Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ապացուցողական անհրաժեշտ բազայի ստեղծումը

Սեպտեմբեր 02,2025 12:16

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։

Վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է 83 քրեական վարույթ։

Բացահայտված հանցանքների թվում կան փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու, ընդերքօգտագործման կանոնների խախտման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու և այլ դեպքեր։

Ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ։ Միայն մեկ բացահայտմամբ՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 9 հարյուր միլիոն դրամ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե վերականգնվել է շուրջ 54 միլիոն դրամ։

Արփինե Սարգսյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, վերստին փոխանցել է իր սկզբունքային մոտեցումները՝ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դրսևորել ծայրահեղ անհանդուրժողականություն։

ՆԳ նախարարը հանձնարարել է առավել ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները ֆիզիկական ու իրավաբանական անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության վերաբերյալ նոր փաստական տվյալներ ձեռք բերելու, ինչպես նաև պետությանն ու համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։

Այս համատեքստում նախարար Սարգսյանը կարևորել է գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ապացուցողական անհրաժեշտ բազայի ստեղծումը։

ՆԳ նախարարը վարչության անձնակազմին հանձնարարել է սերտ համագործակցել Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ կարևորելով օպերատիվ տեղեկությունների փոխանակումը, դրանց համատեղ մշակումը, վերլուծությունները, ինչպես նաև պարբերաբար տրամադրել մասնագիտական-մեթոդական աջակցություն։

Քննարկման առարկա են դարձել նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված մի շարք հարցեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930