»: Այս դրույթը կարելի է համարել Հռչակագրի կորիզն այն իմաստով, որ հենց սա է իրավական հիմք հանդիսացել իրացնելու ինքնորոշման իրավունքը եւ ստեղծել նոր պետություն` այս համատեքստում հիմնվելով նաեւ ԽՍՀՄ Սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերի վրա:
Իսկ Հռչակագրի 8-րդ կետում հայտնվում է հավատարմություն միջազգային բնույթի փաստաթղթերի նկատմամբ եւ պատրաստակամություն հետեւելու դրանց դրույթներին, ի մասնավորի` «հարգելով եւ հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
Նորանկախ ԼՂՀ-ի ազգային իրավական փաստաթղթերի մեջ «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագիրը եղավ առաջինը, որը հղում կատարեց 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ 1966թ. ընդունված երկու Դաշնագրերի վրա: Այդ կապակցությամբ 1992թ. նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել միանալու «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին», «Մարդու իրավունքների համընդհանուր» հռչակագրերին, ինչպես նաեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին ու կից ֆակուլտատիվ արձանագրությանը: Այդ որոշման տեքստը ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին:
Հռչակագրի եզրափակիչ մասում իր ամրագումն է գտել մի ուշագրավ միտք, ըստ որի` «մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների ընդունումը ԼՂՀ-ի տարածքում գործում են ԽՍՀՄ-ի Սահմանադրությունը եւ օրենսդրությունը, ինչպես նաեւ ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին եւ Հանրապետության առանձնահատկություններին»:
Ի կատարումն Հռչակագրի եզրափակիչ մասի այս դրույթի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմը 1991թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցած 17-րդ նիստի ժամանակ ընդունեց թիվ 4/146 որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի` ԼՂՀ Սահմանադրության մշակման Հանձնաժողովի կազմավորման մասին», որի 1-ին կետով ստեղծվել էր 15 հոգուց բաղկացած հանձնաժողով, իսկ 2-րդ կետով Հանձնաժողովին հանձնարարվել էր 1-ամսյա ժամկետում ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի քննարկմանը ներկայացնել ԼՂՀ Հիմնական օրենքի նախագիծը: Հատկանշականն այն է, որ դեռեւս 1991թ. խոսվում էր ԼՂՀ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչին, սակայն, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, ընթացք չտրվեց եւ վերջապես ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Եվ հիմնվելով վերոհիշյալ կետերի վրա, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ` ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ներկայիս ԼՂԻՄ-ի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդիսացել է նախկին ԽՍՀՄ նախկին ինքնավարություններից միակը (իսկ Շահումյանի շրջանը` համահավաք ապրող ազգային փոքրամասնությունների միակ տարածքը), որտեղ դեռեւս մինչեւ ԽՍՀՄ իրավական գոյության դադարումը կատարվել են միութենական հանրապետության դուրս գալու եւ ինքնավար հանրապետությունների կողմից իրենց պետաիրավական կարգավիճակը որոշելու հետ կապված պահանջվող իրավական գործողությունները:
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագիրը հիմք է հանդիսացել, որպեսզի 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվի անկախության հանրաքվե, որից հետո ձեւավորվել են պետական ինստիտուտները: Այդ 2 պատմական իրադարձությունները եւ դրան հավելած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմինը` Գերագույն Խորհուրդը, 1992թ. հունվարի 6-ին ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիր, որի մեջ կարելի է գտնել կառուցվելիք այն հասարակարգի մոդելը, որը ծրագրել էին ԼՂՀ ԳԽ պատգամավորները: Այդ ամենը հիմք է հանդիսացել այնպիսի հիմնարար իրավական ակտերի ստեղծմանը, որոնք անկյունաքարային նշանակություն են ունեցել ԼՂՀ ազգային օրենսդրության ձեւավորման համար:
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր,
փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ