Ստեփանավանում մեկնարկած, երկու օրերին մոտ 5000 հանդիսատեսով կայացած «Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը կունենա շարունակություն մեկ տարվա կտրվածքով, ոչ միայն ներկայացումների ձևաչափով
Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, Երևանի օպերային թատրոնն առաջին անգամ իր և 93-րդ թատերաշրջանը, և «Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնի մեկնարկը ազդարարեց օգոստոսի 28-29-ին «Դիմակահանդես» և «Անուշ» ներկայացումներով, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում:
Կարդացեք նաև
Ստացվեց այնպես, որ 1000 հանդիսատեսի համար նախատեսված տարածքը բավարար չէր, և շատ-շատերը ստիպված էին ներկայացումները դիտել հոտնկայս:
Մեր դիտարկմամբ՝ երկու օրերին ներկա էին մոտ 5000 բալետային և օպերային արվեստի սիրահարներ ոչ միայն ստեփանավանցիներ, այլև հարևան շիջաններից: Ի դեպ, հանդիսատեսի շարքերում էին նաև կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ:
Ինչպես մեզ հետ հարցազրույցում նշել էր Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանը «Մարզերում մշակութային նման ծրագրերն ունեն բացառիկ նշանակություն՝ հոգևոր վերածննդի, ազգային ինքնության ամրապնդման և համայնքային համախմբման տեսանկյունից: Սա պատրանք չէ: Սա իրականություն է, որը մեր աչքի առաջ դառնում է պատմություն»: Իսկ աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ Գայանե Ղալաչյանն էլ նախապես հավաստիացրել էր, թե հազարավոր մարդիկ անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ են սպասում ակնդրելու և ունկնդրելու մեր մշակութային գլուխգործոցները:
Դեռ շարունակվում են մարզաբնակների՝ իրենց ֆեյսբուքյան էջերում հիացական տպավորություններով գրառումները, լուսանկարներով կիսվում են նաև ճանաչված արվեստագետներ, պատգամավորներ: Մեզ էլ քանիցս դիմել են ու շարունակում են հետաքրքրվել արվեստասերները՝ փառատոնային առաջիկա ներկայացումների ժամանակացույցով ու ծրագրերով:
Վերջինիս մասով օպերային թատրոնից մեզ ընդամենը հայտնեցին, որ «Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը տասը նախագծերով կշարունակվի մինչև ընթացիկ թատերաշրջանի ավարտը: Ընդ որում կցուցադրվեն ոչ միայն ներկայացումներ, այլև համերգներ՝ ճանաչված ու համբավավոր արտիստների մասնակցությամբ:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներն ու տեսանյութերը մեզ տրամադրել է օպերային թատրոնի PR բաժինը