Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին» շարժումը պահանջում է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինող կառույց

Սեպտեմբեր 02,2025 19:20

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեխանիզմ էր, որը հանձնարարություն էր ստացել՝ Արցախի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հարցի հասցեատերը շարունակում է մնալ ԵԱՀԿ-ն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ-ին են ուղղել չորս հազարից ավել ստորագրություններ՝ պահանջելով ապահովել մոտ 150 հազար արցախահայերի անվտանգ եւ ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Ստորագրահավաքը շարունակելու են, նույն պահանջը շարժման անդամները ներկայացնելու են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատություններին։ Ստորագրահավաքն արվել է ՀՀ տարբեր մարզերում բնակվող արցախցիների շրջանում։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն որոշում է կայացրել՝ փակել Մինսկի խումբը եւ դրա հետ փոխկապակցված կառույցները։ Գործընթացը՝ օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի դիմումի հիման վրա է ընթանում։

Ըստ բանախոսի, եթե ՀՀ գործող իշխանությունը հրաժարվում է այդ հարցին որեւէ կերպ հետամուտ լինել, ապա բնականորեն, արցախահայությունն է դառնում իր ճակատագրի պահանջատերը։

«Որեւէ համեմատություն այսօրվա եւ 1993-94 թվականների իրադարձությունների հետ՝ անթույլատրելի է, քանի որ այն ժամանակ իրադարձությունները զարգացան Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում»,- ասաց Արամ Սարգսյանը՝ պնդելով, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը նաեւ Ադրբեջանի դեմ պատժիչ գործողություններ պետք է իրականացնեն՝ արցախահայերի ՝ իրենց հողի վրա անվտանգ եւ ապահով ապրելու իրավունքը իրացնելու համար։

Արամ Սարգսյանը կրկին դիմեց ներհայաստանյան եւ Սփյուռքի քաղաքական եւ հասարակական կառույցներին՝ միավորվել՝ Արցախի հիմնահարցի կարգավորման, արցախահայերի ճակատագրի հարցի շուրջ եւ հետամուտ լինել խնդրին։

ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ մանրամասնեց՝ նախաձեռնությունն ու ստորագրահավաքը մոտ մեկ ամիս առաջ են սկսել՝ այսօրվան՝ Արցախի անկախության օրվան ընդառաջ, բայց երեկ հնչեց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին գույժը։

Բոլոր նրանց, ովքեր այսօր հուսալքված են եւ չեն կարծում, որ Արցախի հարցը կրկին կարելի է օրակարգ բերել, Նարինե Դիլբարյանը հիշեցնում է, որ արցախյան առաջին պատերազմից հետո, երբ հայկական կողմը պատշաճ չխոսեց անգամ իր բռնի տեղահանվածների եւ փախստականների խնդիրների մասին, ադրբեջանական կողմը ֆորմալ առումով պահպանեց վարչական միավորների ղեկավարների պաշտոնները, այդ պաշտոններում նշանակումներ էին արվում եւ որեւէ միջազգային համաժողով չէր անցնում առանց Ադրբեջանի՝ իբրեւ բռնազավթված եւ իբրեւ էթնիկ զտումների ենթարկված տարածքների ներկայացուցիչների ցուցադրությունների։ Այդ մարդիկ ցուցադրվում են նաեւ այսօր՝ Բաքվում ընթացող հայ ռազմագերիների շինծու մեղադրանքներով ապօրինի դատավարություններում։ Այս իմաստով, Նարինե Դիլբարյանը հայտարարում է՝ այո, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարված լինել նաեւ այն պատճառով, որ ըստ էության ձախողել է, քանի որ նաեւ այդ կառույցի անգործության պայմաններում եղավ Արցախի մեկտարյա շրջափակումը եւ էթնիկ զտումը, այդ կառույցը լռելյայն համաձայնեց ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ, բայց միջազգային իրավունքին հղումները եւ դիվանագիտական գործունեության քայլերը, մեզ մոտեցնում են ավելի արդյունավետ պայքարի։

«Միասին» շարժումը 150 հազար արցախահայերի եւ հայաստանցիների անունից պահանջում է՝ ստեղծել նոր կառույց, որը կզբաղվի արցախահայերի անվտանգ եւ ապահով վերադարձի, գերիների վերադարձի եւ բռնի անհետացածների ճակատագրերի պարզմամբ, բնիկ հայկական տարածքներում կապահովի ինքնորոշման իրավունքի խաղաղ վերականգնումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930