«Պետք է յուրաքանչյուրիս սրտում մնա Արցախի մասին հիշողությունն այնքան առարկայական, որ վերադարձն անխուսափելի լինի նաև մեր սերնդակիցների համար։ Ինձ համար անտանելի է այն միտքը, որ ավագ սերունդը մեզ կարողացել էր 30 տարիների ընթացքում 42 հազար քառակուսի կիլոմետր ավելի երկու հայկական պետություն ժառանգել, ու մի դավաճանի պատճառով ոչ միայն չկա երկու հայկական հանրապետություն, այլև ՀՀ-ն վտանգված է, չունի սուբյեկտայնություն, անվտանգություն և ներքին կայունություն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա այս իշխանությունը շարժվում է Հայաստան չի լինի, Արցախ չի լինի, բայց ինքը կլինի բանաձևով․ «Ալիևի, Էրդողանի, Նիկոլի և Էրատոյի ժպտերես նկարները տեսնելիս առաջին միտքը, որ առաջանում է ինձ մոտ, այն է, որ իրենց խանգարում էին հայերը, արցախահայերը, հիմա կարծես այդ խոչընդոտների մեծ մասը վերացրել են, և կարողանում են լիաթոք ծիծաղել պատերազմական հանցագործ Ալիևի և Էրդողանի հետ։ Հայ ժողովրդի իղձերի, գոյության թիվ մեկ արգելքը, արհեստականորեն, որ բերել, դրել են մեր երկրի կենտրոնում, դավաճան Նիկոլն է։ Նիկոլի հետ չքվելու են տասնյակ հազարավոր մարտահրավերներ, որոնք ինքն է բերել մեր երկիր»։
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթացին չմիացած «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց, Աննա Մկրտչյանն արձագանքեց․ «Տեղեկություն չունեմ Աննա Վարդապետյանի պաշտոնանկության հետ կապված գործընթաց սկսել են, թե՝ ոչ։ Այն հանգամանքը, որ Նիկոլից բացի էլի մարդիկ կամ մարդկանց խումբ պետք է դեմ լինի Նիկոլին հեռացնելուն, ինձ համար անընդունելի է»։
Կարդացեք նաև
9-րդ դասարանի խնդրահարույց «Հայաստանի պատմություն» դասագրքի մասին էլ ասաց․ «Նիկոլի գրած պատմության դասագիրքը չքվելու է այն պահին, երբ կչքվի Նիկոլը, տասնյակ քաղբանտարկյալներ լինելու են ազատության մեջ հենց այն պահին, երբ Նիկոլը չլինի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ