Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը․ բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Ս
ա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները։ Նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են։
Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ։ Բաքուն հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Արցախում՝ այն վերածելով պատմական կեղծիքի և մշակութային դատարկության տարածքի։ Սա ոչ միայն հայկական ժառանգության, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություն է»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը խորհրդանշական է Ադրբեջանի համար, քանի որ սեպտեմբերի 2-ը նախկինում նշվել է որպես անջատողական կառույցի հռչակման տարեդարձ»:
Կարդացեք նաև
Նշվում է, որ այդ շենքում հանդիպումներ են անցկացվել արտասահմանյան հայամետ քաղաքական գործիչների հետ, և թե «ապօրինի տրվել են մուտքի վիզաներ և ոչ լեգիտիմ լրագրողական հավատարմագրեր են տրամադրվել օտարերկրյա լրատվամիջոցների»։
«Շենքում հնչել են սադրիչ հայտարարություններ Դավիթ Բաբայանի և այլոց կողմից, որոնք այժմ քննության տակ են Բաքվում։ Մասնավորապես, Բաբայանն ասել է, որ Ադրբեջանի դրոշը Ղարաբաղում կարող է հայտնվել միայն դեսպանություն բացվելու դեպքում:
Ապամոնտաժումը հենց սեպտեմբերի 2-ին մեկնարկելը ոչ միայն քաղաքական, այլև սիմվոլիկ նշանակություն ունի», – գրում է Media.az-ը։
ԱԳՆ շենքի տեղում ադրբեջանցիները մտադիր են ճարտարապետության և քաղաքաշինական վարչության շենք կառուցել։