Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այս պահին ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ այն արագացված է և հասել է եզրափակիչ փուլի։
Դատարանի դահլիճում նստածները, ինչպես միշտ, Միքայել Սրբազանին դիմավորեցին ծափահարություններով, հոտնկայս աղոթք հնչեցրեցին։
Պաշտպան Արա Զոհրաբյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնեց՝ ներկայացնելով փաստացի հիմքերը։ Դրանք վերաբերում էին իրեն դատական նիստերի մասին ոչ պատշաճ տեղեկացնելուն։
Պաշտպանը նշեց, որ մի քանի դատական նիստեր են տեղի ունեցել, որից միայն օգոստոսի 15-ի նիստի վերաբերյալ է պատշաճ ծանուցված եղել։ Իսկ օգոստոսի 18, 19 նիստերի վերաբերյալ ոչ միայն ընդհանրապես ծանուցագիր չի ստացել, անգամ «Դատալեքս» համակարգում տեղեկություններ չեն եղել նիստերի մասին։ Նմանապես ո՛չ ծանուցում, ո՛չ էլ տեղեկություններ են եղել օգոստոսի 21 և 25-ի նիստերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ըստ Արա Զոհրաբյանի, օգոստոսի 28-ի նիստի մասին էլ դատավորի օգնականը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է ուղարկել նիստից մեկ օր առաջ, ընդ որում՝ ծանուցագրում չեն նշվել անհարգելի պատճառով չներկայանալու հանգամանքները, որոնք պարտադիր պայման են ծանուցագրի համար։
Դատավորը, ըստ փաստաբանի, խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 49, 149, 150 և 151 հոդվածի պահանջները՝ դրանով իսկ զրկելով պաշտպանին դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ տեղեկություն ստանալու իրավունքից։
Պաշտպանը հայտարարեց, որ ողջամիտ կասկածներ ունի դատավորի անաչառության մասին։
Ըստ նրա, Դատական օրենսգրքի 70 հոդված 2-րդ մասով 3-րդ և 14-րդ կետերի համաձայն ի պաշտոնե գործելիս ՝ դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր։ Նույն օրենսգրքի 71 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել նրա անկողմնակալության շուրջ։
Պաշտպանը մեջբերել էր նաև օրենսգրքի այն հոդվածը, որը վերաբերում էր դատական իշխանությունը վարկաբեկելուց զերծ մնալու պարտականությանը։
Նա նշեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատական նորմերի խախտումներ է թույլ տվել, պաշտպանին զրկել է պատշաճ ծանուցում ստանալու իրավունքից, իսկ սա ողջամիտ կասկած է հարուցում այն մասին, որ դատավորը շտապում է այս գործով մեղադրական վերդիկտ կայացնել։
«Դատավորը բացահայտ անտեսում է պաշտպանի իրավունքները և իր դատավարական պարտականությունները։ Եթե դատավորը պատշաճ ծանուցում ապահովեր, ապա այս ինտենսիվությամբ չէր հասնի արդեն կանխորոշված վերդիկտի փուլին։
Բնական հարց է ծագում․ ի՞նչն է ստիպում դատավորին նման խախտումներ կատարել, չէ՞ որ կարելի է ծանուցումները նորմալ ապահովել և շարժվել առաջ։ Տարիներ առաջ, այն ժամանակ բարձրաստիճան ոստիկան Արմեն Մելիքսեթյանը հրապարակային ասել էր՝ ես իմ ուսանողներին միշտ հորդորում եմ առաջին հերթին եղեք լավ մարդ, հետո լավ ոստիկան, քանզի մեկն առանց մյուսի չի լինում։ Կապ չունի՝ դու ոստիկան ես, բժիշկ, դու պիտի լավ մարդ լինես։
Իսկ այսօր դատավոր Մելիքսեթյանն իր վարքագծով վարկաբեկում է դատական իշխանությունը և անկողմնակալ դիտորդների մի ամբողջ հանրության մոտ վերացնում է արդարադատության նկատմամբ հույսը և հավատը», -ասաց պաշտպանը։
Դատախազն առարկեց միջնորդության բավարարմանը։ Դատարանը ևս մեջբերված փաստարկները համարեց ոչ բավարար՝ նրա միջնորդությունը մերժելով։
Պաշտպան Զոհրաբյանը նաև միջնորդեց ապացույցների հետազոտությունը վերսկսել, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ մեղադրյալն ունի 5 պաշտպաններ, որոնցից 4-ը դատական նիստերին միշտ մասնակցել են, Զոհրաբյանին ևս չէին զրկել նիստերին մասնակցելու իրավունքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ